Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհին շարունակում է հաղթանակներ գրանցել միջազգային մրցույթներում

Սեպտեմբեր 30,2022 17:24

Մարիցա Թիլիքյանը Բուլղարիայում անցկացված «Արծաթե յանտրա 2022» փոփ երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի։ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հետ զրուցել ենք միջազգային մրցույթի, Մարիցայի մասնակցության և գրանցած հաջողություններում կենտրոնի ունեցած դերի մասին:

Միջազգային մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 22-25-ը՝ նպատակ ունենալով խթանելու համաշխարհային և ազգային բարձրաճաշակ երաժշտության տարածումը։

Մարիցա Թիլիքյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Նա մշակույթի կենտրոնում մեծ սեր է ձեռք բերել երգարվեստի հանդեպ և որոշել ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ միաժամանակ պահպանելով ԵՊՀ-ի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հետ ունեցած ամուր կապը:

Կարինե Դավթյանի խոսքով՝ երգչուհու տաղանդը նկատվել է այն ժամանակ, երբ դեռ առաջին կուրսի ուսանող է եղել:

«Առաջին անգամ, երբ լսեցի Մարիցայի կատարումը, հասկացա՝ նրան մեծ բեմեր են սպասում: Այսօր կարող եմ ասել՝ տարիների աշխատանքը տվել է իր արդյունքը. Մարիցային շատերն են ճանաչում և նրանով հպարտանում: Դիտարկելով Մարիցայի օրինակը՝ կարող եմ փաստել, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը տաղանդաշատ ուսանողների համար հարթում է ուղի՝ դեպի մեծ բեմեր»,- վստահեցնում էր Կ. Դավթյանը և հպարտորեն ժպտում:

Կ․ Դավթյանը հայտնեց, որ մրցույթի ընթացքին հետևել է առցանց տարբերակով:

«Աշխատանքային գրաֆիկով պայմանավորված՝ այս անգամ չկարողացա մեկնել Մարիցայի հետ, սակայն մինչ մեկնելը նախապատրաստական աշխատանք ենք կատարել՝ փորձերի ժամանակ քննարկելով յուրաքանչյուր դետալ»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Մեր մասնակիցը մրցույթում ներկայացել է նախապես մտածված, ինքնատիպ և խիստ ազդեցիկ բեմադրությամբ, որի հեղինակը եղել է Կարինե Դավթյանը։

Հետևելով ելույթին՝ Կ․ Դավթյանը նկատել է՝ Մարիցայի կատարման ժամանակ ժյուրին որքա՜ն տպավորված է եղել, հատկապես երգի կուլմինացիայի պահին, երբ, Կարինե Դավթյանի մտահղացմամբ, Մարիցան սկսել է անակնկալ ծածանել Հայաստանի դրոշը։

Ըստ Կ․ Դավթյանի՝ հաղթանակի հասնելու համար պետք է ուշադրություն դարձնել բոլոր մանրուքներին: Այս է պատճառը, որ երկար ժամանակ է հատկացվել անգամ հագուստի ընտրությանը:

«Պետք էր ընտրել այնպիսի հագուստ, որը «կպատմեր» երգի մասին»,- նշեց Կ. Դավթյանը:

Ուշագրավ է այն, որ մրցույթի բոլոր մասնակիցներն ունեցել են հաղթելու հավանականություն և արժանիքներ, սակայն հաղթանակի բերկրանքը վայելելու հնարավորությունն ընձեռվել է Մարիցային։ Դեպի հաղթանակ տանող ճանապարհը եղել է դժվարին և փորձություններով լի։ Կ. Դավթյանը փաստեց, որ Մարիցային շատ է օգնել նաև այն, որ նա եղել է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի թատրոն-ստուդիայի սան՝ տարբեր ներկայացումներում մարմնավորելով դերեր և ստեղծելով կերպարներ, ինչը չէր կարող դրական ազդեցություն չունենալ թե՛ երգի մատուցման, թե՛ տպավորիչ ելույթ ունենալու գործերում:

Ամփոփելով իր խոսքը՝ Կ. Դավթյանն ընդգծեց․ «Հպարտանալու առիթ է, որ մեծ բեմեր է նվաճում ԵՊՀ շրջանավարտը՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհին: Սա ոչ միայն ԵՊՀ-ի, այլև ողջ Հայաստանի հաղթանակն է: Վստահաբար կարող եմ ասել, որ այսպիսի հեղինակավոր մրցույթները ևս նպաստում են բուհի միջազգային ճանաչմանը և ստեղծում համագործակցության նոր հնարավորություններ»։

Նշենք, որ Մարիցան մրցույթին ներկայացրել է Շուշան Սարգսյանի «Հայաստա՛ն երկիր, ի՛մ մայր» երգը:

ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել