Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Կալիֆորնիայի Ազգային ժողովի անդամ Ադրին Նազարյանի հետ
Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի հետ։
Քննարկվել են Արցախ-Կալիֆորնիա հարաբերություններին և Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
Նախարարը երախտագիտություն է հայտնել Էնթոնի Պորտանտինոյին և Ադրին Նազարյանին տարիներ շարունակ սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշում ունենալու և համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու համար։
Հանդիպմանը մասնակցել են նաև Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայ Դատի ներկայացուցիչներ։
ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի այցը Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան
Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան և հանդիպել ուսուցիչների ու սաների հետ։
Նախարարը բարձր է գնահատել վարժարանի դերակատարությունը հայապահպանության, ազգային կրթության, միջմշակութային երկխոսության զարգացման գործում՝ նշելով, որ կրթահամալիրի ավանդույթներն ու ուսումնական ծրագրերն արժանի են ընդօրինակման։
Դավիթ Բաբայանը նաև պատասխանել է ներկաների հարցերին։
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Դավիթ Բաբայանի հանդիպումը Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Նորա Հովսեփյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամներ և մի խումբ բարերարներ։
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ դատի հանձնախմբին՝ Արցախին մշտապես սատարելու և Արցախի շահերը պաշտպանելու համար։
Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության ջանքերը գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառույցն իր ուրույն դերակատարությունն ունի հայ ժողովրդի մտավոր ներուժի զարգացման գործում։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն