Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքեր, որտեղ մեր զինվորները մինչեւ վերջ կանգնել են եւ զոհվել». ԳՇ պետի տեղակալ

Սեպտեմբեր 29,2022 21:00

ՀՀ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը Գեղարքունիքում պատերազմական լայնամասշտաբ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով կազմակերպված շրջայցի ավարտին դեսպաններին, դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին եւ լրագրողներին ներկայացրեց ներկա պահին եւ վերջին օրերի օպերատիվ իրավիճակը:

«Արդեն տեղյակ էք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ին Ադրբեջանը երեք ուղղություններով սկսեց բավականին ագրեսիվ լայնամասշտաբ մարտական գործողություններ: Ինչո՞ւ եմ գնահատում լայնամասշտաբ գործողություններ, որովհետեւ միանգամից սկսվել են բանակային զորքերի հարձակողական գործողություններ, որոնք ուղեկցվել են հրթիռա-հրետանային կրակով, անօդաչուների կրակային աջակցությամբ: 2020 թվականի նոյեմբերի 10-ի եւ մյուս ստորագրված փաստաթղթերից հետո սա արդեն երրորդ լայնամասշտաբ գործողությունն է՝  ուղղված հիմնականում մեր բնակեցված ուղղություններին:

Եթե ուշադրություն դարձրել եք, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ պնդում է, թե, իբր, իրենց վերջին գործողությունով ստիպված նախահարձակ են եղել, որպեսզի կասեցնեն հայկական զինված ուժերի ինչ-որ երեւակայական գործողություններ: Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական զինված ուժերի կողմից նման միջոցառում ոչ պլանավորված, ոչ նախատեսված չի եղել եւ չի կարող լինել, քանի որ դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին:

Ադրբեջանի ղեկավարությունը անընդհատ նշում է, թե Հայաստանը իրենց պատմական տարածքն է, իսկ այս տարածաշրջանը միշտ ընդգծված նշվում է որպես Բասարգեչար: Դեռեւս 2021 թ. մայիսի 12-ից սկսած նրանց գործողությունների ուղղվածությունը հենց բնակավայրերի կողմն է՝ նպատակ ունենալով ստիպել սահմանամերձ շրջանի ազգաբնակչությանը լքել իրենց բնակավայրերը: Եվ այս ընդհանուր քաղաքական ֆոնի վրա Թուրքիան բավական ակտիվ պաշտպանում է ադրբեջանական կողմին եւ հայտարարում, որ ամբողջությամբ Ադրբեջանին օգնելու եւ աջակցելու է: Նման քաղաքական քայլերով Թուրքիան օգնում է ոչ թե որպեսզի թուլացվի լարվածությունը, այլ միտումնավոր ու ինչ-ինչ պլաններով ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում: Այսինքն, եւս մեկ անգամ ապացուցվում է, որ մեր հարեւանները միայն լոզունգներով են պատրաստ խաղաղ ճանապարհով հարցին լուծում տալ: Նրանք շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը:

Ուզում եմ զեկուցել, որ Հայաստանի զինված ուժերին հաջողվում է կատարել իրենց առջեւ դրված խնդիրները եւ ապահովել ազգաբնակչության ապահովությունը: Գեղարքունիքի մարզում ամսի 13-ից այն մարտական դիրքերը, որոնք  ստիպված ենք եղել թողնել, ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այնտեղ, որտեղ մինչեւ վերջ կանգնել են մեր զինվորները եւ զոհվել: «Մարդասիրական» լոզունգներով առաջնորդվող ադրբեջանական զորքերը դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին եւ առանց ամաչելու հաշվեհարդար տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագությամբ վարվել զոհվածների մարմինների, առավել եւս կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ եւ բուժաշխատողներ: Եվ հենց  իրենք էլ նկարել ու տարածել են կադրերը սոցցանցերում: Հետեւաբար, մեզ պարզ է, թե ով է մեր առջեւ կանգնած եւ լավ գիտենք, թե ում հետ գործ ունենք ռազմական տեսանկյունից:

Ես ձեզ հավաստիացնելու եմ, որ մեր զինված ուժերը ամեն ինչ անելու են, որպեսզի կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը եւ ապահովեն մեր ազգաբնակչության ազատ, անկախ եւ անվտանգ կյանքը»,- ասաց գեներալ-մայորը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկա պահին շփման ողջ երկայնքով իրավիճակը այսօր եղել է համեմատաբար հանգիստ, բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների: Ռեժիմի վերջին խոշոր խախտումը եղել է երեկ առավոտյան՝ Ջերմուկի շրջանում, որի արդյունքում մենք ունեցել ենք երեք զոհ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930