Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ներկայացումը սկսում է պաստառից». փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 177 հեղինակ

Սեպտեմբեր 29,2022 15:16

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում ազդարարվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի մեկնարկը և բացվել ցուցահանդեսը:

Մրցույթ-փառատոնի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, «ԱԿՏ» մշակութային ՀԿ նախագահ Էդիկ Պողոսյանը, միջազգային ժյուրիի անդամները, նկարիչներ, դերասաններ, թատերական արվեստի սիրահարներ:


Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

««Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի նպատակն է հայ արվեստասեր հանրությանը ծանոթացնել թատերական պաստառների արդի միջազգային միտումներին, նպաստել պաստառների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, երկխոսության կամուրջ դառնալ հայ և արտերկրի արվեստագետների միջև:


Հայտնի խոսք կա, որ թատրոնը սկսում է հանդերձարանից, կարող ենք ասել, որ ներկայացումը սկսում է պաստառից: «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը զուտ պաստառի գովազդ չէ. այն տարբեր ժամանակների թատերական կոնցեպտների պատմություն է: Ես ուրախ եմ, որ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանրությանը շարունակում է զարմացնել նորարարական նախագծերով. բավական է միայն նշել «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագիրը, այսօրվա միջոցառումը: Ուրախ եմ, որ թատրոնը տարածում է իր մշակութային առաքելությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:


Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 177 հեղինակ՝ 406 աշխատանքով։ Նախազատման արդյունքում մրցութային փուլ են անցել 21 երկրի 70 հեղինակի 95 աշխատանք, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսի շրջանակում և սեպտեմբերի 30-ին գնահատվելու են միջազգային ժյուրիի կողմից: Թատրոնը ներկայացրել է շուրջ 30 աշխատանք:

«Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։30-ից, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Փոքր բեմում» միջազգային ժյուրիի անդամներ Միշալ Բատորին (Ֆրանսիա), Սերգեյ Սերովը (Ռուսաստան), Էբրահիմ Հաղիղին (Իրան) դասախոսություններով են հանդես գալու, որոնց մուտքն ազատ է լինելու»,- մանրամասնել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը:

Նշենք նաև, որ փառատոնի նախազատման հանձնաժողովում ընդգրկված են եղել գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, «ԱԿՏ» մշակութային ՀԿ նախագահ Էդիկ Պողոսյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը, գրաֆիկ դիզայներ Գարեգին Մարտիրոսյանը, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը։

«Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և անցկացվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում:

Փառատոն-մրցույթի արդյունքներն ամփոփվելու են սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։00-ին: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 31-ը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930