Լույս է տեսել Արմեն Ասատրյանի «Գառնահովիտի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգումը» գիրքը։ Գրքում ներկայացված են Գառնահովիտ գյուղի Սբ Գեւորգ եկեղեցում 1990-ական թթ. կատարված վերանորոգումները, 2017թ. եկեղեցու շրջակայքի հիմնավոր բարեկարգումը եւ 2022թ. եկեղեցում նոր՝ քանդակազարդ դռների տեղադրման կարեւորությունը: Հեղինակը նշում է, որ շինարարական աշխատանքների մի մասն իրագործվել է Գառնահովիտ գյուղի արժանավորագույն զավակ Համլետ Թադեւոսյանի հովանավորությամբ եւ գյուղացիների գործուն աջակցությամբ:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, հնագետների, ճարտարապետների, հուշարձանագետների եւ ընթերցող լայն զանգվածների համար:
Գյուղի աշխարհագրական դիրքն ու տեղանքը մարդկանց կողմից ընտրվել են հազարամյակների ընթացքում:
«Այստեղի բնական առանձնահատկությունները ստիպել են մարդկանց կառչել այս ժայռածերպերին: Այդ կապակցությամբ հայ ճարտարապետության երախտավոր Թորոս Թորամանյանը գրել է. «Ադիամանի բերդերի եւ բերդաքաղաքի տեղի ընտրությունը եւս եղած է իր ժամանակի պատերազմական պահանջների համաձայն: Այժմյան գյուղի արեւելյան կողմը, բարձր դիրքի վրա կա մի քարքարուտ լեռնաշղթա, որ մոտավորապես երեք կիլոմետր երկարություն ունի, երկու ծայրերը թեքված են դեպի արեւմուտք, իսկ առջեւն ունի մի ընդարձակ հարթավայր. ահա այս նկարագրված դիրքով տեղն ընտրած են բերդի եւ բերդաքաղաքի համար: Քարքարուտ լեռնաշղթայի հարավ-արեւմտյան կողմը կբարձրանա համեմատաբար, քան՝ մյուսները, ավելի մեծ եւ ընդարձակ բլուր, որի վրա շինված է նախնադարյան հին ամրոցը, իսկ մեծ բերդակիր բլուրեն դեպի հյուսիս, մակերեւույթը փոքր-ինչ դեպի արեւմուտք թեքված հարթավայրի վրա շինված էր բերդաքաղաքը, որի հետքերը այժմ միայն որոշ կերեւին»,-նշված է գրքում:
Նաեւ ընդգծվում է, որ ամբողջ տարածքը կարոտ է հնագիտական լուրջ ուսումասիրության եւ պեղումների, որի արդյունքով կբացահայտվեն Գառնահովիտի հին պատմության առեղծվածները:
Կարդացեք նաև
Նշվում է, որ բանահավաք, ազգագրագետ Սարգիս Հայկունին, 1900-ական թթ. սկզբին այցելելով գյուղ, գրել է. «Հնագիտական խուզարկուներու ուշադրութիւնը կը դարձնեմ տեղւոյս վրայ. հաստատ համոզուած եմ, թէ տեղս ժամանակին նշանաւոր տեղ եղած է. կարելի է շատ հնութիւններ գտնել»:
Գառնահովիտի ուսումնասիրությունը կարեւորել է ճարտարապետության երախտավոր Թորոս Թորամանյանը, որը գրել է, «Մի շարք գյուղերի (Հառիճ, Արթիկ, Մաստարա եւ այլն), որոնց թվում նաեւ Ադիամանի, հնագիտական մնացորդների հետազոտությունն ու ուսումնասիրությունը ստվար հատորներ կարող են լցնել»:
Հայտնի է, որ VII դարի կեսերից Հայաստանի կառավարումն իրականացնում էր «Հայոց իշխան» տիտղոսը կրող, տեղում ընտրված եւ արաբական խալիֆի կողմից հաստատված իշխանը: Իր նստավայրն էլ դառնում էր երկրի վարչական կենտրոնը: Այսպիսով, Ներսեհ Կամսարականը, ստանձնելով Հայոց իշխանի տիտղոսը (688-692 թթ.), իշխանանիստ դարձրել էր իր նստավայր Թալինը: Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ Գառնահովիտը նույնպես Կամսարական տոհմապետ Ներսեհ Դ.-ի տանուտիրական նստավայրն էր:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
29.09.2022