Վերջերս կաթողիկոսի նախաձեռնությամբ ՀՀ եւ Արցախի նախկին ղեկավարների հանդիպում եղավ, ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ առաջարկ է հնչեցրել՝ կիսեն պատասխանատվությունն այն ստորագրվելիք փաստաթղթի համար, որը առաջիկայում ենթադրաբար պետք է ստորագրեք: Դուք պատրա՞ստ եք նախկին ղեկավարների հետ հանդիպել, ներկայացնել բանակցությունների նյուանսները, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում, արդյո՞ք կոնսոլոդիացայի անհրաժեշտություն կա: Այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով ընթացող հարցազրույցի ժամանակ պատասխանեց.
«Պետք է հասկանալ՝ ինչ է նկատի առնվում: Եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունը ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել եւ նրան ինչ-որ բանի համար պետք է օգնել պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը, կառավարությունն ու անձամբ ես գիտակցում է երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, այդ պատասխանատվությունը պատրաստ ենք վերցնել եւ այդ պատասխանատվությունը նաեւ ստացել ենք մեր ժողովրդից: Կա երկրորդ կողմը՝ խոսք է գնում տեղյակ լինելու մասին բանակցային գործընթացից:
Ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել, որ կա կարծիք, որ բանակցային գործընթացից տեղյակ են մարդկանց նեղ շրջանակ, դա թյուրիմացություն է: Բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի ու նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, օրինակ՝ ոչ միայն մեր թիմակիցներ… Անվտանգության խորհուրդը ամբողջությամբ տեղյակ է, ավելին ասեմ՝ ԼՂ իշխանությունները ամբողջությամբ տեղյակ են: Ես հարկ եմ համարում, որ ԼՂ նախագահը որեւէ բանակցությունում իմ լսած որեւէ նախադասությունից անտեղյակ չլինի:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, քաղաքական մյուս ուժերին: Ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին, նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն Անվտանգության խորհրդին, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին…Մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է, ես միշտ պատրաստակամություն եմ հայտնել, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են ստանալ այդ տեղեկատվությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես, ըստ էության, հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը: Այդ տեղեկատվությունը կիսում եմ նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ուժերի հետ:
Կարդացեք նաև
Ժամանակին նաեւ ՀԱԿ-ին է հրավեր եղել մասնակցել այդ ձեւաչափին, նրանք հրաժարվել են այդ ձեւաչափին մասնակցել: Եթե հարցերի բոլոր մանրամասները ես ներկայացնում եմ մարդկանց այսպիսի լայն շրջանակի, սա նշանակում է, որ ես պատրաստ եմ նաեւ շատ ուղիղ ու բաց տեքստով ներկայացնել մեր ժողովրդին, ինչու դա չեմ անում, որովհետեւ դիվանագիտական կոռեկտությունն ու էթիկան թույլ չեն տալիս, որ բաց նստեմ ու բոլոր մանրամասները ներկայացնեմ: Նաեւ փորձագիտական հանրության բավականին լայն շրջանակին եմ տեղյակ պահում, մարդկանց լայն շրջանակ է տեղյակ դրանից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ