Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ վհատվիր…

Սեպտեմբեր 30,2022 15:00
Razmik markosyan

Երբ օրն ու ես միանման մտամփոփ ենք լինում, մի ծանոթ մղում քայլերս ուղղում է այնտեղ, որտեղ ցանկապատված մի հողակտոր փարատում է ինձ` անտրտունջ ու անհատույց: Այնտեղ խտացած լռությունից ծնվող շշուկներն անցյալս թեթեւորեն տեղավորում են ընթացող օրվա մեջ ու վերաքննում այն խղճիս օգտին: Հողեղենի եւ աննյութականի հատման այդ վայրը մշտապես ապրում է իր ինքնաբավ խաղաղության մեջ ու երբեք չի միջամտում օրերիս ընթացքին: Այդ ե՜ս եմ անցյալիս հետ հաշտ, ու արդեն հասուն հանդարտությամբ ընթացող իմ ներկան ժամանակ առ ժամանակ այնտեղ ամփոփված սիրելիիս նվիրաբերում` իբրեւ ուշացած ամոքում: Ժամանակ առ ժամանակ. դա կյանքի օրենքն է, որը ես երբեմն շրջանցում եմ`ավելին տալու մղումով: Այնտեղ ես բառերի չեմ վերածում ապրումներս, անգամ մտքերի՜ չեմ վերածում: Այդ հողակտորում խաղաղված, բայց ինձ համար իր մտահոգ գոյությունը շարունակող հարազատիս հետ ես այնպես եմ նույնանում, որ ոչինչ չի մնում նրան փոխանցելու: Մնում են լոկ հուշեր ու ափսոսանք. ափսոսանք, բայց ոչ զղջում: Քանզի չի կարելի զղջալ այն բանի համար, ինչ սահմանված է:

* * *

Եթե անգամ համոզված սկեպտիկ լինեի, չէի կարող չընդունել, որ խորհրդային բռնապետության հետ իմ մայրական տոհմի «առնչությունները» նախախնամության ձեռքի գործն էին: Ընդամենը յոթանասուն տարի գոյատեւած գերտերությանը զոհ գնացած երեք սերնդի ներկայացուցիչ` մի ընտանիքում: Չի կարող պատահականություն լինել: Սկիզբը 1930-ականներին էր, երբ պետական տեռորի ազդարարմամբ դեռեւս սաղմնային կոմունիստների երակներում մակարդվեց մարդու արյունը: Ուղեղազուրկ արարածներին անսահմանափակ լիազորություն տրվեց՝ երկրի բնականոն զարգացումն ապահովելու կոչված ազգաբնակչությանը կորստյան մատնելու եւ երկիրը կանխորոշված ուղով զարգացնելու համար: Մարդկային ռեսուրսների հսկայական (համաշխարհային պատերազմից էլ ավելի) կորուստների համար որպես «պրոտոկոլային» հիմնավորում էին ծառայում հենց կորստյան գնացողների ձեռքով գրված մեղադրական խոստովանությունները, որոնք կորզելու մեխանիզմին ուղեղազուրկները տիրապետում էին կատարելապես: Ժողովրդի սերուցքի ձեռքը բահ տրվեց՝ սեփական գերեզմանը փորելու համար: Բահ չես ուզում, ձեռքով կփորես:
Հեղափոխությունից հետո, մինչեւ 1927 թիվը, մորս հոր` Լեւոն պապիս նյութական վիճակը արձանագրվել է «միջին»: 1930-ին նույն կարողությամբ նա ճանաչվել է կուլակ ու դատապարտվել` դաշնակցական կուսակցությանն անդամակցելու եւ հակասովետական ագիտացիա վարելու մեղադրանքով:

Պապս` Լեւոն Հակոբյանը, չապացուցված մեղքի համար պատիժ է կրել՝ դառնալով մահվան ճամբարի`սոլովեցկյան ԳՈՒԼԱԳ-ի առաջին բնակիչներից մեկը: Կալանքից վերադառնալուց հետո` 1937-ին, պապս կրկին ձերբակալվել է` կուլակների հետ կապ պաշտպանելու, քայքայիչ գործունեություն վարելու կեղծ մեղադրանքով եւ դատապարտվել պատժի առավելագույն չափի` գնդակահարության՝ ունեցվածքի առգրավմամբ: Մինչդեռ, երբ ճամբարի մի քանի կալանավորներ պապիս առաջարկել են միասին փախուստի դիմել դեպի Ֆինլանդիա, պապս հրաժարվել էր` մտքում ունենալով իր յոթ զավակներին ու իր վերադարձը հայրենիք:

Մայրս, որ ծնողների առաջնեկն էր ու հոր գնդակահարության տարում` արդեն ամուսնացած, հորս բարեհաճ աջակցությամբ խնամել է իր վեց քույրերին ու եղբայրներին, որոնց գումարվում էին իր երեխաները: Մորս եղբայրներից ավագը, որն արդեն հասունացել էր ու թեթեւացնում էր ծնողներիս հոգսը, հայրենական պատերազմի տարում զորակոչվել է բանակ (թեեւ ուսուցիչ էր ու տարկետմամբ ազատված էր զինապարտությունից), գերի է ընկել ու մնացյալ կյանքն ապրել տարագրության մեջ: Բայց դա դեռ ամենը չէր: 1948-ին կարմիր հրեշի որկորի զոհն է դառնում մորս քսանամյա եղբայրը` Պողոս Հակոբյանը: Նրան Յակուտիա աքսորելու նպատակով հրավիրված ժողովը լսում է «Որպես աշխատանքային գործունեությունից չարամտորեն խուսափողի եւ հակահասարակական կյանք վարողի դատավճռի մասին» զեկույցը: Ընդունված որոշումը մինչ օրս պահպանված է: Հայ մարդու ձեռքը գրառել է դատավճիռն իր հայրենակցի, որը ոտքի կոտրվածքի պատճառով ընդամենը մեկ ամիս անաշխատունակ է եղել. «Հաստատել ընդհանուր ժողովի հասարակական դատավճիռը Պողոս Լեւոնի Հակոբյանի նկատմամբ` ինչպես աշխատանքը լքողի` ՍՍՌՄ հեռավոր շրջանները` ութ տարի ժամկետով: Մերժելով նրա տված դիմումը»: ՀԽՍՀ ներքին գործերի ամփոփագիրը վկայում է, որ այդ շրջանում հազարից ավելի ընտանիքներ Հայաստանից ԽՍՀՄ-ի հեռավոր շրջաններ են արտաքսել՝ ութ տարի ժամկետով: Աշխատուժի կարոտ այդ վայրերում աքսորականները հանքեր էին պայթեցնում, եւ այդ պայթյուններն իրականացնելիս էլ զոհվում է «աշխատանքային գործունեությունից չարամտորեն խուսափող» Պողոս Հակոբյանը:

Զոհված հոր որբերին հազիվ մեծացրած, արդեն բազմազավակ մորս վրա ծանրանում է քսանամյա եղբոր կորստի կսկիծը: Դրան հետեւում է քրոջ անժամանակ մահն ու նրա որբերի խնամքը (երեխաների հայրը զոհվել էր հայրենական պատերազմում): Այս ամենի հետ մեկտեղ մայրս զբաղվում է իր հարազատներին հետմահու արդարացնելու գործով: 1963-ին նա գտնում է հոր գործում առկա մարդկանց, կրկնակի հարցաքննություն է կազմակերպում ու կարողանում է արդարացնել հորը: Պապիս` Լեւոն Հակոբյանի գնդակահարության «գործի» վրա այդպես էլ գրված է` «Արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառով: Դստեր բողոքի հիման վրա»: Երեսուն տարի անց պարզվել է, որ պապիս անտեղի էին սպանել, սխալմամբ էին գնդակահարել: «Արդարացված է»: Միակ փոխհատուցումը, որ կարելի էր սպասել խորհրդային պետությունից՝ անմեղ զոհի, խեղված ճակատագրերի դիմաց. մի թիվ այսկողմ կամ այնկողմ՝ պետական վիճակագրական վարչության մատյաններում:

* * *
Հետո… հետո, երբ թվում էր, թե խորհրդային բռնապետության ինքնակեր կրքերը մասամբ հանդարտվել էին, եւ իր վեց երեխաների հետ մեկտեղ հոր ու քրոջ որբերին մեծացրած մայրս կարող էր շունչ առնել … իմ հերթը հասավ:

Պետական տեռորը խորհրդանշող 37-ից 37 տարի էր անցել, եւ ահա մայրս ներկա էր իմ դատավարությանը, որտեղ մի կողմում այն նույն պետական կառույցն էր, որի դաժան անարդարության կենդանի զոհն ու վկան էր ինքը, իսկ մյուս կողմում` կրտսեր որդին, որի գործած միակ հանցանքն այն էր, որ հանդգնել էր բարձրաձայն ասել այն, ինչի մասին չարիքի կայսրությունում հրահանգված էր անգամ չմտածել. պատմական ճշմարտության ու պատմական ստի մասին: Իսկ կարմիր հրեշը չէր սիրում նման բաներ լսել եւ որքան էլ մռնչում էր, թե քաղաքակրթվել է, էությամբ նույնն էր, ինչ կազմակերպված պետական սպանդի տարիներին:

Մայրս… Նա գրեթե չէր խոսում անցյալից: Նրա խոսքի մեջ երբեմն միայն հնչում էին որոշ դրվագներ ու սակավաբառ գնահատականներ: Ամենից շատ ոտքերն էին մատնում ամբողջ կյանքում կրած ուժից վեր հոգնությունը: Իսկ հոգու ցավն ինչպե՞ս է հայտնի դառնում: Մորս հոգու ցավը ես մորիցս թաքուն հայտնաբերել էի նրա աչքերի մեջ` հայացքի խորքերում պահված: Այնտեղ այնքան ուժ կար ու այնքան անուժություն:

Ինձ տանջում էին թե՛ մեկը, թե՛ մյուսը, քանի որ երկուսն էլ չափից ավելի էին: Հետո ես այդ հայացքը տեսա, երբ դատարանում, դատից անմիջապես հետո, տարան ինձ: Երբ մայրս այն երկար ու տանջալից ճանապարհը կտրել-հասել էր Մորդովիա՝ ինձ տեսնելու, եւ դեռ ուզում էր մնալ ու ապրել ինձ հետ՝ աքսորավայրում, իսկ ես մերժեցի նրան: Ես մորս հայացքում նրա հոգու ըմբոստ, բայց զուսպ ցավը տեսել ու այնպես դառնագին ճանաչել եմ այն, երբ իմ պայքարի ընկերներից ոմանք տեղի տալու գնով նպաստավոր պայմաններ էին ստեղծում իրենց համար, իսկ ես զրկանքն էի ընտրում որպես պայքարի ճանապարհի ազնիվ ընկեր: Նաեւ այնժամ, երբ իմ վերադարձից տասն օր առաջ փախուստի կեղծ մեղադրանքով կրկնակի դատապարտել էին ինձ: Երբ բանտից վերադառնալուց հետո շարունակում էի իմ քաղաքական գործունեությունը: Ես այդ հայացքը տեսա նաեւ 1988-ին, երբ ուկրաինացի քաղաքական գործիչ Չերնովոլը (հետմահու Ուկրաինայի հերոս) Երեւանում էր: Նա եկավ մեր տուն, մոտեցավ, համբուրեց մորս ձեռքն ու ասաց, որ մեր` քաղաքական կալանավորներիս ընտանիքները շատ են տառապել ու տուժել: Հետո նա խոնարհաբար ներում հայցեց: Մայրս սեւեռուն նայեց Չերնովոլին ու միայն մի բան ասաց` «Դուք միասի՞ն էիք»…

Տարիների հեռվից հոգուս աչքով առավել պարզորոշ եմ տեսնում մորս զուսպ կսկիծը: Տեսնում եմ հստակ, թե ինչպես է նրա ձեռքերում դողում առաջին նամակս, որ գրել էի կալանավայրի ճանապարհին. «Սիրելի մայրիկ, այսպես, «հայրենի սիրով հանցապարտ», այսօր` իմ 25-ամյա տարեդարձի օրը, հաղթահարելով Թիֆլիսի, Ռոստովի, Խարկովի բանտերը (չգիտեմ` առջեւում էլ ինչ բանտեր կան, բայց գիտեմ, որ Մորդովիա են տանում), գնում ենք դեպի «Դուբրովլագ»:

Ի՞նչ Մորդովիա, ի՞նչ «Դուբրովլագ»: Որքա՛ն կուզեր նա, որ որդին իր կողքին լիներ, որ գրկեր նրան, շնորհավորեր ծնունդը ու իբրեւ թե կատակով՝ հարցեր տար հարեւան աղջիկների մասին: Կարգ ու ավանդույթ գնահատող մեր ընտանիքում, ինչպես կատարյալ հայկական ընտանիքում, կրտսեր որդին ծնողների հույսն էր ու ապավենը, նրանց վաղվա օրը: Իսկ ես մերժել-մի կողմ էի դրել ամեն անձնական, դուրս էի եկել դարի գերտերության դեմ ու պահանջում էի պատմական ճշմարտության վերականգնում, ազգային ինքնորոշման եւ հանրաքվեի միջոցով անկախանալու իրավունք: Ինչ խոսք, իմ պայքարը ոչ միայն արդարացի էր, այլեւ օրինական: Բայց ԽՍՀՄ-ում ինձ պես արդարացի օրինապահների համար բանտեր կային նախատեսված:

Մայրս գրեթե չէր խոսում անցյալից: Նա սակավախոս էր նաեւ այնժամ, երբ իր անցյալն ինձանով տեղափոխվել էր ներկա: Մեր ընտանիքն առհասարակ շատ է տառապել իմ քաղաքական «անուղղելի» հայացքների պատճառով: Բայց ուրիշ էր մորս տառապանքը, եւ ոչ միայն այն պատճառով, որ նա մայրս էր: Իսկ էլ ի՞նչ պատճառ կարող էր լինել: Այդ հարցը չի հնչել երբեք: Անգամ չի էլ ձեւավորվել: Այն իր պատասխանի հետ մեկտեղ թաքուն ապրել է մեր տան անդորրի ու աշխուժության, դարպասից ներս մտնող փոստատարի կանչի, մեր բակում իջեւանող ձմեռների մեջ, որոնք հեռու վայրերի դաժան սառնամանիքների մասին էին հուշում:

Ես հիմա` շատ տարիներ անց, թաքստոցից հանել ու արդար լույսին եմ պարզել այդ հարցն ու նրա պատասխանը: Հիմա գիտեմ` հոգու խորքում մայրս իրեն պատասխանատու էր զգում իմ կատարած ընտրության համար: Նրա անցյալի արձագանքն էր իմ ներկան: Այն ժամանակ ես զգում էի մորս ցավի սաստկությունը, բայց երիտասարդ էի ու հեռվից այսպես էի փարատում նրան. «Եթե երեք օրվա կյանք էլ ունենամ, դարձյալ չեմ զղջում: Հայրենիքը զոհեր է պահանջում, եւ մենք այն պետք է տանք անտրտունջ: Չէ՞ որ դա ճանապարհ կհարթի մեր հետնորդների համար: Նրանք կանցնեն մեր դիակների վրայով»: Կամ այսպես` «Մի վհատվիր, մայր իմ: Վերջապես, ինչպես ժողովուրդն է ասում` ջրի կուժը ջրի ճամփին է կոտրվում»: Մի վհատվիր: Այս տողերը ես գրել եմ բանտից ու գրել եմ այնժամ, երբ երիտասարդությունս անարդարության հետ անհաշտ իմ բնավորության ձեռքը բռնած ընթանում էր այնքան արագ, որ ես չէի կարող շրջվել ու ոտքիս տակը նայել: Ես կարող էի տեսնել միայն հեռու անցյալը, պատմական ճշմարտությունն ու պատմական սուտը, ուժ առնել դրանցից ու նետվել առաջ: Մարդու կյանքի ճանապարհներին հանգրվաններ կան: Եթե մարդը շիտակ է քայլում, այդ հանգրվաններում հանդիպում է ինքն իրեն: Իմ այս հանգրվանում ես հանդիպեցի ինձ` մորս հանդեպ խղճի խայթը սրտումս, որը զգում եմ այնպես, ինչպես որ նա պատասխանատվություն էր զգում իմ ընտրած ճանապարհի համար. մի տեսակ ափսոսանքով: Ափսոսանքով, բայց ոչ զղջումով: Քանզի չի կարելի զղջալ այն բանի համար, ինչ սահմանված է:

Ռազմիկ ՄԱՐԿՈՍՅԱՆ
21 սեպտեմբերի 2012թ.

«Առավոտ» օրաթերթ
29.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930