Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը

Սեպտեմբեր 30,2022 19:45

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022թ. սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց լիազորությունները և ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով վերջինիս հարկադրել էին ընդգրկվել նշված դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:

Տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին և չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի և գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել:

Նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի տեղակալի գործողություններում ևս առկա են քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանքներ էին ներկայացվել նաև Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930