Լրահոս
Օրվա լրահոսը

Ես դուրս եկողը չեմ, ուղղակի մեզ հենարան է պետք, որ իմանանք՝ նորից չեն կրակի մեր վրա․ Սոթքի բնակիչ

Սեպտեմբեր 30,2022 15:18

Սոթքի համայնքային կյանքում շատ բան է խաթարված՝ դասապրոցես, նախակրթարանի աշխատանք, հողագործություն, անասնապահություն․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումից հետո բնակիչների մի մասի տներն ավերվել են, որոշներինը՝ հրդեհվել։ Մարդիկ ստիպված են եղել հարակից համայնքներ տեղափոխվել, կամ տեղափոխել միայն երեխաներին։ «Ոչ դաս կա, ոչ մանկապարտեզ։ Երեխաներն ինչ կարողանում են՝ ինքնուրույն են պարապում։ Մեզանից անկախ ապրում ենք»,-թշնամու ուղիղ նշանառության տակ հայտնված Սոթք եկած լրագրողներին պատմում է տեղի բնակիչ Վարդուհի Խաչատրյանը։

Ասում է, որ մարդկանց առաջնահերթ ապագան է հետաքրքրում․ «Չգիտենք, թե վաղվա օրն ինչ է լինելու։ Մանկահասակ թոռներիս տեղափոխել եմ, հետ եկել ամուսնուս մոտ, որը գյուղապետարանում է աշխատում։ Ո՞ւր գնամ, ինչի՞ գնամ, եթե սա իմ տունն է, իմ հողն է։ Եթե թուրքինը լիներ, կմտածեինք՝ փախնել-գնալ, բայց սա իմ հողն է, մեր գյուղից ո՞ւր գնանք։ Ես դուրս եկողը չեմ, ուղղակի մեզ հենարան է պետք, որ իմանանք՝ նորից չեն կրակի մեր վրա․․․դա ահավոր է, ոչ մեկին չեմ ցանկանա։ Հույսս իշխանության վրա է, որ մի ճար գտնի։ Հատկապես այստեղի ժողովուրդը շատ մեղք է»։

Վարդուհի Խաչատրյանը տեղեկացրեց, որ զոհերի թվում է գյուղի բնակիչներից մեկը։ Նա պայմանագրային զինծառայող է եղել, մարմինը, սակայն, անճանաչելի է, պետք է ԴՆԹ անալիզ անեն․ «Գնում ենք իրենց տուն, լացում, գալիս․․․մեկն էլ անհետ կորած է։ Վախենում ենք։ Ամուսինս հույս է տալիս, ասում է՝ մի վախեցեք, լավ կլինի։ Մտածում էինք, որ այդ անտեր թուրքը մենակ զորամասին կխփի, բայց գյուղին էլ խփեց, թիրախավորեց մեզ՝ խաղաղ բնակչությանը։ Իրենց թրքությունն արեցին էլի։ Չգիտեինք ոնց դուրս գայինք այդ կրակների, այդ «Գրադ»-ի տակից»։

Տիկինը հավելեց․ «Թող մի քիչ պակաս ապրենք, բայց խաղաղություն լինի»։

Հավելենք, որ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի հարձակման հետեւանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել են 4-ը․ մեկ քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է: Սոթք բնակավայրում վնասվել են վարչական շենքը, դպրոցի պատուհանները եւ տանիքը։ Մասնակի վնասվել են մոտ 120 բնակելի տներ, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ։ Սոթքի օրինակը հերթական փաստարկն է, որ Ադրբեջանի ագրեսիվ, պատերազմական հանցագործություններով ուղեկցվող գործողություններն ու զավթողական քաղաքականությունը, հայկական կողմի խաղաղ բնակչության իրավունքների խախտումներից բացի, նաեւ նրանց հայրենազրկելու նպատակ ունի։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930