Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան։ Այս մասին MediaHub.am-ի հարցմանն ի պատասխան գրավոր նշել են ՀՀ ՊՆ-ից։
MediaHub.am-ը ՊՆ-ից հետաքրքրվել էր՝ արդյոք պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է, ՌԴ-ն մեզ զենք վաճառել է, թե՞ մինչ այս պահը հրաժարվում է վաճառել։ Նման հարցում ուղարկել էինք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հայտարությունից հետո, թե պատերազմից հետո ՌԴ–ն Հայաստանին որևէ զենք չի վաճառել, միայն խոստումներ է տվել, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։
Ներկայացնենք ՊՆ-ի պատասխանն ամբողջությամբ։
«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված սեպտեմբերի 21-ի Ձեր գրությամբ ներկայացված հարցադրումների հայտնում ենք՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երբևէ չեն ընդհատվել։ Ռուսաստանի Դաշնության Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան»,-նշված է գրավոր պատասխանի մեջ։