Հարցազրույց Ազգային օպերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար եւ նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ
– Պարոն Օրբելյան, դուք մեկ տարի է՝ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն եք, ի՞նչ նախագծեր են իրականացվել ձեր կողմից:
– Այո, դուք իրավացի եք, արդեն ավելի քան մեկ տարի է՝ ես այս նոր աշխատանքն եմ ստանձնել եւ, ցավոք, այն համընկավ համավարակին հաջորդող ժամանակահատվածին: Չնայած բոլոր դժվարություններին՝ պետք է խոստովանեմ, որ հսկայածավալ աշխատանք է այս ընթացքում իրականացվել։ Օգոստոսին Բրայանտ պուրակում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Վերդիի հիասքանչ «Տրավիատա» օպերան տաղանդաշատ տենոր Չարլզ Կաստրոնովայի եւ անզուգական սոպրանո Եկատերինա Սյուրինայի կատարմամբ, ում հետ ես բազմիցս ելույթ եմ ունեցել։ Բացի այդ, սեպտեմբերին Բրայանտ պուրակում ամերիկացի նշանավոր սոպրանո Սառա Կոբերնի հետ միասին ներկայացրինք «Լուչիա դի Լամերմուրը»։ Հենց այս երգչուհու հետ էլ ես ձայնագրել եմ Բելլինիի «Պուրիտաններ» օպերան Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ ամերիկացի տենոր Նաթան Գրանների մասնակցությամբ։ Շատ նախագծեր եւ ծրագրեր կան, որոնք իրականացնելու համար քայլ առ քայլ առաջ ենք գնում։
– Չե՞ք կարոտում Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնը:
Կարդացեք նաև
– Իհարկե, կարոտում եմ եւ ինձ հարազատ դարձած թատրոնը, եւ իմ գործընկերներին ու բարեկամներին։ Հայաստանն իմ հոգում ու սրտում է։ Ես ամեն օր եմ հետաքրքրվում Հայստանում տեղի ունեցած ամեն ինչով, մշտապես կապի մեջ եմ հայրենիքում ապրող իմ ընկերների հետ։
– Հնարավո՞ր է ինչ-որ նախագծեր իրականացվեն Ազգային օպերային թատրոնի հետ կամ թատրոնի համար՝ ձեր կապերի շնորհիվ, թեեւ այլեւս չեք պաշտոնավարում։
– Այն հանգամանքը, որ արդեն ավելի քան մեկ տարի է՝ Հայաստանում չեմ աշխատում, ամենեւին էլ չի խանգարում, որ պահեմ կապը Հայրենիքի եւ հայ արտիստների հետ։ Ի վերջո, հայաստանյան գործունեության ընթացքում մեծ թվով ընկերներ, բարեկամներ եմ ձեռք բերել, որոնց հետ իսկապես ջերմ հուշեր կան կապված։ Ես մշտապես, հնարավորության դեպքում, փորձում եմ հայաստանցի իմ գործընկերներին մասնակից դարձնել տարբեր միջազգային նախագծերի։ Մասնավորապես՝ այս օրերին էլ Վրաստանի Բաթում քաղաքում տեղի ունեցող «Օպերայի ոսկյա ձայները» միջազգային մրցույթին (որի ժյուրիի կազմում եմ նաեւ ես) Հայաստանը կներկայացնեն մեր տաղանդաշատ երիտասարդ երգիչները։ Վստահեցնում եմ, որ անկախ ամեն ինչից, Հայաստանի օպերային թատրոնն ինձ համար անչափ հարազատ վայր է եւ այն հանգամանքը, որ ես մշտապես փորձում եմ օգտակար լինել հայաստանցի մեր տաղանդաշատ արտիստներին միջազգային տարբեր հարթակներում ներկայանալու համար, նույնպես յուրատեսակ ձեւ է մեր թատրոնի գործունեությանն աջակցելու։
– Այնուամենայնիվ, ինչու այս իշխանությունները փորձեցին ձեզանիզ «ազատվել»:
– Գիտեք, այս թեման անցյալում է, սակայն չեմ կարծում, որ իմ դեմ էր այդ ամենն անձնապես ուղղված, պարզապես այդ փուլում ոլորտի պատասխանատուները ամբողջապես չէին պատկերացնում իրենց անելիքները, ինչն էլ բացասաբար էր ազդում ոչ միայն օպերային թատրոնի գործունեության, այլեւ մշակույթի ամբողջ ոլորտի վրա։ Ցավում եմ, որ բոլոր այն մեծածավալ ծրագրերը, որոնք մեկնարկել էինք մեր թատրոնի մեծ ստեղծագործական թիմով, կիսատ մնացին։ Ես Հայաստան էի եկել իմ հնարավորություններն ամբողջապես ծառայեցնելու իմ հայրենիքին, ավաղ, միշտ չէ, որ մեր ցանկություններն ու հանգամանքները միմյանց փոխլրացնում են։ Բայց քանի որ խոսք գնաց հենց այդ փուլի մասին, պետք է ասեմ, որ ես իսկապես անչափ զգացված էի, որ ինձ հետ ամեն օր աշխատող անձինք՝ օպերային թատրոնի մեծ ընտանիքի բոլոր անդամները բարձր գնահատեցին իմ աշխատանքը եւ բոլորը մեկ մարդ դարձած իմ կողքին էին։ Իսկապես այդտեղ է, որ լավագույնս դրսեւորվում էր գործընկերներիդ գնահատականը։ Կարծում եմ՝ դա բարձրագույն գնահատականն էր, որ տրվեց թատրոնի աշխատակիցների եւ որ ամենակարեւորն է՝ հանդիսատեսի կողմից։
– Ինչ կուզենայիք փոխվեր Ազգային օպերային թատրոնում:
– Օպերային թատրոնը չի կարող անմասն մնալ երկրում տեղի ունեցող իրադարձություններից եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա եւ հետագայում պետք է հնարավորություն լինի երկարատեւ ծրագրեր նախանշելու եւ դրանք իրագործելու համար։ Իսկ դրա համար առաջին հերթին խաղաղություն է պետք մեր հայրենիքին։ Վստահ եմ, որ այս գործին իրենց նպաստը կարող են բերել աշխարհասփյուռ մեր հայրենակիցները։ Մեր երկրի խաղաղությանն ու հզորացմանը բոլորս պետք է շարունակենք մասնակից դառնալ՝ մեր նպաստը բերելով հայրենիքի զարգացմանը բոլոր բնագավառներում։ Ի սրտե ցանկանում եմ հայրենիքիս, մեր ժողովրդին միասնաբար հաղթահարել բոլոր դժվարությունները, մեր պետության զարգացումը կախված է մեզնից, յուրաքանչյուրի սրտացավ մոտեցումից եւ աշխատանքից։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2022
Հնարավո՞ր է, արդյոք, որ ներկայիս, Ձեր ղեկավարած՝ Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում բեմադրեք որևէ հայկական օպերա՝ ,,Անուշ,, – ը կամ ,,Արշակ
– Բ,, – ն … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան