Ամերիկյան եւ ֆրանսիական մեծ ակտիվությունն առայժմ զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվությունը
Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին վերադարձնել զորքերը ելման դիրքեր
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Փարիզը ակտիվ ջանքեր են գործադրում՝ Հայաստան-Ադրբեջան խնդիրները մեղմելու համատեքստում: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պաշտոնյաների հայտարարությունները հիմք ընդունելով՝ կարելի է ասել, որ ՀՀ սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը հստակ արձանագրված է, ինչը ենթադրում է, որ Բաքվի նկատմամբ Վաշինգտոնի ու Փարիզի կողմից որոշակի ճնշումներ գործադրվում են:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկու պետությունները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, իրենց արձագանքով Բաքվին ու Անկարային հասկացնում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգել եւ դրա նկատմամբ ոտնձգությունների վրա իրենք աչք չեն փակելու: ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող մյուս պետության՝ ՌԴ-ի լռությունն արդեն չի էլ զարմացնում:
Կարեւորն այն է, որ Հայաստանում միշտ կգտնվեն Մոսկվայի այդ հանցավոր լռությունը պաշտպանողները, թե՝ «դե ՌԴ-ն թուլացել է ուկրաինական պատերազմից հետո…» անտրամաբանական արդարացմամբ, երբ բոլորի համար էլ պարզ է, որ մինչեւ Ուկրաինայում պատերազմն էլ Պուտինի վարչակազմի դիրքորոշումը նույնն է եղել:
Կարդացեք նաև
Ինչեւէ, սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը։ Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարեւորվել է վերջին ագրեսիայի հետեւանքների վերացումը: Այս տարի արդեն Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիեւը երեք անգամ հանդիպել են:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սեպտեմբերի 26-ից Վաշինգտոնում էր: Նա ամերիկացի ներկա եւ նախկին պաշտոնյաներին, դեսպաններին, Քարնեգի հիմնադրամի եւ այլ վերլուծական կենտրոնների անդամներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան եւ դրա հետեւանքները։ Շեշտելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք եւ սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը՝ Գրիգորյանն ընդգծել է Երեւանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում: Նա նաեւ անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին եւ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:
Գրիգորյանի՝ ԱՄՆ-ում գտնվելու օրերին Վաշինգտոնը դարձյալ շեշտեց իր դիրքորոշումը: Միացյալ Նահանգների ուղերձը հայ-ադրբեջանական սահմանին երկու շաբաթ առաջ սկիզբ առած բախումների առնչությամբ մնում է նույնը՝ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին վերադարձնել զորքերը ելման դիրքեր, կողմերին՝ աշխատել առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ճեպազրույցում պատասխանելով Նյու Յորքում անցած շաբաթ կայացած ԱՄՆ, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը ելման դիրքեր: Մենք հորդորում ենք դուրս բերել ռազմական ուժերը եւ աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով», – նշել է Փրայսը՝ շարունակելով. – «Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա պարզաբանել ենք մասնավոր կերպով, մենք դա նաեւ հրապարակայնորեն ենք ասել, եւ ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը երկու երկրների հետ, ներառյալ՝ բարձր մակարդակներում, ներառյալ՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, օգնեց դադարեցնել ռազմական գործողությունները, եւ մենք կշարունակենք ներգրավված լինել ու խրախուսել տեւական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ աշխատանքը, քանի որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»:
Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարը կարեւորել է Նյու Յորք եռակողմ հանդիպումը, եւ հույս է հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում եւս կշարունակվի: «Պետքարտուղարը երկու ղեկավարների հետ զրույցներում նշել է հրադադարի պահպանման կարեւորությունը, հանգստություն պահպանելու կարեւորությունը, ասել է, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին եւ խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարների համար էլ հստակեցրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Հարցին՝ «պետքարտուղարը նրանց հորդորեց կրկին հանդիպել մինչեւ ամսվա վերջ, Ձեր մտքում կա՞ որեւէ հատուկ վայր կամ ամսաթիվ», Փրայսն արձագանքել է, որ դա երկու երկրների որոշելիքն է լինելու, ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական ներգրավվածությունը բխում է երկու կողմերի շահերից: «Մենք առաջարկել ենք օգնել՝ երկկողմ, եռակողմ, բազմակողմ, եւ իհարկե՝ Եվրամիությունը նույնպես կարեւոր դեր է խաղում», – նշել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է ինչպես հայաստանցի, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ, եւ դա կշարունակվի։
Ասել եմ նախագահ Ալիեւին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք, ընդգծում է Մակրոնը
Օրերս աշխատանքային այցով Ֆրանսիայում էր Նիկոլ Փաշինյանը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները հստակ չլինելու պնդումներն անհիմն են, քանի որ երկու երկրները 1991-ի դեկտեմբերի 8-ին ստորագրել են ԱՊՀ-ն ստեղծելու համաձայնագիրը, ըստ որի՝ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, եւ նշել է, որ այդ սահմանների վրա հիմնված կարելի է գնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ «Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը», – նշել է Փաշինյանը: Հաղորդակցության ուղիների վերաբացման մասին Փաշինյանը նկատել է, որ «Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը եւ նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են»:
Ուշագրավ էր՝ Լեռնային Ղարաբաղի մասին դիտարկումը, որում չի նկատվում Հայաստանի որեւէ դերակատարություն. «Կարեւորում ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն եւ անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»: Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Հայաստանի տարածքներ են օկուպացվել, տարածաշրջանում իրավիճակը լարված է մնում, եւ հավելել է. «Միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով տուժած շրջաններ եւ սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ եւ ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա»:
Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով կան բազմաթիվ զոհեր, թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ «Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիեւին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք», – ընդգծել է Մակրոնը՝ շարունակելով. «Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձեւաչափերով, մասնավորապես՝ Եվրամիության հովանու ներքո, եւ պետք է դրանք վերսկսել»: «Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց սարսափելի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար։ Այն փաստացի հանգեցրեց նոր իրավիճակի՝ ընդլայնելով ռուսական բանակի ներկայությունը տարածաշրջանում։ Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին, եւ խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում», – ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով՝ անհնարին է կառուցել խաղաղություն՝ ուժի գործադրման սպառնալիքի ներքո»: Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հարավային Կովկասը դառնա կայուն, հուսալի եւ բարգավաճ տարածաշրջան։
Նկատենք, որ նոյեմբերի 9-ի, ինչպես նաեւ ռուսական հովանու ներքո այլ եռակողմ փաստաթղթերի վերաբերյալ ամերիկյան եւ ֆրանսիական կողմերը գերադասում են լռել, ինչը նշանակում է, որ նրանք առաջ են տանում պայմանավորվածությունների իրենց փաթեթը:
Փաշինյանի հետ առանձնազրույցում, հայտնի է, որ քննարկվելու էր նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման հարցը։ Ֆրանսիայի նախագահն այս թեմայով էլ նշել է, որ սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է եւ շատ էական տարածաշրջանի համար։
Փաշինյանի հետ բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահը ինչպես եւ հայտնել էր՝ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Մակրոնն Ալիեւից կրկին պահանջել է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկու նախագահները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային բախումները, ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարեւորությունը:
Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը վերստին կոչ է արել ադրբեջանցի պաշտոնակցին հարգել հրադադարը եւ պահել զինուժը ելման դիրքերում: «Նա նաեւ հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը», – ասված է հաղորդագրությունում: Մակրոնն Ալիեւին փոխանցել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է շարունակել բանակցությունները բոլոր առկախ մնացող հարցերի շուրջ, իսկ պաշտոնական Փարիզն էլ պատրաստ է իր նպաստը բերել գործընթացին, հաղորդում է Ելիսեյան պալատը:
Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի՝ Հայաստան պատվիրակություն կուղարկվի
Հայ-ֆրանսիական բանակցություններ կայացել են նաեւ պաշտպանական ոլորտի պատասխանատուների մակարդակով: Այս դեպքում էլ Փարիզը օպերատիվություն է ցուցաբերել: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն օրերս Փարիզում ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: «Քննարկեցինք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեն, եւ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքեր», -նշել է ֆրանսիացի նախարարը: «Ես հայտարարեցի Հայաստան շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ գնահատելու իրավիճակը», – հայտնել է Լըքորնյուն:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 29.09.2022