Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, օգտվելով առիթից, որ նիստին մասնակցում է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, նրան փոխանցեց քաղաքացիների դժգոհությունը. «Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի դեսպանատան դիմաց երկու քաղաքացի լուռ, անձայն ակցիա են իրականացրել՝ պաստառներով: Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին եւ ինձ հիմա ասում են, որ ոստիկանական բաժանմունքում դաժան վերաբերմունքի են արժանացել եւ ծեծվել են: Խնդրում եմ այս հարցով ուսումնասիրություն արեք եւ մեր հանձնաժողովին տեղյակ պահեք, որովհետեւ քաղաքացիներին խաղաղ ակցիա իրականացնելու համար ծեծելը իմ համար անձամբ անընդունելի է, անթույլատրելի: Ես իմ ամբողջ գիտակից կյանքում դրա դեմ կռիվ եմ տվել եւ չեմ կարող հանդուրժել, որ մեր իշխանության ոստիկանությունը խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն կարող է ծեծի ենթարկել, ինչ բացատրություն էլ ուզում է լինի»;
Քրիստինե Պողոսյանն ասաց, որ եթե պետք է՝ քաղաքացիների անուն ազգանունները կփոխանցի ու գրավոր էլ կդիմի ոստիկանությանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Ձեր հնչեցրած տեղեկատվությունը ոստիկանապետի տեղակալը լսեց ու մինչեւ պարոն Ֆիդանյանը կգնա իր աշխատավայր, իր ենթակա մարմինները կուսումնասիրեն այս հարցը: Որեւէ մեկը բռնության ենթարկելու իրավասություն չունի: Ընդհակառակը, նման հարցերը խոսքով պետք է կարգավորվեն, խոսքը ամենամեծ զենքն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ