«Արդեն առաջին ութ ամիսների տնտեսական տվյալները հայտնի են, և ՀՀ-ն ունի բավականին բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին` 18.4 տոկոս»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նաև նշեց՝ տեսնում ենք, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են պլանները, բայց ամեն կերպ փորձում ենք քաջալերել, որ չշեղվեն իրենց թե՛ ներդրումային, թե՛ գործառնական պլաններից և ամբողջ ուժով կարողանան շարժվել, որ իրենց ներդրումը կատարեն մեր տնտեսական հզորության և հետևաբար ընդհանուր հզորացման գործում:
Այնուհետև տեղի ունեցավ 2023-ի ՀՀ պետական բյուջեի նախագծի մասին քննարկում: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ բոլոր՝ կրթության, գիտության, պաշտպանության ոլորտներում ֆինանսավորումն ավելանում է: Վարչապետը նշեց. «Ցավոք, մեր երկրում կարողություններն այնքան զարգացած չեն, իմաստ չունի ավելացնել մեծ կապիտալ ծախսեր՝ նախապես իմանալով, որ դրանք չեն իրացվելու: Ցավոք, մեր երկրում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որ մեզ համար ինտենսիվությամբ այդ կապիտալ ծախսերն ավելացնենք: Այս տարի տնտեսական երկնիշ աճ ենք արձանագրելու, եթե այդ ցուցանիշները շարունակաբար աճեն, կարող ենք արձանագրել, որ 2020-ի ճգնաժամային ճեղքը կարող ենք հաղթահարված համարել և արդեն անցնել, այսպես ասած, բնականոն տնտեսական աճի ռեժիմի»:
Կարդացեք նաև
Նաև հայտնեց, որ ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտում կունենաք աշխատավարձերի բարձրացում: Նիկոլ Փաշինյանը համարեց, որ ուսուցիչների աշխատավարձի 10 տոկոս բարձրացումը արդյունավետ չի համարում: Այժմ գնալու են այն ճանապարհով, որ աշխատավարձի էական անգամներով բարձրացում կլինի, բայց զուգահեռ որակի հավաստագրմամբ:
Խոսելով ՀՀ արտաքին պարտքի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ տոկոսային էական նվազում է ունեցել, որն ինդիկատիվ ամենակարևոր թիվն է երկրի ներսում ու արտաքին աշխարհի համար: Այստեղ էական դերակատարում է ունեցել դրամի փոխարժեքային ամրապնդումը, ինչը նույնպես էական գործոն է: Կարծում եմ այն, որ դրամն ուժեղ ու կայուն է, դա նաև մեր տնտեսական կայունության կարևոր գործոն է»:
ՀՀ կառավարությունը միաձայն հաստատեց 2023-ի բյուջեի նախագիծը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ