Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհն է վերջին շրջանում անհանգիստ»

Սեպտեմբեր 30,2022 13:00

Շվեդ ճանաչված ֆլեյտահար Շառոն Բեզալին Երեւանում է

«Արամ Խաչատրյան» համերգասրահում շարունակվում է սեպտեմբերի 8-ին մեկնարկած Երեւանյան 14-րդ երաժշտական փառատոնը՝ նվիրված անվանի երաժիշտ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին։ Հերթական համերգին, որը կայացավ նախօրեին՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացավ շվեդ ճանաչված ֆլեյտահար Շառոն Բեզալին՝ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի փոխադրումով։

Գլխավոր փորձի ժամանակ

Հարուստ ստեղծագործական ուղով ընթացող Շառոն Բեզալիին անգլիական The times հայտնի պարբերականը դեռեւս արվեստագետի կարիերայի սկզբում բնութագրել է որպես «Աստծո շնորհը ֆլեյտային»։ Պարբերականի բնութագրումը հասկանալի է, քանի որ 14 տարեկանում երաժիշտը հանդես է եկել Իսրայելի ֆիլհարմոնիկի հետ, ոչ ավել-ոչ պակաս՝ Զուբին Մեթայի ղեկավարությամբ։ Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը նրա կատարումները համեմատելով Դավիդ Օյստրախի եւ Վլադիմիր Հորովիցի հետ, նշել է, որ Բեզալիի կատարողական վարպետությունը եւ շնչառության առանձնահատկությունները ապահովում են նրա մեկնաբանությունների բարձր որակը, ընդգծելով, որ նրա վարպետությամբ ոգեշնչված կայացած որոշ կոմպոզիտորներ Շառոնին են նվիրել իրենց ստեղծագործությունները, այդ թվում՝ 20 կոնցերտ։ Մի բան էլ. նրա բուռն համերգային շրջագայությունները, ինչպես նաեւ միջազգային մրցույթներին մասնակցությունը, որտեղ մշտապես արժանացել է գլխավոր մրցանակների, սկսվել է դեռեւս Փարիզի կոնսերվատորիայում ուսանելու տարիներից։

Վարպետության դասերի ժամանակ

Ֆլեյտահարի հետ մեր զրույցը սկսվեց նրա խոսքով. «Շատ կարճ ժամանակով եմ այցելել ձեր երկիր՝ ընդամենը երկու օր։ Գիտեմ, որ դժվար ժամանակներ եք ապրում, ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհն է վերջին շրջանում անհանգիստ։ Բայց մյուս կողմից ուրախ եմ, որ եկել եմ եւ իմ արվեստով կարող եմ ձեզ ոգեւորել։ Ուրախ եմ նաեւ, որ Խաչատրյանի հայրենիքում առաջին անգամ եմ ներկայացնելու աշխարհահռչակ կոմպոզիտորի աշխարհահռչակ կոնցերտը, ինչը աննկարագրելի պարտավորեցնող է։ Ձեր նվագախմբից փառատոնին մասնակցության հրավերը ստացել եմ լոնդոնաբնակ հրաշալի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի կողմից, որը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ հանդիսանում է այս փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ Ալեքսանդրի հետ բազում կամերային համերգներ ենք ունեցել տարբեր երկրներում, մասնակցել այլ փառատոների եւս։ Նրա միջոցով եմ քիչ թե շատ ծանոթ հայկական մշակույթին։ Առայժմ իմ նվագացանկում միայն Խաչատրյան է, բայց կարծում եմ՝ Ալեքսանդրի միջոցով ու օգնությամբ առաջիկայում այն կհարստացնեմ հայկական այլ ստեղծագործություններով եւս»։

Եվ կարծես բեմելից առաջ իրեն ապահովագրելով, Շառոն Բեզալին ժպտալով հավելեց. «Խաչատրյանի Ջութակի կոնցերտի կատարումը ֆլեյտայով շատ բարդ է, քանի որ կոմպոզիտորը այն ջութակի համար է հորինել՝ նկատի ունենալով այդ գործիքի անսահման արտահայտչամիջոցները, որոնք ի տարբերություն ֆլեյտայի՝ ավելի մեծ են։ Ասեմ նաեւ, որ Չաուշյանի խոսքերը, թե Հայաստանի ֆիլհարմոնիկը բարձր մակարդակի նվագախումբ է, ես հենց առաջին փորձի ժամանակ հասկացա՝ տեսնելով հատկապես ձեր դիրիժորի կողմից ինձ արված դիտարկումներն ու նկատառումները։ Նվագախմբում ունեք լավ ֆլեյտահարներ, հիացած եմ։ Շփվել, մտքեր եմ փոխանակել ֆլեյտահարների կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանի հետ։ Նրա հետ հիմնականում անդրադարձանք ֆլեյտայի համար եղած գրականությանը։ Հուսով եմ, Նարեկը օնլայն ինձ կծանոթացնի հատուկ ֆլեյտայի համար գրված հայ հեղինակների մեկ-երկու գործերին, որոնք կհարստացնեն երկացանկս»։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ժամանակ է գտել եւ վարպետության դաս անցկացրել Նարեկ Ավագյանի աշակերտների հետ, որոնցով տպավորված է։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930