Ինչպես տեղեկացրել էին սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան նաեւ Լոռու մարզի Տաշիր համայնքում: Այստեղ պայքարում էին երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Միասնական համայնք» դաշինքը: Նախնական արդյունքներով «Միասնական համայնքը» ձայների առավելագույն թվով հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին»:
Մինչդեռ, այսօր տարբեր աղբյուրներով լուրեր են շրջանառվում, որ ճնշումներ են կիրառվել Տաշիրում «Միասնական համայնք» դաշինքի թեկնածուների նկատմամբ։ Մասնավորապես Նորաշեն եւ Կաթնառատ համայնքներում աշխատանքից ազատվել են 2 թեկնածուներ, ովքեր աշխատել են դպրոցում:
Աշխատանքից ազատվել է նաեւ Տաշիր բժշկական կենտրոնի վիրաբույժը: Նշվում է նաեւ, որ Տաշիրում պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկը ճնշումների ներքո ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, այլապես կազատվի աշխատանքից:
Կարդացեք նաև
Ըստ տարածված լուրերին, բոլոր նշված դեպքերում ճնշումներն ուղղորդվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։
Aravot.am-ը փորձեց կապ հաստատել «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդգար Արշակյանի հետ, պարզելու համար, թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը: Վերջինս, սակայն հրաժարվեց խոսել, միայն ասաց. «Ես հարցազրույց չեմ ուզում տամ: Ես ճնշում չգիտեմ, մեր նկատմամբ ոչ մեկը չի կարող ճնշում գործադրի»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ