Aravot.am-ի որոշ ընթերցողներ հետաքրքրվել էին, թե ինչու էր անմիջապես ազատ արձակվել Արցախի հերոս Լեւոնիդ Ազգալդյանի հուշաքարը պղծած քաղաքացին։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի հուշաքանդակը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել էին, որ բութ առարկայով վնասել են Արցախի հերոսի կիսանդրու դեմքի հատվածը։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Պարզվել էր, որ Ազգալդյանի հուշաքանդակը վնասած քաղաքացին Երեւան քաղաքի 58-ամյա բնակիչ Կարեն Խաչատրյանն էր, որն ազատ էր արձակվել։
Aravot.am-ը Ոստիկանության լրատվականից հետաքրքրվեց, թե ինչու է Արցախի հերոսի հուշաքարը պղծած անձն ազատ արձակվել, որտեղից մեզ ուղղորդեցին դիմել նախաքննական մարմին, որովհետեւ գործ է հարուցվել։
Ի դեպ, Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Քննչական կոմիտեից։ Վերջինիս լրատվականից հետեւյալը հայտնեցին․ «Մինչ նոր քրեական օրենսգրքի ընդունումը գործ էր հարուցվել Քր․օր 185 հոդվածի 3-րդ մասով, ուղարկվել էր դատարան եւ վնասի չափը եղել էր 3 մլն 500 հազար դրամ, որը համարվում էր առանձնապես խոշոր չափերի վնաս։ Նոր քրեական օրենսգրքով, որը ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 1-ից, 5 մլն դրամն է համարվում առանձնապես խոշոր չափերի վնաս, դրա համար քր․քործը վերադարձվել է Քննչական կոմիտե, քննիչի փոփոխություն է եղել, նոր Քրեական օրենսգրքով գործը փոխվել է Քր․օր 185 հոդվածի երրորդ մասի։ Առաջիկա օրերին գործը կուղարկվի դատախազին, այնուհետեւ կուղարկվի դատարան»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ