Ինչ գործուն քայլեր ենք անում, որ Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության հասցեական գնահատականները դառնան գործողություններ: Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հարցազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Պետք է ճշտել, թե գործողություն ասելով՝ ինչ նկատի ունենք: Եթե նկատի ունենք անվտանգությունը, իմ համոզմունքը շարունակում է մնալ նույնը, որ երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը: Քանի դեռ չունենք համապարփակ խաղաղություն, համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել: Հետեւաբար, մեր բոլոր ջանքերը, նույնիսկ ամենասուր իրավիճակներում, ուղղված են խաղաղությանը: Եթե կարծում ենք, որ մեր սահմանների անձեռնմխելիությունը պետք է պաշտպանվի, այդ թվում՝ նաեւ մեր բանակի ջանքերով ու դիվանագիտական միջոցներով, այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է: Հաջորդ գործիքը հետեւյալն է, որ փորձում ենք այնպես անել, որ մեր դիրքորոշումները հստակ լինեն միջազգային հանրության համար ու իրավիճակի մասին միջազգային հանրությունը օբյեկտիվ տեղեկատվություն ստանա: Ինչ նկատի ունեք գործողություն ասելով» :
Լրագրողի դիտարկմանը՝ օրինակ զենքի վաճառք, ինչպես ՄԱԿ-ում առաջարկել էիք մշտադիտարկում սահմանին, Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ, վարչապետը շարունակեց. «Դրանք տարբերվող հարցեր են, մենք ՀՀ անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք» :
Լրագրողը հստակեցրեց, որ 2020-ից հետո, երբ վարչապետը խոսում էր մշտադիտարկման մեխանիզմների մասին, խոսում էր կամ ՌԴ առաքելության կամ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների առաքելության մասին, սակայն վերջերս ՄԱԿ-ում խոսեց միջազգային դիտորդների անհրաժեշտության մասին, որն է այս դիրքորոշման փոփոխության պատճառը եւ Ֆրանսիայից եկող առաքելությունը արդյոք իր այս հայտարարության պատասխա՞նն է, ինչ կազմ ենք ակնկալում ու վերջնանպատակը որն է: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Մի քանի բան շփոթում ենք: Այն առաքելության մասին, որ Ֆրանսիան հայտարարել է, խոսքը պաշտպանության նախարարության կողմից ուղարկվող առաքելության մասին է, որը տեղում պետք գնահատի անվտանգային իրավիճակը: Հետագա վերլուծության եւ գնահատման համար: Երբ խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին, նկատի ունենք կամ երկարաժամկետ կամ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմը, որի կարեւորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն համապատասխան գործողություններ: Երբեք Ադրբեջանը չի ասում, որ ես խախտեցի զինադադարը, միշտ փորձում են ներկայացնել, որ ինչ-որ սադրանք է եղել: Դիրքորոշումների փոփոխություն չի եղել, ձեր նշած բոլոր առաքելություններն էլ միջազգային առաքելություններ են, միջազգային վերնագրի ներքո նկատի ունենք հենց միջազգային: Մենք ոչ մեկի առջեւ դուռը չենք փակում, բայց կան նաեւ միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ ԱԽ-ը, որոնք կարող են նման դերակատարում ունենալ» :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ