Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր «լայքը» ամենաթանկ կրիպտոարժույթն է»

Սեպտեմբեր 30,2022 12:30

Հարցազրույց բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանի հետ

– Պոեզիայի եւ կյանքի համար ի՞նչ ընդհանուր բանաձեւ ունեք։

– Երկուսն էլ գործողության մասին են: Երկու տարածքում էլ ապրելու, այսինքն՝ լինելու իրավունքի համար պետք է չդադարել գոհանալ, չգտնել ինքնարդարացնող թլվատ բացատրություններ անհաջողությունների հասնելիս, մրցակցել ինքդ քեզ հետ, ոչ՝ այլոց, եւ ինչպես Ափդայքի Սառան էր ասում նամակներից մեկի վերջում. «Դարձիր ինքդ քո ներհուն լույսը»:

– Հասմիկ, հարցազրույցներից մեկում ասել եք. «Եթե մարդը ստեղծագործում է, արդեն մի քիչ կին է»: Կասե՞ք՝ ինչու:

– Նրանք, ովքեր երեխա չունեն կամ չեն կարող ունենալ՝ անկախ սեռից, մայրություն են անում տեքստերին: Ես ինքս իմ մասին հաճախ ասում եմ, որ ես մարդ եմ, ով խնամում է բառերին ու բույսերը:

Ծնող դառնալուց հետո մարդիկ ավելի քնքշանքներ են գտնում իրենց ներսում, նաեւ իրենց ապրելու հանդեպ պատասխանատվություն, որովհետեւ երեխաները կյանքի նյութականացում են, ուզած-չուզած ապրելու պայմանագրեր: Ես աշխարհին հպվում եմ բառերով, բառերն իմ երեխաներն են:

– Մենակյաց մարդ եք: Դժվար չէ՞: Եվ վերջպես՝ միայնակ մնալով մարդ ինչ է կորցնում եւ ինչ է գտնում:

– Ես սիրում եմ իմ մենակությունը: Դժվար չի, որովհետեւ ինձ հետաքրքիր է ինքս ինձ հետ մնալը: Իմ պարագային կորուստներ չեն գրանցվել, շահել եմ մենության տրված ամենաթանկ բանը՝ լռություն ու լռությունը զարդարելու իմ ուզած կերպը՝ ընթերցանության երկար ժամերով, մարմինը մարզումներով ճկելով, երաժշտությամբ, շատ աշխատելով ու նաեւ ոչինչ չանելու շռայլությամբ, դադար տալով ու ներկայում ներկա լինելով:

Մենակ ժամանակ ես երբեք մենակ չեմ, ես ավելի շատ մենակ եմ մարդկանց հետ:

– Մեզ հետաքրքիր է որոշումների, ապրելակերպի եւ ընտրության մասին ձեր տեսակետը:

– Մի բառ կա, որին վերջերս պարբերաբար անդրադառնում եմ, իսկ դասախոսություններիս կամ վարպետաց դասերի վերջում մաղթում մասնակիցներին: Հոգնել: Առաջին հայացքից պարզ է ու տրամաբանական, թե որ արմատից է «հոգնել» բառը կազմված՝ հոգնակի, այսինքն շատ բան, հոգնակի բան անելուց հոգնում ես: «Հոգ»-ը նաեւ հոգսն է: Աճառյանական բացատրությամբ այս բառի արմատը հոգին է, որ սանսկրիտից թարգմանաբար նշանակում է կյանք, սիրտ, կամք: Այսինքն պետք է կամք ունենաս, որ գործես, արածդ գործի մեջ պետք է սիրտ ու ջանք դնես, որ վաստակես հոգնելու իրավունքը:

Այսինքն հոգնությունը մի բան է, որ տրվում է իբրեւ պարգեւ կյանքի դիմաց, գործողության դիմաց:
Սա ինձ համար որոշ առումով կրեդոյի նման է: Գործել եւ չվախենալ: Եվ հոգնել, իրավունք ունենալ հոգնել:

– Եթե խոսում ենք գրականությունից, ապա գրաքննադատությանն էլ անդրադառնանք։ Ըստ ձեզ` ի՞նչ շերտում է գտնվում
գրաքննադատությունը Հայաստանում եւ առհասարակ գրաքննադատությունը գրական մթնոլորտը փոխելու, սինթեզելու լավագո՞ւյն միջոցն է։

– Մեռածի մասին ասում են կամ լավը, կամ ոչինչ: Ներկա հայ գրաքննադատության մասին խոսելիս ստիպված ենք մեկ րոպե լռությամբ հիշատակը հարգել:

– Հասմիկ, անխաղաղ ժամանակներում ենք ապրում. պատերազմը երբեք չի շրջանցում մեր երկրին։ Ի՞նչ պետք է անենք, որ չենք անում։ Եվ արդյո՞ք այսօր գրականության ներկայացուցչից ինչ-որ բան կախված է։

– Եթե գրականության ներկայացուցիչը քաղաքագետ է, տիրապետում է փաստերի ու տվյալների, առաջ է քաշում ծրագրեր ու առաջարկներ, այլ ոչ օրվա թեմայի հանգույն պոստֆակտում եզրահանգումներ անող է, ապա նրա խոսքն ու գործը կարող են որոշակի կարեւորություն ունենալ:
Հայերենում մի բառ կա՝ «նանիր», նշանակում է փուչ, դատարկ: Այս բառն առաջացել է նույնանուն բուսատեսակից՝ նանիր խոտից: Ըստ Ղեւոնդ Ալիշանի «Հայկական բուսաբառություն» գրքի՝ այս բույսի սերմը եթե առավոտյան ցանեիր, «ի ժամ ճաշուն բուսանէր եւ ծաղկէր եւ ի մուտ արեգական չորանար խոտն նանիր», այսինքն կեսօրին աճում էր, ծաղկում ու հենց նույն օրը մայրամուտին թառամում-գնում: Միտս են գալիս քաշային տարբեր կշիռ ունեցող այն բոլոր թեմաները, որ բուռն ծավալվում են մեզանում կեսօրին ու երեկոյան եւ ապա մեռնում-հանգում: Ու բացվում է նոր օրը՝ թեժությամբ նախորդին չզիջող նոր թեմայով: Թեմաներ, որոնց մի բառով կարելի է կոչել նանիր, որոնք գալիս են հագուրդ տալու արտահայտվելու էներգիան ու գործելու փոխարեն փուքս իջեցնող են: Այսօր լայքը ամենաթանկ կրիպտոարժույթն է՝ շոյող սնափառությունն ու էգոն, հանդարտեցնող բոլոր տեսակի ցավերն ու տագնապները:

– Ձեր գրական մեծ ուսուցիչ, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանն իր «Հայրերի հող» ստեղծագործության մեջ այսպիսի մի տող ունի. «Դու նա ես, որին կորցնելուց հետո էլ ոչինչ չենք ունենա կորցնելու»։ Մենք, ցավոք, ամեն օր ենք կորցնում… իսկ ո՞րն է, ըստ ձեզ, հայրերի հողը պահելու, չկորցնելու ուղին։

– Երբ պետությունը փոխարինվում է հայրենիքով ու քաղաքագիտական տեքստերի փոխարեն առաջանում են հայրենասիրական ուղերձները՝ խցելով մեր հաշմված մարմնի ծակուծուկերն ու պռատը «լավ կլինի, հաղթելու ենք, չմտածես» տեսակի կոչերով, ակամա հիշում եմ մի երկխոսություն, երբ մեկն ասաց. «Դեսպրեսիա ունեմ», զրուցակիցը պատասխանեց՝ մի՛ տխրի:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    Չի կարելի ամեն մեկին ասել բանաստեղծուհի:

  2. Տիգրան says:

    Հասմիկին միշտ սիրով եմ կարդում, մեր ժամանակի բանաստեղծների մեջ էն եզակիներից է, որ բառեր չի զրնգացնում կամ բառեր չի ծամածռում, էսպես ասեմ՝ «գեղեցիկ թուլամտությամբ» չի տառապում, նրա բառերը իրենց տեղում են, մտքի, պատկերի նշաններ են, նրա բանաստեղծությունը, եթե կարճ, ոնց որ «վհուկների ծով» թղթի վրա, շատ հետաքրքիր ու շատ վտանգավոր..), մի խոսքով, հարգանքերս Հասմիկին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930