ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները ցույց են տվել, որ տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում և հաստատել են արտահայտված կապ աստղերի էվոլյուցիոն տարիքի և նրանց շրջապատող գազափոշային նյութի հատկությունների միջև:
«Աստղաֆիզիկայում աստղառաջացման գործընթացի հետ կապված խնդիրների ուսումնասիրությունը շատ մեծ նշանակություն ունի: Մեր կողմից ներկայացված «IRAS05168+3634 աստղառաջացման տիրույթի կառուցվածքը» աշխատանքում ցույց ենք տվել, որ տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում, և կա լավ արտահայտված կապ աստղերի էվոլյուցիոն տարիքի և նրանց շրջապատող գազափոշային նյութի հատկությունների հետ: Աշխատանքում տվյալ աստղառաջացման տիրույթի համար պարզաբանվել են որոշակի օրինաչափություններ աստղային բնակչության և նրանց մայր ամպի գազափոշային միջավայրի միջև», – ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ելենա Նիկողոսյանը:
Ըստ նրա՝ կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ ամենամեծ միջաստղային նյութի խտություն և զանգված ունեցող ենթատիրույթները պարունակում են I դասի էվոլյուցիոն փուլ ունեցող երիտասարդ աստղային օբյեկտների ամենամեծ տոկոսը։ «Բոլոր ենթատիրույթներում աստղերի էվոլյուցիոն տարիքի լայն բաշխումը (10(5)-ից մինչև 10(7) տարի) վկայում է, որ դիտարկվող աստղառաջացման տիրույթում աստղերի ձևավորման ընթացքն ունի ինքնաբուխ և հաջորդական խտացումների բնույթ։ Այն ենթատիրույթներում, որտեղ սկզբնական, մայր մոլեկուլային ամպի զանգվածն ավելի մեծ է, այս ընթացքը, հավանաբար, ավելի ակտիվ է և երկարատև»,– ասաց Ելենա Նիկողոսյանը:
Հետազոտությունն իրականացվել է «Աստղառաջացման տիրույթներ` ձևավորում և էվոլյուցիա» առաջատար հետազոտությունների աջակցության 21AG-1C044 գիտական թեմայի շրջանակում։ Գիտական արդյունքի վերաբերյալ հոդված է տպագրվել «Astrophysics and Space Science» աստղագիտության, աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների միջազգային ամսագրում: Աշխատանքի արդյունքները զեկուցվել են Շվեդիայի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանում 2022թ. հունիսի 20-24-ին տեղի է ունեցած «From Stars to Galaxies II» միջազգային գիտաժողովի ժամանակ:
Կարդացեք նաև
Գիտական արդյունքի չորս համահեղինակներից երեքը երիտասարդ գիտաշխատողներ են։
Լուսանկարում՝ IRAS 05168+3634 աստղառաջացման տիրույթի պատկեր
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին