Հայաստանում հավատարմագրված դեսպանների՝ Գեղարքունիքում շրջայցից հետո, որի ընթացքում նրանք ծանոթացան սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում համայնքում ստեղծված իրավիճակին, ՀՀ պետական պաշտոնյաները պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ասաց. «Մենք միասին եղանք երկու բնակավայրում: Գեղարքունիքը նման 12 բնակավայր ունի, բայց ինչ տեսանք երկու բնակավայրերում, կարծում եմ, բավարար էր պատկերացում կազմել մյուս 10-ի մասին: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ թշնամին թիրախավորել է մեր քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները: Այդ մասին է խոսում նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի եւ վիրավորների քանակը: Քաղաքացիական բնակչության շրջանում 4 զոհ կա եւ 6 վիրավոր:
Բազմաթիվ ենթակառուցվածքներ, ընդ որում՝ տարբեր ուղղություններով եւ տարբեր ոլորտների, որոնք դպրոցներ են, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդկանց անհատական տներ են կամ արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր են, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ: Դրանք բավական լայն աշխարհագրություն ունեն: Այսինքն, դա մեկ վայրում չէ, երկու վայրում չէ: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը համատարած բնույթ է կրել: Գիտեք, որ կա նաեւ ջրամբարի հրթիռակոծման դեպք՝ Կեչուտի ջրամբարի մասին է խոսքը: Շտապ օգնության, գյուղատնտեսական մեքենաների:
Կարդացեք նաև
Որպեսզի ակնհայտ լինի նաեւ, թե ինչ դիտավորությամբ էին մեր ենթակառուցվածքները այդ օրերին թիրախավորվում եւ հրթիռակոծվում, ուզում եմ հետեւյալ իրավիճակը ներկայացնել, երբ հրթիռակոծվել էին Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը: Դուք գիտեք, որ Հայաստանը բավականին մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանում դեպի Իրան: Սկզբից կարող է թվալ, թե պատահաբար է հրթիռակոծվել էլեկտրահաղորդման գիծը: Բայց երբ 12 ժամ շարունակ մեր մասնագետներին չթողեցին մոտենալ այդ գծերին եւ վերականգնել, երբ ամեն անգամ մեր մասնագետները մոտենում էին, որպեսզի գիծը վերականգնեն, նրանք ամեն անգամ կրակահերթի տակ էին հայտնվում եւ ստիպված վերադառնում էին: Այդ վիճակում մենք ստիպված եղանք ավելցուկ մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով ատոմակայանի, Երեւանի ՋԷԿ-ի եւ էլեկտրականություն արտադրող մի շարք այլ կայանների հզորությունները իջեցնել: Այսինքն, դիտավորյալ խախտեցին մեր ամբողջ էներգետիկ համակարգը եւ ժամեր շարունակ չէին թողնում, որպեսզի վերականգնենք:
Ինչու այս դեպքը մանրամասն պատմեցի, որովհետեւ, կարծում եմ, դա տիպիկ նկարագրում է, որ կար քաղաքացիական ենթակառուցվածքների հստակ թիրախավորում: Դուք գիտեք նաեւ, որ Կետչուտի ջրամբարն է թիրախավորվել: Իհարկե, վնասներ չկան, որովհետեւ արկերը ջրամբարի մեջ են ընկել, բայց յուրաքանչյուրս հասկանում ենք, որ այդ արկերը կարող էին ջրամբարի պատվարի մոտ հայտնվել, եւ պատկերը ամբողջովին այլ կլիներ: Այնպիսի սեզոն է, որ ջրամբարը հիմա ամբողջովին լցված է:
Նաեւ գիտեք, որ բազմաթիվ հատվածներում թշնամական զորքերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք են ներխուժել, որով սպառնում են նաեւ մեր այլ բնակավայրերին որպես իրենց թիրախավորման տիրույթում հայտնված բնակավայրեր:
Այս ամենի արդյունքում համատարած խախտվել է մարդկանց՝ իրենց բնակավայրերում խաղաղ ապրելու իրավունքը եւ մեր մի շարք բնակավայրերի բնակիչներ ստիպված են եղել տարհանվել այդ բնակավայրերից»,- ասաց նախարարը եւ տեղեկացրեց, որ ներկայումս պետական յուրաքանչյուր գերատեսչություն իր ուղղությամբ սկսել է աշխատանքներ իրականացնել, որ երեք մարզպետարանների եւ համայնքապետարանների հետ նախ փորձել են հասկանալ, թե ինչ ենթակառուցվածքներ են վնասվել, որքան տեղահանված մարդիկ ունենք եւ նրանք ինչ կարիքներ ունեն: Ուսումնասիրությունների արդյունքում անելիքները բաժանվել են երկու մասի՝ հրատապ խնդիրներ եւ ավելի երկարաժամկետ խնդիրներ: Գնել Սանոսյանի խոսքով նաեւ այդ վիճակում սկսել են հրատապ հարցերը լուծել՝ էլեկտրա եւ գազամատակարարումը վերականգնել: Ավելին, կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն վերականգնված են՝ ճանապարհային հատվածներ, գազ եւ հոսանք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ