Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սովետական տարիներին կողքի հարեւանը, որ որսորդական հրացան ուներ, երկաթե փամփուշտները լցնում էր, կողքը թուղթը խփում, գնում էր ծիտիկ խփելու, հիմա զարգացել է ամեն ինչ». Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 29,2022 16:54

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ այդ նախագծով սահմանվում են քաղաքացիական, ծառայողական զենքի ներկրման, կրման թույլտվության, լիցենզիա տալու, արտոնագրից զրկելու հարցերը, զենքի շրջանառության սահմանափակումները, խստացվում է ապօրինի զենքի համար պատասխանատվությունը: Ըստ հեղինակի, այս նախագծով բարձրացնում են հասարակության պաշտպանվածությունը, նախագիծը կարգավորում է ՀՀ-ում զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստում է որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը, ներդրվում է զենքի հետ վարվելու մշակույթը, որն ուղղված կլինի քաղաքացիների մարտունակության բարձրացմանը:

Վիլեն Գաբրիելյան

Հիմնական զեկուցող Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ նախագծում բովանդակային որոշ փոփոխություններ են արել, քանի որ ոստիկանության հետ իրենց տեսակետները տրամագծորեն տարբեր են եղել, փորձել են կոմպրոմիսային լուծման գալ. «Խոսքը վերաբերում է ակոսափող հրազենի փամփուշտների վերալիցքավորմանը: Մենք առաջարկում ենք դա թույլատրել քաղաքացիներին, բայց՝ կառավարության կողմից հատուկ սահմանված կարգով, բայց քանի որ ոստիկանության գործընկերները այս պահի դրությամբ որոշակի ռիսկ են տեսնում, ապա մենք թույլ ենք տալու քաղաքացիական ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության եւ առեւտրի, ռազմամարզական եւ սպորտային հրաձգության կազմակերպություններին, որոնք կառավարության սահմանած կարգով կարող են դա անել»: Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ եղել են առաջարկություններ, որոնք չեն ընդունել:

Անդրանիկ Քոչարյան

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ ակոսափող հրազենի լիցքավորման հետ կապված այդ ի՞նչ խնդիր կա, որ կոմպրոմիսի հարց առաջացավ. «Սովետական տարիներից հիշում ենք, որ կողքի հարեւանը, որ որսորդական հրացան ուներ, երկաթե փամփուշտները լցնում էր, կողքը թուղթը խփում, գնում էր ծիտիկ խփելու, հիմա զարգացել է ամեն ինչ: Լիցքավորման հետ կապված ի՞նչ խնդիր է առաջացել»:

Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց. «Ներկայիս օրենսդրությամբ ողորկափող հրազենի փամփուշտները թույլատրվում է վերալիցքավորել, ազատ դաշտ է: Ակոսափողը ՀՀ-ում չի թույլատրվում, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երկրներում, որտեղ օրենսդրությամբ կարգավորվում է տվյալ ոլորտը, վերջինը այդ փոփոխություններն արել է ՌԴ-ն ու էլի դաշտը թողել է ազատ քաղաքացիների համար՝ կառավարության սահմանած կարգով: Մեր հիմնավորումները ոստիկանության համար համոզիչ չեն եղել, որ այս դաշտը եկեք մեզ մոտ էլ թողնենք ազատ: Իրենց հիմնավորումներն էլ մեր համար համոզիչ չեն եղել: Մենք գործընկերների դրության մեջ մտնում ենք: Քանի որ Հայաստանում ակոսափողի լիցքավորում չի եղել, այստեղ մասնագիտական որոշակի բազայի ստեղծման կարիք կա: Անվտագային ռիսկեր կարող են լինել: Մեզ համար համոզիչ չէր, բայց այս պահին կոմպրոմիսային տարբերակի վրա ենք կանգ առել՝ այս փուլում նշված հատվածին թույլ տանք դա անել, տեսնենք՝ կարողանո՞ւմ ենք վերահսկել, նոր կազատականացնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930