Ս.թ. սեպտեմբերի 28-ին կոնգրեսական Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նոյւ Ջերսի) և Աննա Էշուի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) հետ միասին պաշտոնապես ներկայացրեց մի օրինագիծ, որով դատապարտվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից թվայնորեն վերբեռնված վայրագությունները և պատերազմական հանցագործությունները Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Չափազանց երկար ժամանակ Ադրբեջանը վայրագություններ է կատարել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ և անպատիժ է մնացել։ Զինծառայողների մարմինների սարսափելի անդամահատումից մինչև գլխատումներ, մինչև բժշկական հաստատությունների ու կրոնական վայրերի դիտավորյալ թիրախավորում՝ Ադրբեջանը բազմիցս բացարձակ անարգանք է դրսևորել մարդկային տարրական արժանապատվության և միջազգային իրավունքի նկատմամբ»,– ասաց կոնգրեսական Սփիրը: «Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի կառավարությանը Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտումների և իր զորքերի կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ իրականացված վայրագությունների համար»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևում հիշատակվում է Ադրբեջանի մասնակցությունը՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչը պահանջում է նրանց կողմից «պարտականություն՝ պահպանել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության պայմանները և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում արտացոլված երաշխիքները»: Ադրբեջանը նաև «վավերացրել է Ժնևյան կոնվենցիաները» 1993թ.-ին, որոնք «սահմանում են միջազգային իրավական չափանիշներ քաղաքացիական անձանց, ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին…», և «արգելում են անդամահատումը, դաժան վերաբերմունքը և խոշտանգումները…»:
Կոնգրեսական Սփիրի բանաձևն ընդգծում է Ադրբեջանի կողմից 1949թ.-ի Ժնևյան կոնվենցիաների «լուրջ խախտումներ», ներառյալ՝ դիտավորյալ սպանություններ… խոշտանգումներ, մեծ տառապանք պատճառող անմարդկային վերաբերմունք… և պատանդառում»:
Կարդացեք նաև
Շարունակելով՝ բանաձևում վկայակոչվում է 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի կողմից «առանց դրդապատճառի և ապօրինի հարձակումը», որը կրկնեց 2020թ.-ի աշնանը Արցախի վրա «լայնածավալ» հարձակումը և մանրամասն ներկայացնում է ռազմական հանցագործություններ, ներառյալ՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից կին զինծառայողի դիակի անդամահատում և պղծում՝ տեսագրված 2022թ.-ի սեպտեմբերի 16-ին, 2020թ.-ի հոկտեմբերի 28-ին ադրբեջանական հրետանու հրթիռով Արցախում ծննդատան խոցում, Ադրբեջանցի զինծառայողների կողմից երկու առանձին դեպքերում երկու քաղաքացիական անձանց գլխատումներ, երբ նրանք «կապված էին կամ գամված էին գետնին»՝ 2020թ.-ի հոկտեմբերին ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ Amnesty International-ի կողմից վավերացված տեսագրություններում, Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորով զինամթերքի օգտագործում, որն արգելված է Ժնևյան կոնվենցիայով, ինչը 2020թ.-ի հոկտեմբերին «լուրջ այրվածքների և քաղաքացիական անձանց մահվան» պատճառ դարձավ, ինչպես նաև ավելի քան 100 հայ ռազմագերիների շարունակվող ապօրինի բանտարկություն՝ կոպտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը։
Բանաձևում հայտարարվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը «դատապարտում է Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների իրագործումը, որոնք լրջորեն խարխլել են միջազգային օրենքի գերակայությունը», և խրախուսում է Միացյալ Նահանգների կառավարությանը և համաշխարհային հանրությանը դիմել Արդարադատության միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «համապատասխան քայլեր ձեռնարկելու՝ ադրբեջանական ուժերի կողմից նախագահ Իլհամ Ալիևի ցուցումով կատարված յուրաքանչյուր ռազմական հանցագործությունը հետաքննելու համար»:
Բանաձևով նաև կոչ է արվում Ադրբեջանին «անհապաղ հետաքննել Ժնևյան կոնվենցիաների բոլոր կոպիտ խախտումները, որոնք իրականացրել են ադրբեջանցի զինծառայողները հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ» և «դատապարտվում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության օբյեկտների դիտավորյալ կամ անխոհեմ ոչնչացումը, վանդալիզմը կամ պղծումը»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը «խրախուսում է Բայդենի վարչակազմին ուսումնասիրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառելիությունը՝ ի պատասխան նրա ագրեսիայի և պոտենցիալ պատերազմական հանցագործությունների» և «վերահաստատում է իր աջակցությունը Միացյալ Նահանգների ժողովրդավարական գործընկեր Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Արցախի Հանրապետության, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և միջազգային օրենքների ու նորմերի բացահայտ խախտումների»։
Այսօրվա բանաձևը հետևում է կոնգրեսական Շիֆի կողմից ներկայացված H.Res.1351 բանաձևին, որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառի ռազմական հարձակումները Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վրա:
«Մենք ողջունում ենք կոնգրեսական Սփիրին, իր գործընկերներ՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնի և Աննա Էշուի հետ միասին, Հայաստանում և Արցախում հայ ժողովրդի համար ծայրահեղ կարևոր մի ժամանակաշրջանում այս կարևոր բանաձևն առաջնորդելու համար»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Այս բանաձևը բացահայտում է 2020թ.-ի աշնանը Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև ավելի վաղ այս ամիս Ադրբեջանի կողմից իրականացված սարսափելի ռազմական հանցագործությունները և վայրագությունները: Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է սատարեն հայ ժողովրդին, օգնեն փրկել կյանքեր և կանխել ևս մեկ ցեղասպանություն»:
Ամերիկայի հայկական համագումար