Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել Հովհաննիսյանների ընտանիքի 7-րդ երեխան: Փոքրիկը ընտանիքի 4-րդ տղան է: Ծնվել է 2 կգ 850 գրամ քաշով: Ընտանիքում 7-րդ երեխա ունենալու նպատակ չեն ունեցել, սակայն Աստված այդպես է կամեցել. «Քանի որ տղա էլ ունեինք, աղջիկ էլ, պլանավորված չէր: Բայց Աստված կամեցավ: Աստված պահի բոլոր երեխաներին, առողջ լինեն, խաղաղության մեջ մեծանան: Եվ նորմալ կյանք տեսնեն ու ապրեն: Միայն նպաստն է մեր եկամուտը, բայց պետք է ամեն ձեւ երեխաներին պահենք, որ լավ լինեն», -ասում է փոքրիկի մայրը՝ Արմենուհին:
Տղային տանը սպասում են 3 քույրերն ու 3 եղբայրները: Ընտանիքի մեծ երեխան աղջիկ է՝ 13 տարեկան: Արմենուհին ասում է, որ փոքրիկին մեծացնելու գործում քույրերն ու եղբայրները անպայման կօգնեն. «Մեծ աղջիկս էլ, տղաս էլ սիրում են փոքրերին խնամել, պահեն»:
7-րդ երեխայի ծնունդն են նշել նաեւ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Մոսինյանների ընտանիքում: Փոքրիկն ընտանիքի 7-րդ տղան է: Երեխան ծնվել է 4 կգ 400 գրամ քաշով, 52 սմ հասակով: Ընտանիքի մեծ տղան 14 տարեկան է. «Ամուսնուս երազանքը միշտ եղել է, որ 7 որդի եւ 1 աղջիկ ունենանք: Հիմա 7 որդին արդեն ունենք, տեսնենք աղջիկը կունենանք, թե ոնց կստացվի: Բոլոր մանուկներին ու մեր ժողովրդին միայն խաղաղություն եմ մաղթում: Խաղաղ երկնքի տակ մեր ուժերով ամեն ինչի էլ կարող ենք հասնել»,-ասում է փոքրիկի մայրը՝ Լիլիթը:
Կարդացեք նաև
Երկու ընտանիքներում էլ երեխաների անունները դեռ վերջնական չեն որոշել: Մի քանի տարբերակներ են քննարկում: Ասում են անունը կարեւոր չէ, կարեւորը մեծանան առողջ ու խաղաղ պայմաններում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վանաձորի բժշկական կենտրոնի