Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Ասլանյան․ Վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով փորձաքննության եզրակացությունը դատախազությունը ստացել է

Սեպտեմբեր 30,2022 19:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից  այս տարվա ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կրկնակի դատաավտոտեխնիկական-դատատեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Մանրամասնելով՝ Ասլանյանն ասաց՝ դա վարորդի արարքին չի վերաբերում, այլ՝ փորձաքննությունը կրկնակի նշանակվել էր, որպեսզի շարասյան ղեկավարի եւ խաչմերուկը կարգավորող ոստիկանի արարքներին գնահատական տրվի։

«Ի սկզբանե ասել եմ՝  սա անիմաստ փորձաքննություն է, քանի որ դրանք իրավական հարցեր են, դատախազն իր գործառույթը քողարկված կերպով պատվիրակում է փորձագետին։ Փորձագետն էլ է այդպես պատասխանել, նշել է՝ այստեղ հատուկ մասնագիտական բնագավառի գիտելիք  պետք չէ, սա  իրավունքի տիրույթի հարց է, հետեւաբար՝ իրավական գնահատման ենթակա հարց է։

Եւ նշել է՝ օրենսդրությունը՝ մեկ օրենք եւ Վիեննայի կոնվենցիան, ու ասել՝ կարդացեք եւ գնահատեք՝ արդյոք կա խախտում երթեւեկության մյուս մասնակիցների արարքներում։ Փորձագետը դատաավտոտեխնիկական փորձաքննության մասով հրաժարվել է պատասխանել վարույթն իրականացող մարմնի հարցերին, դրանք  համարելով իրավական։ Տեսաձայնագրային փորձաքննության մասով նշել է՝ խաչմերուկը կարգավորող ոստիկանի գործողությունները պարզեցնել եւ ուղարկել»,-մեկնաբանեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ հիմա դատախազը պարտավոր է գնահատել՝ խաչմերուկը կարգավորող ոստիկանի արարքում խախտում կա՞, թե՞ ոչ, ուղեկցող շարասյան ղեկավարի արարքում հանցակազմ կա՞, թե՞ ոչ, եւ արդյոք հետիոտն օրենքով  սահմանված կարգով է հատել հետիոտնային անցումը, թե ոչ։

Այսինքն,  ինչպես Րաֆֆի Ասլանյանն ասաց, այս պահին գործով կա մեկ եզրակացություն, դա վարորդի  խախտումն է, մնացածի վերաբերյալ, փաստորեն, փորձագետները նշել են, որ սա տեխնիկական հարց չէ․«Ես բազմիցս ասել եմ այս գործում քաղաքական բաղադրիչ կա, եւ քողարկված աջակցությունը, որը նույնիսկ արդեն քողարկված էլ չի, վարորդը մնաց  ազատության մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, չկիրառվեց։ Հիմա դատախազը պետք է գնահատի մյուս մասնակիցների  արարքները․ եթե կգտնի, որ հանցակազմ կա, ապա պետք է քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնի, եթե  կգտնի՝ չկա,  ուրեմն հետապնդում չիրականացնելու մասին որոշում պետք է կայացնի։ Իսկ   մենք իրավասու ենք բողոքարկել եւ հետագայում  դատական վերահսկողության առարկա դարձնել որոշումը»։

Ասլանյանը կրկին նշեց՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, նախաքննության ողջ ընթացքից դժգոհ են։ Նախաքննության ընթացքում ամեն ինչ արվեց եւ դեռեւս արվում է, որպեսզի վարչապետի  ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդը զերծ մնա պատասխանատվությունից, դրա հեռանկարն էլ ենք տեսնում՝ ամեն ինչ կանեն, որ ձգձգվի, հետո համաներում կտարածեն ու կազատեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930