Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հատիսը կառուցապատվում է առանց հնագիտական ու երկրաբանական հետազոտությունների եւ սեյսմիկ վտանգի գնահատման. «Հետք»

Սեպտեմբեր 30,2022 14:48

«Հետք». «Հատիս լեռան տարածքում առկա և պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձանները պահպանվում են օրենքով սահմանված կարգով»,- «Հետքը» այս պատասխանն օրերս ստացել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից:

ԿԳՄՍ-ում, թերևս, չեն դիտել հուլիսի 14-ին «Հետք»-ի հրապարակած տեսանյութը, որը պատմում է Հատիս լեռան գագաթ տանող նոր կառուցվող ճանապարհների, էլեկտրական լարերի համար սյուներ տեղադրելու մասին։ Հատիսի համայնքապետարանը լեռան գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամն արդեն հանրությանը ներկայացրել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր» նախագծի անիմացիոն տարբերակը, ըստ որի՝ կառուցապատումն ընդգրկելու է լեռան ողջ տարածքը։

Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանը տեղադրելու առիթով ԿԳՄՍ նախարարությունը նույնպես հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ լեռան լանջերին գտնվում են տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ:

ՀԱԻ գիտխորհուրդը հուլիսի 14-ին ընդունած հայտարարության մեջ նկարագրել էր, որ հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, այստեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։

Հատիս լեռան վրա շինարարությունը վաղուց իրողություն է, «Շամիրամ ամրոց» հուշարձանն՝ արդեն վնասված։ Մնում էր պարզել, թե լեռան լանջերին գտնվող պատմության հուշարձանների պահպանության երաշխավոր ԿԳՄՍ նախարարությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին շինարարական աշխատանքները սկսելուց առաջ հնագիտական աշխատանքները ֆինանսավորելու պահանջ ներկայացրե՞լ է։

«Հատիս լեռան տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն չենք ստացել։ Հատիս լեռան գագաթին առկա բրոնզ-երկաթեդարյան ամրոցը դեռևս որևէ կարգավիճակ չունի։ Ուսումնասիրման աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտից հետո փորձագիտական հանձնաժողովը կքննարկի ամրոցի կարգավիճակի հարցը»,- «Հետք»-ին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Շեշտենք՝ նախարարությունում քննարկելու են այն ամրոցի կարգավիճակի հարցը, որի մասին ՀԱԻ գիտխորհուրդը մոտ երկու ամիս առաջ հայտնել է, որ հայտնի օլիգարխի իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում «անդառնալի վնաս է պատճառվել»։

Հիսուսի արձանը տեղադրելու փաստաթղթերը չեն ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

«Հատիս հրաբուխ» անվանումով բնության հուշարձանի պահպանության համար պատասխանատու Շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել ենք, թե մասնագիտական եզրակացություն տվե՞լ են կառուցապատման վերաբերյալ։ «Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի տեղադրման նախատեսվող գործունեության փաստաթղթերը չեն ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»,- հավաստիացնում է նախարարությունը։

«Առանց փորձաքննության դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը»,- հայտնել է ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Պաշտոնական գրություն չստանալն, իհարկե, չի նշանակում, որ այնտեղ շինարարական աշխատանքներ չեն կատարվում։ Ավելին, ԿԳՄՍ և շրջակա միջավայրի նախարարությունների գրությունները փաստում են, որ Հատիս լեռան վրա կատարվող շինարարական աշխատանքներն իրականացվում են օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը շրջանցելով։

ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության վերաբերյալ իր տեսակետը ներկայացրել էր դեռևս հուլիսի 12-ին։ Գիտական ինստիտուտի ներկայացրած տեսակետը կարող ենք դիտարկել փորձաքննության բացասական գնահատական։

«Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529 մ է, Հայաստանի տարածքի չորրորդական հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վանակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույլտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընդգծենք, որ այստեղ նաև ինժեներաերկրաբանական հետազոտություններ չեն արվում, սեյսմիկ անվտանգությունը չեն գնահատում։ Մինչդեռ, Քրիստոսի արձանի նախագծի անիմացիոն տարբերակը փաստում է, որ բազմաթիվ ենթակառուցվածքներով խոշոր զբոսաշրջային կառույց է լինելու և նախատեսված է մարդկանց մեծ քանակի հոսք ապահովելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930