Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն գանձերը, որոնք պահված են Մատենադարանում, ստեղծվել են ավելի սարսափելի պայմաններում՝ մշտական սպառնալիքի ներքո». մեկնարկել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը

Սեպտեմբեր 30,2022 17:52

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել Գրքի երևանյան 5-րդ փառատոնի բացման արարողությունը: ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին, ինչի շրջանակում էլ փառատոնի բացումն ազդարարվել է գրողի մասին պատմող տեսաֆիլմով:

Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը գրահրատարակչության ոլորտը համարել է ամենահաջողվածներից և կատարած աշխատանքի համար երախտագիտություն հայտնել հրատարակիչներին, թարգմանիչներին ու գրականության ոլորտի ներկայացուցիչներին:
«Այսօր հատկապես իրավունք չունենք կաթվածահար անելու հանրային կյանքը, և մեր գրահրատարակիչների բարձր գիտակցությունը թույլ չի տա, որ խոսքը` լոգոսը, մարի: Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պատասխանատու ենք մեր գրական ժառանգության համար»,- նշել է Ա. Խզմալյանը և հավելել, որ հրատարակիչների աշխատանքը մեր օրերում բարոյական սխրագործություն է:

Արա Խզմալյանն ընդգծել է՝ գրահրատարակչությունը, թարգմանական արվեստն այն ոլորտներն են, որոնք շատ խորն արմատներ ունեն, ինչի լավագույն խորհրդանիշը Մատենադարանն է` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:

«Այն գանձերը, որոնք պահված են Մատենադարանում, ստեղծվել են ավելի սարսափելի պայմաններում՝ մշտական սպառնալիքի ներքո: Եթե մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն չկրի այն սխրագործությունների համար, որոնք մեր սուրբ հայրերն են դրսևորել, կպարտվենք այդ իսկ պահից: Ես վստահ եմ՝ այդ գիտակցումը կա մեր մեջ, և այս միջոցառումը դրա վկայությունն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և խոսքն ավարտել Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի խոսքերով՝

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում»:

Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչն այս տարի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը. «Հասարակության հոգևոր հասունության կարևոր չափանիշը միշտ եղել և շարունակում է մնալ գրքի հանդեպ վերաբերմունքը: Վստահաբար գրքի հանդեպ սերը մեզանում ավելանում է, ինչի վկայությունն է այս փառատոնը: Մեզ պատուհասած դժվարին օրերին, երբ մի ձեռքում սուրն է, մյուս ձեռքում՝ գիրքը, դրանք փաստում են ժողովրդի ուժի և ոգեղենության մասին»:

Ս. Խոջամիրյանն ընթերցասեր հանրությանը հրավիրել է փառատոնի շրջանակում Խ. Աբովյանի տուն-թանգարանում կայանալիք միջոցառումներին:

Նշենք, որ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն, որոնք տեղի կունենան Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930