Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չճանաչված Դոնեցկի և Լուհասնկի հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը, ինչպես նաև Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին և Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն ստորագրեցին պայմանագիր Դոնեցկի, Լուհասկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ:
Այժմ Ռուսաստանի Պետդուման պետք է վավերացնի պայմանագիրը, որից հետո հավանություն պետք է տա Դաշնային խորհուրդը: Հաջորդ փուլով էլ կնախատեսվի համապատասխան օրենքի ստորագրումը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:
Պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ իր խոսքում Պուտինն ասաց, որ նշված 4 տարածաշրջանների մարդիկ լեզվով, մշակույթով, ավանդույթներով ու բարքերով իրենց համարում են Ռուսաստանի մաս, մինչդեռ նրանց մեջ տարիներ շարունակ պաշտոնական Կիևը դաստիարակել է ատելություն ռուսների նկատմամբ: Միաժամանակ Պուտինը նշեց, որ իրենք չեն ցանկանում վերականգնել Խորհրդային միությունը, քանի որ այն այլևս չկա, և Ռուսաստանին այն պետք էլ չէ:
Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն անցկացվում է Կրեմլի Գրիգորիևյան սրահում: Համանման արարողություն նույն սրահում տեղի է ունեցել նաև 2014թ., երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը և Սևաստոպոլը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ