«Ազատագրական շարժման» անդամ Նաիրի Հոխիկյանը հայտնել էր, որ ԵՊՀ ղեկավարությունն աննպատակահարմար է համարել շարունակել համագործակցությունն իր հետ, քանի որ ըստ նրա, հանկարծ պարզվել է, որ իր դասավանդած առարկան չի եղել ուսումնական պլանում և անօրինական է։ Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանից։
«Այն, ինչ ասում է Նաիրի Հոխիկյանը, իրականության հետ որեւէ աղերս չունի։ Ճշմարտությունն այն է, որ Նաիրի Հոխիկյանի հետ 2021-22 ուս․ տարվա սկզբում կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվել է 2022թ հունիսի 30-ին, եւ հունիսի 17-ին ինքը ծանուցվել է, որ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ ազատվում է աշխատանքից։ Ճշմարտությունն այդքանն է»,- ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը։
«Այն, որ իբր Նաղաշ Մարտիրոսյանը կարող է նրան հրավիրել եւ ասել, որ ռեկտորատից ինձ ասել են, թե դու այստեղ անօրինական ես աշխատում կամ այս առարկան անօրինական է՝ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ ֆակուլտետի ուսումնական պլանում անօրինական առարկա չի կարող լինել։ Ֆակուլտետում, անօրինական աշխատող դասախոս չի կարող լինել։ Եվ Նաղաշ Մարտիրոսյանը չի կարող որեւէ մեկին հրավիրել իր մոտ, ասել, որ այդ առարկան, որ դու կարդում ես, անօրինական է, եւ անօրինական ես աշխատում, այդ մարդն էլ ասի՝ շատ լավ, ճիշտ եք ասում, երեք ամիս հետո կգնամ, այդ մասին հայտարարություն կանեմ։
Նաիրի Հոխիկյանը մեր ֆակուլտետի շրջանավարտ է, դրա համար ցավի, ափսոսանքի, դառնացածության զգացում ունեցա նրա տողերը կարդալիս, որովհետեւ դարձյալ ու կրկին կրկնում եմ՝ այն, ինչ ասում է Նաիրի Հոխիկյանը, իրականության հետ որեւէ աղերս չունի։ Այլ բան է, որ 2020թ աշնանը, երբ Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ֆակուլտետ դասախոսելու, հրավիրողն էլ ես եմ եղել, 2020թ մայիսին արդեն հաստատված է եղել 2020-21 ուս․ տարվանից ընդունվածների ուսումնական պլանը, որը գործողության մեջ պետք է լինի չորս տարի։ Եվ այդ ուսումնական պլանում Նաիրի Հոխիկյանի դասավանդած առարկաները, որոնց համար իրեն հրավիրել ենք, ներառված են եղել այլ առարկաների, դասընթացների կազմում, բայց նախորդ ուսումնական պլաններում եղել են, եւ Նաիրի Հոխիկյանը, բնականաբար, վարել է այդ դասընթացները։
Կարդացեք նաև
Եվ մտածել, որ 2020թ մայիսին հաստատելով գալիք 4 տարիների համար ընդունվողների ուսումնական պլանը՝ մենք նախատեսել ենք այնպես, որ Նաիրի Հոխիկյանին ընդունենք աշխատանքի ու 2022թ ազատենք, լուրջ չէ։ Ուսումնական պլանը, որի մեջ չկա այդ առարկան, այսինքն՝ առարկաների վերամիավորում է եղել, հաստատվել է շատ ավելի վաղ, քան Նաիրի Հոխիկյանին հրավիրել ենք աշխատանքի»,- պարզաբանեց Նաղաշ Մարտիրոսյանը։
«Նաիրի Հոխիկյանը մեր ուսանողն է եղել, հետեւաբար ես նույն ոճով, նույն ձեւակերպումներով չեմ կարող իր մասին խոսել։ Ընդամենը ասում եմ՝ այն, ինչ ինքն ասում է, իրականությանը չի համապատասխանում։
ԵՊՀ որեւէ ռեկտոր՝ թե Արամ Սիմոնյանը, թե Գեղամ Գեւորգյանը, թե Հովհաննես Հովհաննիսյանը եւ որեւէ պրոռեկտոր ինձ չի ասել, որ այսինչ դասախոսը պիտի դասախոսի, մյուսը՝ ոչ։ Չեն ասել՝ ձեր ուսումնական պլանում փոփոխություն կատարեք, չեն ասել՝ այսինչ առարկան ներառեք կամ մի ներառեք։ Այդ ամենը անում է մեր ֆակուլտետի գիտխորհուրդը, եւ այդ ամենը շատ կոլեգիալ է արվում։ Փոփոխություններ արվում են մշտապես ու արվելու են մշտապես, որովհետեւ բազմաթիվ առարկաներ ներմուծվել են, դուրս են եկել, միացվել են․․․»,- ընդգծեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը։
Նա նաեւ հիշեցրեց, որ, օրինակ «հեռուստավավերագրական ֆիլմ» դասընթացը, որը զուգահեռ վարել է Նաիրի Հոխիկյանը, փոխվել է «պատմումի լրագրության», ծրագրից դուրս են եկել «պրոդյուսերական գործ» եւ այլ դասընթացները․ «Բայց դրանց դասախոսները չեն ասել, թե իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Նաղաշ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից