Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքն իսկապես առաջնահերթ է

Սեպտեմբեր 30,2022 10:00

Եթե մարդը ստանում է 75 հազար դրամ աշխատավարձ, ապա դրանից պարտադիր չէ եզրակացնել, որ նա բավականաչափ կրթված չէ: Կարող են լինել բազմաթիվ պատճառներ. սկսած նրանից, որ, չնայած կատարած աշխատանքի կարեւորությանը, վարձատրությունը ցածր է, վերջացրած նրանով, որ բարձր եկամուտը կարող է չլինել տվյալ մարդու կյանքի իմաստը: Պետք չէ բացառել մարդկանց այլ՝ ոչ նյութական մղումները: Օրինակ, կարող է լինել ցածր վարձատրվող ուսուցիչ կամ գիտաշխատող, որը փայլուն կրթություն է ստացել եւ աշխատում է ցածր վճարի դիմաց, քանի որ շատ է կարեւորում իր գործը: Իսկ մեր պետության պարագայում, կարծում եմ այդ եւ մի շարք այլ բնագավառներ չափազանց նշանակալից են, թեեւ պատշաճ չեն գնահատվում:

Եվ հակառակը՝ մեր օլիգարխներն ակնհայտորեն վատ կրթություն են ստացել, ինչը պարզ է դառնում, երբ նրանք փորձում են որեւէ անփոփ միտք արտահայտել, բայց ունեն գործարարի որոշակի ձիրք, որի շնորհիվ հարստացել են: Դե, իսկ միջնակարգ կրթությամբ եւ պետբյուջեի հաշվին բարձր վարձատրվող պարեկների եւ այլ ուժայինների մասին լռենք:

Այնուամենայնիվ, ես կհամաձայնեի այն մտքի հետ, որ կրթությունը շատ կարեւոր է: Բայց դրա գերնպատակը մարդուն նյութապես հարստացնելը չէ: Մարդը պետք է գիտելիքներ ձեռք բերի՝ աշխարհի ողջ հարստությունն ու բազմազանությունն ընկալելու համար: Տգետ մարդը (նկատենք, որ տգետ կարելի է մնալ նաեւ բուհն ավարտելով, եւ հակառակը՝ լինել գիտակից՝ առանց որեւէ դիպլոմի) ապրում է իր կարծրատիպերով, իր պատրանքներով, հաճախ՝ իր քիմերաներով: Նա ոչ մի բանում կասկածներ չունի, եւ ապրում է իր «բուսական», բնազդային կյանքով:

Տգետ մարդը նաեւ վատ քաղաքացի է: Օրինակ, ինչո՞ւ մեր հասարակությունը չցնցվեց պատերազմում պարտվելուց հետո: Հիմնական պատճառը, կարծում եմ, այն է, որ հայաստանցիների մեծ մասը չգիտի, թե ինչի համար է պետք պետություն ունենալ, մարդիկ աղոտ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է սպասում իրենց եւ իրենց երեխաներին՝ պետությունը կորցնելուց հետո: Այդ մարդիկ խեղված պատկերացումներ ունեն, «սեւ-սպիտակ» են տեսնում թե՛ սեփական երկրի եւ թե՛ աշխարհի պատկերը: Եվ կարեւոր չէ, թե որ ուժերն են նրանց ուղեղում արտապատկերվում որպես «սեւ», եւ որոնք՝ որպես «սպիտակ»:

Այնպես որ՝ այո, կրթությունը՝ անվտանգության հետ միասին, մեր առաջնահերթ խնդիրն է: Տեղեկություններն այսօր, այսպես ասած, «թափված են» ամեն քայլափոխի: Իսկ ահա գիտելիքը՝ հազվագյուտ է եւ արժեքավոր:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Երբ ամբողջ կյանքը փողով հոդված գրած, հայրենիքը թշնամուն ծախած, մեծարգո փողի մեռած պարոնը խոսում է կրթության ու գիտության մասին, ուրեմն հաստատ իմացեք, որ գիտակրթական յուղոտ շենքերը շուտով կդառնան առեւտրական կենտրոններ: Գռզոյի աչքը լույս…

  2. gohar says:

    Ջորդանո Գալիլյան,_
    ամոթ ունեք ?

    • Ջորդանո Գալիլյան says:

      Այդ հարցը տվեք ձեր սիրելի Նիկոլին ու Գռզոյին: Սրանք որ ամոթի մի կաթիլ անգամ ունենային՝ վաղուց արդեն հեռացած կլինեին, չէին շարունակի իրենց զազրելի թրքահպատակության ու պարտվողականության քարոզը, ըմբոստ հայերին էլ ամոթանք չէին տա… 🙂

  3. Gohar says:

    Առավոտի առաջին համարից սկսած երբ ապրում էի ավերակված Գյումրիում մինչ առ այսօր երբ կտրել եմ Ատլանտյան օվկիանոսը օրս սկսում եմ Առավոտով եվ պատճառը Արամ Աբրահամյանի բարձր պրոֆեսիոնալիզմն է։ Նրա չեզոք պահվածքում եմ գտնում եվ հասկանում Հայաստանում տեղի ունեցողիրադարձությունները։ Փողով հոդվածներ գրողները փողոցում են։. Ներողություն եմ խնդրում տեխնիկական սխալներիս համար։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալ եմ գնահատականի համար:

    • Ջորդանո Գալիլյան says:

      “…կտրել եմ Ատլանտյան օվկիանոսը օրս սկսում եմ Առավոտով եվ պատճառը Արամ Աբրահամյանի բարձր պրոֆեսիոնալիզմն է։”

      Բանն այն է, որ ես նույնքան բարձր եմ գնահատում Արամ Աբրահամյանի եւ ընդհանրապես «Առավոտի» պրոֆեսիոնալիզմը: Սա կասկածից դուրս է, եւ նման գնահատականի համար պետք չէ անգամ կտրել օվկիանոսներ եւ բարձրաբերձ լեռնաշղթաներ: Անհասկանալի է միայն, թե ինչու է այս թեման քննարկվում գիտելիքին ու կրթությանը նվիրված խմբագրականի մեկնաբանության մեջ…

      “Փողով հոդվածներ գրողները փողոցում են”

      Ուշադիր հետեւեք փողոցային «երթեւեկությանը»: Փողով հոդված գրող փողոցայինները վաղուց արդեն փողոցից տեղափոխվել են կառավարություն, իսկ նրանց ամենակարկառուն ներկայացուցիչը զմռսվել է Հայաստանի վարչապետի աթոռին…

      “Ներողություն եմ խնդրում տեխնիկական սխալներիս համար։”

      Տեխնիկական սխալները ոչինչ, իսկ ահա մի փոքր ուշադիր լինել՝ մեկնաբանությունների բովանդակությունը եւ իմաստը ճիշտ հասկանալու համար՝ չէր խանգարի…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930