Ինչպիսին է ընդհանուր պատկերը սահմանին, նոր ագրեսիայի վտանգ կա՞: Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ լարված է սահմանին: Այդ լարվածությունն այս պահի դրությամբ, կայուն պահպանվում է: Հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի ագրեսիվ եւ ռազմական հռետորաբանությունը՝ նոր սադրանքները բացառված չեն»:
Հաջորդ հարցին, թե սեպտեմբերի 13-ի , 15-ի էսկալացիայի ավելացումն ինչով եք բացատրում, ինչու այս փուլում, վարչապետը պատասխանեց. « Հենց կոնկրետ օրվա վերաբերյալ դժվար կլինի կռահումներ անել, բայց ժամանակաշրջանի առումով, կարծում եմ, որ էական է այն, որ միջազգային ամբողջ ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի դեպքերի վրա, այդ առումով հատկանշական է նաեւ 44 օրյա պատերազմի ժամանակաշրջանը, քովիդի շրջանն էր, երբ ամբողջ միջազգային հանրությունը կենտրոնացած էր համավարակի վրա, հիմա էլ նույն իրավիճակն է ամբողջ աշխարհում»:
Հաջորդ հարցին, թե վերջին էսկալացիայից 15 օր է անցել, բայց զոհերի անուններ դեռ չունենք, ինչո՞ւ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «44 օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ եկել ենք այն եզրահանգման, որ ճիշտ է զոհվածների, մեր նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են այնտեղ: Մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի, բայց զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետեւ բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են, նաեւ իրենց ընտրությունն է, թե որքանով, այսինքն՝ հրապարակվում է, այդ անունները կան:
Նաեւ , հաշվի առնենք, որ կան մարմիններ,որոնք վերջնական պետք է նույնականացվեն: Նախկին փորձը հաշվի առնելով՝ մենք գիտենք, որ եղել են դեպքեր, որ սխալ անուններ են հրապարակվել, այդ թվում, նույնիսկ եղել է դեպք, որ հարազատները վիզուալ ճանաչել են, բայց ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել: Դրա համար նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ ինստիտուցիոնալ մեխանիզմը հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ․ Գ․ Քննչական կոմիտեի տվյալներով, հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ։