Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը սեպտեմբերի 19-ին տեղեկացրեց, որ «ՀՀ Սահմանադրական դատարան. Տեղեկագիր» պարբերականի 1(105) 2022 էլեկտրոնային տարբերակը հասանելի է: Բովանդակությունն ավելի քան խոսուն է. «Կիսաշխարհիկ կամ կրոնական պետությունը որպես պետության բնութագրիչ, իրավահամեմատական վերլուծություն» (Ա. Խաչատրյան, Վ. Թորոսյան), «ՀՀ քրեական դատավարության իրավունքի զարգացումը՝ օրենսգրքին հակառակ» (CONTRA LEGEMՑ), Ա.Ղամբարյան, «Պատճառված վնասի հատուցման Սահմանադրական հիմունքների որոշ հարցեր» (Ա.Գրիգորյան), «Անձնական տվյալների պաշտպանության իրավունքի առանձնահատկությունները սահմանադրական իրավունքների դասակարգման շղթայում» (Լ.Մինասյան): «Վերլուծական նյութեր» բաժնից բացի, կա «Երիտասարդ գիտնականի ամբիոն» բաժինը, ուր այս անգամ տեղ էին գտել, մասնավորապես, «Դատավորների կարգապահական պատասխանատվության հիմնահարցերն ու գործառնական նշանակությունը» (Հ.Հարությունյան), «Մեղքի սկզբունքը եւ պատժի համաչափության սկզբունքը Սահմանադրական արդարադատության եւ եվրոպական իրավական չափորոշիչների համատեքստում» (Դ. Մինասյան) հրապարակումները, որոնք մասնագիտական լսարանի համար խիստ արդիական են: Պարբերականն «ավանդույթի» համաձայն, ավարտվում է ՍԴ որոշումների, «Հատուկ կարծիքների» հրապարակմամբ. սկսվում է 2022 հունվարի 18-ից:
Պարբերականը տեղեկացնում է, որ գիտական հոդվածներն ամբողջությամբ արտահայտում են հեղինակների դիրքորոշումները ու վերլուծությունները եւ չեն նույնանում Սահմանադրական դատարանի պաշտոնական դիրքորոշումների հետ. «Սահմանադրական դատարանը պատասխանատվություն չի կրում հեղինակների արտահայտած կարծիքների համար»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2022