Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթքում վնասվել է 148, Կութում՝ 12, Վերին Շորժայում՝ 2 շինություն. ՀՀ-ում դիվանագիտական կորպուս ներկայացուցիչներ այցելել են հրետակոծությունից տուժած Սոթք և Կութ բնակավայրեր

Սեպտեմբեր 30,2022 17:40

Սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելեցին Գեղարքունիքի մարզ, որտեղ ծանոթացան Ադրբեջանի կողմից սանձազերծած հարձակման հետևանքով Սոթք և Կութ բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ ստացան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։

Վարդենիս այցելած դիվանագետների թվում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը, Ռուսաստանի, Հունաստանի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Արգենտինայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սերբիայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մալթայի, Չինաստանի, մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Իրաքի դեսպանությունների ներկայացուցիչները, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Իտալիայի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, արտաքին գործերի նախարարի տեղակալը։

Դիվանագետները շրջեցին Սոթք և Կութ բնակավայրերում, դիտարկեցին ադրբեջանական հրետակոծությունից տուժած բնակարանների, դպրոցների, մանկապարտեզների, բնակավայերի վարչական շենքերի, բուժամբուլատորիաների, գազատարների և ճանապարհների վնասները։


Այնուհետ Վարդենիսի համայնքապետարանում դիվանագիտական կորպուսին և ԶԼՄ ներկայացուցիչներին առավել մանրամասն տեղեկություններ ներկայացրի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։

Թշնամու հարձակման հետևանքով Սոթքում վնասվել է 148, Կութում՝ 12, Վերին Շորժայում՝ 2 շինություն։ Բոլոր բնակարանների մասով ունենք կազմված ակտեր։ Ընդ որում, Սոթքում ունենք 7 բնակարան, որոնք վերականգնման ենթակա չեն և պետք է կառուցվեն նորովի։ Առաջիկա օրերի ընթացքում կիրականացվեն սոցաջակցության դրամական փոխանցումները, որոնց միջոցով բնակիչները հնարավորություն կունենան վերանորոգման աշխատանքներ սկսել։


Թշնամու հարձակման հետևանքով Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների դպրոցները չեն գործել մեկ շաբաթ, ինչի արդյունքում կրթություն ստանալու իրավունքից զրկվել են 7072 աշակերտ, իսկ 897 երեխա զրկվել է նախադպրոցական հաստատություն հաճախելու իրավունքից։ Ելնելով անվտանգության խնդիրներից՝ սահմանամերձ 12 բնակավայերում դասապրոցեսը տարվում է հեռավար կարգով, որում ընդգրկված են 1245 աշակերտ։ Վարդենիսի համայնքապետարանի հետ միասին հրետակոծության հենց առաջին պահից կազմակերպել ենք բնակչության տարհանման աշխատանքներ, ինչի շնորհիվ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չենք ունեցել, սակայն ունեցել ենք 10-ից ավելի վիրավորներ, որոնցից մեկը՝ ծանր, երկուսը՝ միջին ծանրության, իսկ մնացածը առաջին բուժօգնություն ստանալուց հետո չեն դիմել բուժհաստատություններ։

Ներկաների ուշադրությունը հրավիրեցի նաև այն ցանքատարածությունների վրա, որոնք այս պահին գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ և բնակիչները չեն կարողանում իրականացնել բերքահավաքի աշխատանքներ, հավելելով, որ հակառակորդի նշանառության տակ գտնվող բնակավայրերի թիվը Վարդենիսում հասնում է 12-ի։

Թշնամու հարձակման հետևանքով այրվել են խոտհարքեր, արոտավայրեր, հացահատիկի ցանքատարածություններ, վնասվել են գյուղատնտեսական տեխնիկաներ, գրանցվել է անասնագլխաքանակի անկում։ Իսկ այժմ, պայմանավորված հակառակորդի զինուժի ներկայությամբ, մոտ 3000 հա ցանքատարածության վրա վտանգված է բերքահավաքի և գյուղատնտեսական այլ աշխատանքների կազմակերպումը։ Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի բերքահավաքի աշխատանքները կազմակերպվեն առանց խոչընդոտների։

Առկա իրավիճակի մասին պարզաբանումներ ներկայացրին նաև ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանեցին նաև դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից առաջադրված հարցերին։

Լիահույս եմ, որ այս այցի արդյունքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները իրենց երկրների ղեկավարություններին կներկայացնեն տիրող իրավիճակն ու ագրեսորի վայրագությունները, ինչն էլ կնպաստի թշնամու սանձնմանն ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը։

Կարեն ՍԱՐԳՍՅԱՆ

 Գեղարքունիքի մարզպետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930