«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը տելեգրամի իր ալիքում գրում է.
MediaHub.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդման ընթացքը լուրջ իրավախախտումներով է անցնում։
Այսպես, քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քննիչը հաղորդումը ստանալուց հետո ամենաուշը 24 ժամվա ընթացքում պարտավոր է նախաձեռնել քրեական վարույթ կամ նույն օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված կարգով հրաժարվել դրանից, որի մասին կրկին 24 ժամվա ընթացքում պետք է տեղեկացնի դատախազին և հաղորդում ներկայացնողին։
Իսկ հիմա եկեք քննարկենք, թե ինչպես են իրականում աշխատում մեր իրավապահ մարմինները.
Կարդացեք նաև
1) Սեպտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազին «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կետրոնի կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։
2) Սեպտեմբերի 26-ին, այսինքն 6 օր անց, գլխավոր դատախազի տեղակալը նշված հաղորդումը գրությամբ ուղարկել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալին, խնդրելով լուծել քրեական վարույթ նախաձեռնել կամ չնախաձեռնելու հարցը։
3) Սեպտեմբերի 29-ին քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը այդ նույն հաղորդումը վերահասցեագրել է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետին խնդրելով հանձնարարել իր ենթականերին լուծելու քրեական վարույթ նախաձեռնել կամ չնախաձեռնելու հարցը։
Փաստորեն, դատախազությունը և քննչականը 24 ժամվա փոխարեն արդեն 9 օր է իրար են վերահասցեագրում մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը։