Մոսկվան, Երևանն ու Բաքուն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում չեն քննարկում Հարավային Կովկասում «արտատարածքային միջանցքի» ստեղծման հարց, որը կսահմանափակի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը: Այս մասին «Ռոսսիյսկայա գազետա» թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Ռուսաստանը միշտ սատարել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կանգնած է 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի երեք երկրների առաջնորդների հայտարարությունների դիրքերում: Դա նշանակում է, որ փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չի գնում որևէ «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպով կսահամանափակեր կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, դրա մաս խոսք չկա և չի կարող լինել»,- ասել է նա:
Օվերչուկը նշել է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք. «Ճանապարհի վրա ինքնիշխանություն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով անցնում է այդ ճանապարհը»: «Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով՝ ադրբեջանական»,- պարզաբանել է փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ մոտ երկու տարում խումբը մեծ աշխատանք է կատարել, որի արդյունքում խմբի մասնակիցներն ունեն երթուղիների շուրջ տեսլական, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակման:
Կարդացեք նաև
Օվերչուկն ընդգծել է, որ բացել կամ կառուցել ճանապարհներ հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ որոշեն երկու երկրների սահմանները հատելու իրավական ռեժիմը, ինչպես նաև այդ ճանապարհներով անցնելու կարգը: «Գործնականում այդ սկզբունքի իրականացումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհով մուտքը Ադրբեջանից Հայաստանի տարածք կիրականացվի սահմանային և անձնագրային ստուգման միջոցառումներով, այնպես, ինչպես օրինակ Իրանից Հայաստան մուտք գործելիս է արվում: Նույն կերպով, անձնագրային ստուգում կլինի նաև Հայաստանից Ադրբեջան մուտք գործելու դեպքում,- ասել է նա:- Բացի այդ, քննարկվում է ճանապարհների վճարովի օգտագործման հնարավորությունը՝ համաձայն երկրների ազգային օրենսդրության, ինչպես նաև մյուս երկրի տարածքով անցնելիս քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգության ապահովման հարցը»:
Ըստ Օվերչուկի գնահատականի՝ «բոլոր կողմերն այսօր ունեն ըմբռնում, որ այդ հարցերի իրականացումը գործնականում հնարավոր է առանց որևէ երկրի ինքնիշխանությունը սահմանափակելու»: «Սակայն բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ ի հայտ կգա լիարժեք վստահություն, որ բոլոր իրավական ասպեկտները հաշվի են առնված, ոչ մի բան բաց չի թողնված, և ոչ մեկ ձեռք բերված արդյունքը չի մեկնաբանի որպես հաղթանակ հակառակ կողմի նկատմամբ: Բանակցությունների բարեհաջող ավարտը կլինի դրա բոլոր մասնակիցները հաղթանակը»,- ասել է Օվերչուկը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ