Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չի, որ պայմանագիրը կնքեցինք եւ զենքը վաղը բարձվեց ու եկավ պաշտպանության նախարարություն». Անդրանիկ Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին

Սեպտեմբեր 29,2022 18:35

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցին՝ ի՞նչ մատակարարումների մասին է խոսքը եւ ո՞ր երկրի՝ պատասխանեց. «Զենքի մատակարարումների մասին է խոսքը: Զենքի ձեռքբերումը բարդ մեխանիզմներ է ենթադրում ու այնպես չի, որ պայմանագիրը կնքեցինք եւ զենքը վաղը բարձվեց ու եկավ պաշտպանության նախարարություն: Բարդ լոգիստիկ խնդիրներ են, անհանգիստ աշխարհ է: Մի երկիր թույլ է տալիս, որպեսզի զենքն անցնի, մեկը թույլ չի տալիս: Դուք չտեսա՞ք 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ինչ դժվարությունով փորձում էինք զենքը հասցնել Հայաստան: Նույնիսկ հարեւան պետությունները մեր օդը փակում էին, բայց հակառակորդը կարողանում էր գտնել իր համար հարմար լոգիստիկ ճանապարհներ, տիրապետում էին այդպիսի խարդախությունների, բայց ինչ արած, դա մեր ճակատագիրն է: Մեր անվտանգային խնդիրները կառուցելուց պետք է հաշվի առնենք, որ ունենք այսպիսի դժվարություններ»:

Թե որ երկիրը նկատի ուներ Փաշինյանը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Եթե անհրաժեշտ լինի, փակագծերը կբացվեն, բայց հիմա, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա»:

Հնդկական մամուլը գրում է, որ Հայաստանը մոտ 250 մլն դոլարի զենք է գնել Հնդկաստանից, լրագրողները ճշտեցին՝ համապատասխանո՞ւմ է լուրը իրականությանը: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մենք զենք ենք փնտրում բոլոր այն պետություններից, որն անհրաժեշտ է մեր պաշտպանական գերատեսչությանը, այդ երկրների մեջ կարող է լինել նաեւ Հնդկաստանը եւ կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930