Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետեւանքով Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով կազմակերպված դիվանագետների եւ լրագրողների շրջայց ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ասաց. «Դուք անձամբ տեսաք, թե ինչպիսի ավերածություններ են պատճառվել բնակավայրերին: 148 բնակարան վնասվել է Սոթք բնակավայրում, 12-ը՝ Կութում եւ 2-ը՝ Վերին Շորժա բնակավայրում»:
Մարզպետը նաեւ նշեց, որ այս պահի դրությամբ գրեթե բոլորի մասով ունեն գնահատված կարիքների թերթիկներ, որ Սոթքում յոթ տուն ամբողջությամբ ավերված է եւ նորերի կարիք կա, որ մնացածի մասով կարիքներն արդեն գնահատված են եւ առաջիկա օրերին գումարները կփոխանցվեն բնակիչներին, որպեսզի իրենք սկսեն իրենց բնակարանների վերականգնման աշխատանքները:
«Այդ օրերին 12 բնակավայրերի, նաեւ Ճամբարակ խոշորացված համայնքի բոլոր դպրոցներում դասապրոցես չի իրականացվել: 7072 աշակերտ դպրոց չի հաճախել, 897 երեխա չի գնացել մանկապարտեզ եւ նախակրթարան: Այս պահին 12 դպրոցներում դասապրոցեսներ չեն իրականացվում՝ նկատի ունենալով անվտանգության խնդիրները: Մեր սուվերեն տարածքում ադրբեջանական զորքերի գտնվելը գյուղատնտեսական աշխատանքների վրա է բացասական մեծ ազդեցություն թողնում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած այս տարի 3 հազար հեկտար ցանքատարածք այս պահին չի մշակվում, վտանգված է նաեւ այդ ցանքատարածքներում բերքահավաքի իրականացումը»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Սակայն մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ գեղարքունիքցին երկու ոտքով ամուր կանգնած է իր հողի վրա եւ պատրաստ է մինչեւ վերջ կանգնել ու պայքարել իր հողի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ