Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ այդ նախագծով սահմանվում են քաղաքացիական, ծառայողական զենքի ներկրման, կրման թույլտվության, լիցենզիա տալու, արտոնագրից զրկելու հարցերը, զենքի շրջանառության սահմանափակումները, խստացվում է ապօրինի զենքի համար պատասխանատվությունը: Ըստ հեղինակի, այս նախագծով բարձրացնում են հասարակության պաշտպանվածությունը, նախագիծը կարգավորում է ՀՀ-ում զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստում է որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը, ներդրվում է զենքի հետ վարվելու մշակույթը, որն ուղղված կլինի քաղաքացիների մարտունակության բարձրացմանը:
Հրաձգության ֆեդերացիայից երեկ նախագծի հեղինակները նամակ են ստացել, որով 4 խնդիր են մատնանշել: Հիմնական զեկուցող Վիլեն Գաբրիելյանը թվարկեց. «Մեկը վերաբերում է նրան, որ երբ իրենց զենքերով գնում են դուրս ու ներս, ամբողջ աշխարհում ոստիկանությունն է թույլտվություն տալիս, բայց մեզ մոտ մաքսային մարմիններում խնդիրներ են լինում: Դա մեր դաշտում չի: Մենք թողնում ենք ներկրումն ու արտահանումը ոստիկանության թույլտվությամբ, բայց մաքսային մարմինների հետ պիտի կարգավորվի: Մյուս խնդիրը մարզական գույքի, զենք-զինամթերքի ներմուծման եւ արտահանման հարցն է, գույքի մասով նախարարության խնդիրն է, զենքի մասով մենք լիազորող նորմը տալիս ենք: Եվս մի հարց կա. մարդիկ ասում են, որ գործող «Գնումների մասին» օրենքով խնդիրներ են լինում զենք գնելիս: Դա արդեն գլոբալ խնդիր է»:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն ասաց, որ մարզիկները արտասահմանից Հայաստան հրաժարվում են գալ մրցումների, որովհետեւ այստեղ զենք տանել-բերելը օրեր է տեւում. «Չեն կարողանում զենքը ստանալ մաքսայինից, որ մասնակցեն մրցմանը, պիտի մի շաբաթ սպասեն, հետո կրակեն: Սովորաբար մի տեղ երբ գնում են մրցման, հաջորդ օրը մասնակցում են, կրակում են ու տուն են գնում, մեզ մոտ շաբաթներով սպասում են, մինչեւ զենքը տան: Անգամ մերոնք, երբ իրենց զենքով մի տեղ գնում-գալիս են, շաբաթներ է տեւում, մինչեւ զենքը վերցնում են: Դրա համար խնդրում ենք օրենքի ուժ տալ: Ներքին պայմանավորվածություններով, ճիշտ է, երբեմն խնդիրը լուծում ենք, բայց սրանով ուղղակի հենք կստեղծենք, որ Հայաստանում կայանան միջազգային մրցումներ: Մի բան է, երբ դու ես գնում ու փող ես ծախսում, մի բան է, երբ տանտիրոջ կարգավիճակում ես, ավելի վստահ ես ելույթ ունենում ու ավելի լավ արդյունքներ ես ունենում»;
Կարդացեք նաև
Բացի այդ, Գիլոյանը պատմեց, որ զենք արտադրող գործարաններից մեկը Հայաստանի ֆեդերացիային, հաշվի առնելով, որ ունենք Հրաչիկ Բաբայանի եւ նման այլ լավ մարզիկներ, Եվրոպայի չեմպիոն ունենք, ներուժ ունենք, զենքը մեզ տալիս է 3000 եվրո արժեքով, ընդ որում՝ ամենաժամանակակից ու լավ զենքը. «Այդ նույն զենքը այլ կազմակերպությունից վաճառում են 6000 եվրոյով: Մինչեւ մենք մաքսազերծում ենք, գալիս հասնում է, 8000 եվրո է դառնում: Եթե 3000-ով ենք կարողանում գնել, ինչո՞ւ 8000 տանք: Դրա փոխարեն մի քանի զենք կգնենք: Ֆեդերացիան 100 հատ զենք չի գնելու, որ ասեն՝ 100-ից 40 հատը ջարդվեց: Մի զենքը 10 տարի օգտագործում է, շատ-շատ՝ 1 տարում 5-6 զենք գնեն: Դրա եղածն ինչ է, որ ասեն՝ ֆեդերացիան կարող է բիզնես անի: Ինքը գնելու է կոնկրետ սպորտային նպատակներով ու սպորտի համար: Ընդ որում, եթե գործարանից ենք գնում, գործարանը բռնակից սկսած՝ ամեն ինչ հարմարեցնում է մարզիկին, ձեռքի չափին: Իսկ խանութից առածը տանում են տան պայմաններում հարմարեցնում»:
Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց, որ դա մաքսայինի խնդիրն է: Նա տեղեկացրեց, որ կառավարությունն ունի հրաձգային սպորտի զարգացման հայեցակարգ, մինչ օրս քայլեր չի արվել: Այսինքն, գնդակը նետեց կառավարության դաշտ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ հարցն այս նախագծի մեջ չի տեղավորվում, բայց այլ կարգավորման ձեւ կգտնեն ու կառավարության հետ կաշխատեն. «Արծրուն Հովհաննիսյանը հիմա կրակում է այլ վայրերում, կիջնի, կհանձնարարենք, ձեր հետ կապի դուրս գա եւ նայենք սրա լուծումը ոնց է: Արծրուն Հովհաննիսյանին էլ առողջություն մաղթենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ