«Իմ՝ որպես դիվանագետի հաջորդ քայլն այն է, որ Երեւան գնալուն պես իմ գլխամասին՝ մայրաքաղաքներին, զեկուցելու եմ։ Սա մեր առաքելությունն է։ Միաժամանակ, ԵՄ պատվիրակությունը կոնկրետ ծրագրի շրջանակում փորձում է օգնել ժողովրդին»,-սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակման հետեւանքները տեսնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
-Ձեր աչքով տեսաք վայրագությունները, ի՞նչ գնահատական կտաք այդ ամենին,-հարցրին լրագրողները՝ նկատի ունենալով ադրբեջանցիների կողմից, այդ թվում` կին զինծառայողների դաժան խոշտանգումը փաստող տեսանյութերը։
Դեսպան-«Եկեք ճշգրիտ լինենք։ Վայրագություն չեմ տեսել, տեսել եմ վնասներ՝ քանդված, վերացված շինություններ։ Սա շոկային է։ Տեսա որոշ լուսանկարներ եւ այն տեսանյութը, որը նկատի ունեք։ Այդ տեսանյութն անընդունելի է։ Այն նախ պետք է հետաքննվի միջազգային չափանիշների սկզբունքների համաձայն, հետո հնչեցնենք կարծիքներ։ Ինչ վերաբերում է անհետ կորածների եւ գերիների հարցին, մենք աշխատել ու շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Մեր գործընկերներից է ԱՄՆ-ն, եւ կան նաեւ այլ անդամ-երկրներ, որոնց հետ գործունեություն ենք ծավալում։ Չենք հանձնվելու, քանի որ մարդասիրական բաղադրիչը պետք է կատարվի։
Կարդացեք նաև
-Թեեւ միջազգային հանրությունն աշխատում է, սակայն ադրբեջանցիները Հայաստանին վերադարձնում են գերեվարվածների մարմինները։
Դեսպան-«Ես շատ լավ հասկանում եմ ձեզ, բայց դուք էլ պետք է հասկանաք, որ մենք օժանդակող դեր ունենք։ Միակ բանը, որ կարող ենք ձեզ խոստանալ, այն է, որ մենք չենք հանձնվելու։ Ֆրանսիայի հետ մեկտեղ աշխատում ենք։ Գիտեք, որ համատեղ ջանքերով որոշ գերիներ եկան, բայց որոշներն էլ, ցավոք․․․։
Հավելենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ դարձած մի քանի գյուղեր այցի արդյունքում Անդրեա Վիկտորինն արձանագրեց, որ քաղաքացիական-գյուղատնտեսական ենթակառուցվածքների թիրախավորումը հստակ է, որ բռնությունը դատապարտելի է եւ պետք է նստել բանակցությունների սեղանին։ Դեսպանի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ի հետ քննարկում են ՀՀ-ին տրամադրվելիք մարդասիրական ծրագրերում փոփոխություն անելու հնարավորությունները, որոնք վերաբերում են չպայթած ռազմամթերքի մաքրման աշխատանքներին։ Անդրեա Վիկտորինը նաեւ ասաց, որ ցնցված է Ջերմուկի ուղղությամբ սեպտեմբերի 28-ին երեք հայ զինծառայողի զոհվելու փաստով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ