Այսօր ԱԺ պաշպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ իր աշխատասենյակում փակ հանդիպում էր ունեցել ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ ներկայացնող քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումը արդեն ԶԼՄ-ներում ներկայացվում է, թե՝ մի խումբ «հակառուս» մարդկանց ՔՊ-ականն իր աշխատասենյակում ընդունել է: Ինչպես պարզեցինք, այդ հանդիպմանը քննարկել են ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորություններն ու ռիսկերը, այլ նաեւ Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ռազմավարական խնդիրներ, արտաքին հետախուզության, սպառազինման ու ոստիկանության մասին:
Aravot.am-ի հետ զրույցում հանդիպմանը մասնակցած Ռուբեն Մեհրաբյանը, Էդգար Առաքելյանն ասել էին, որ գոհ են արդյունքներից: Բայց թե ո՞րն է արդյունքը՝ պարզ չէ: Մենք «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցինք՝ դո՞ւք էլ եք շատ գոհ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումից, ի՞նչ արդյունք է դա տվել: Նա պատասխանեց. «Մենք արդյունքի հետևից չենք գնացել, շարունակելու ենք հանդիպել այլ պատասխանատուների հետ: Ոչ մի օր հանգիստ չենք թողնելու: Մենք մեր օրակարգի տերն ենք»:
Ճշտեցինք՝ միայն ձեր տեսակետներն եք ներկայացրել, նա լսել է եւ վե՞րջ՝ պարոն Բաբաջանյանը պատասխանեց. «Խոսել ենք բոլորս»: Թե ի՞նչ են ակնկալում այդ հանդիպումների շարքից՝ նա ասաց. «Ճնշում գործադրել, հանրային տրամադրությունները փոխանցել»:
Դիտարկմանը՝ Ձեր տեսակետը հանրային է, պիտի որ իրենք անգիր իմանային, ո՞րն է հավելյալ փոխանցելու անհրաժեշտությունը՝ Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Մեր նպատակը ոչ միայն փոխանցելն է, այլեւ լսելը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ