Այսօր ԱԺ պաշպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ իր աշխատասենյակում փակ հանդիպում էր ունեցել ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ ներկայացնող քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումը արդեն ԶԼՄ-ներում ներկայացվում է, թե՝ մի խումբ «հակառուս» մարդկանց ՔՊ-ականն իր աշխատասենյակում ընդունել է: Ինչպես պարզեցինք, այդ հանդիպմանը քննարկել են ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորություններն ու ռիսկերը, այլ նաեւ Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ռազմավարական խնդիրներ, արտաքին հետախուզության, սպառազինման ու ոստիկանության մասին:
Aravot.am-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ քանի որ հանդիպումը փակ է եղել, չեն կարող բովանդակությունը ամբողջությամբ փոխանցել, բայց կարող է ասել՝ ինքը շատ գոհ է այդ հանդիպումից. «Պայմանավորվել ենք հանդիպումներին հաղորդել որոշակի պարբերականություն: ՀԱՊԿ-ից դուրս գալու նախաձեռնության շրջանակներում է այս հանդիպումը կազմակերպված, դեռ շատ խոսելիք կա, որովհետեւ մենք առնվազն մեր առաջ խնդիր ենք դրել այս գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին եւ վերջնական ձեւակերպմանը, որովհետեւ հակառակ դեպքում մենք չենք ունենա ո՛չ ճնշում Ադրբեջանի վրա, ո՛չ բարեփոխված բանակ: Բանակցային գործընթացում ՌԴ-ի տոքսիկ ներկայությունը մեզ ոչ թե խաղաղություն է բերելու, այլ բերելու է պերմանենտ քաոս: Ընդ որում, քաոս, որը միակողմանիորեն աշխատելու է մեր դեմ: Դրա համար Հայաստանի այդ գործիքները աշխատեցնելու համար կա մեկ խոչընդոտ՝ դա այսօրվա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն են: Դրա վերանայումը մեր համար ոնց որ մեր երեխաների առաջ ստանձնած պարտավորություն է: Մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, մեր առաջ պարտավորություն ենք ստանձնել այս օրակարգը դարձնել հանրային օրակարգ, պետական օրակարգ ու հասցնել վերջնական ձեւակերպմանը»:
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր. «Դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»: Հարցին՝ հանդիպման ընթացքում այդ մասին խոսե՞լ եք՝ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Դրա մասին խոսելու բան չկար, ակնհայտ է որ «շանորդու» մասին է խոսքը, ուրիշ թեկնածու չկա, մոնոպոլ թեկնածու է, թե ում մասին էր խոսքը: Լրացուցիչ պարզաբանման կարիք չունեինք, հետեւաբար ի՞նչ խոսեինք: Ամեն ինչ պարզ է թե՛ մեր, թե՛ ձեզ համար»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների ձեւակերպումներին՝ Մեհրաբյանն ասաց. «Այդ ցնցումները մեզ չեն հուզում: Ես ապրում եմ ՀՀ-ում եւ պատրաստվում եմ շարունակել ապրել ՀՀ-ում, որտեղ ծնվել եմ ու որտեղ ծնվել են իմ երեխաները: Ռուսական, հակառուսական…ես նման պարտավորություններ որեւէ երկրի առաջ չունեմ, բացի իմ երկրից: Չափանիշը մեկն է ու միակը՝ դա բխո՞ւմ է ՀՀ շահերից, թե՞ չի բխում, վերջ»:
Ճշտեցինք՝ Անդրանիկ Քոչարյանը համաձա՞յն էր ձեր դիրքորոշման հետ՝ Մեհրաբյանը պատասխանեց. «Դա արդեն վերաբերում է հանդիպման բովանդակությանը, որի վրա տարածվում են իմ պարտավորությունները՝ որպես փակ հանդիպման մասնակցի, չեմ կարող ասել: Բայց կրկնեմ՝ ես շատ գոհ եմ հանդիպումից»:
Մեհրաբյանը նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով իրենք գնացել էին ԱԳՆ-ի մոտ, բայց Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպմանը գնացել են զուտ քննարկելու. «Քննարկումը բավականին լայն սպեկտրով էր, բավականին երկար տեւեց, երկուստեք օգտակար համարելով այդ հանդիպումը՝ պայմանավորվեցինք շարունակական դարձնել»:
Հանդիպման արդյունքներից գոհ էր նաեւ «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության անդամ Էդգար Առաքելյանը: Նա մեզ հետ զրույցում փոխանցեց. «Ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հանրային պահանջ կա: Մենք մեր օրակարգով ենք գնացել ու քննարկել անվտանգության հիմնախնդիրները: Լսել եք, որ որոշ պետական պաշտոնյաների կողմից էլ շատ կա մտահոգություն ՀԱՊԿ կառույցի հետ կապված ու այդ մասին բարձրաձայնել ենք: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Հանդիպումից մենք գոհ ենք, արդյունավետ էր»: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում հանդիպելու են նաեւ այլ գերատեսչությունների պատասխանատուների հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ