Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ. դո՞ւրս գալ, թե՞ մնալ

Սեպտեմբեր 29,2022 13:50

Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին։ Հայաստանին պատուհասած իրադարձություններն ավելի են բորբոքում հասարակության մտահոգությունները։ Քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմները, 2021 թ․-ի մայիսյան ագրեսիան, ինչպես նաև այս տարվա սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումը ծանրակշիռ առիթ են, որ Հայաստանի քաղաքացիները մտածեն ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ այդ կազմակերպության անդամությունը պահպանելու մասին։

Մենք փորձել ենք պարզել, թե լուծումներից ո՞րն են առավել շահավետ և պակաս ռիսկային համարում քաղաքական տարբեր շրջանակներում։ 

Հարութ Ուլոյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Հարութ Ուլոյան, քաղաքական վերլուծաբան

-Կարևոր է արձանագրել որևէ ռեալ այլընտրանքի բացակայությունը։ Շրջանառվող այլընտրանքները բարի երազներից կամ արկածախնդրական դրսևորումներից այն կողմ չեն անցնում։ ՀԱՊԿ-ից դուրս գալը ոչ միայն իրատեսական չէ, այլև կործանարար է։ Ռեալ երաշխիքներ նախատեսող այլընտրանքի բացակայությունից զատ, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը պայմանավորված է շատ ավելի լուրջ գործոնով՝ Ռուսաստանի կամքով։ Անկախ նրանից, թե որքանով է ՀԱՊԿ-ը մեզ բավարարում կամ չի բավարարում, ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչ անողները հաշվի չեն առնում այդ գործոնը։ Հաշվի չեն առնում Արցախում գտնվող ռուս խաղաղապահների գործոնը, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը հսկող ռուսական զորքերի գործոնը։ Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչ անողների մեծամասնությունը կոչ է անում նաև ընդհանրապես դուրս մղել ռուսական ազդեցությունը տարածաշրջանից։

Գարեգին Միսկարյանի լուսանկարը՝ Լյուսի Մանվելյանի

Գարեգին Միսկարյան, Ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն

-Իմ կարծիքով, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ի սկզբանե Հայաստանի կախումը Ռուսաստանից մեծացնելու նպատակ է ունեցել։ ՀԱՊԿ-ի ստեղծումը ՆԱՏՕ-ի նմանակմամբ, անվտանգային խնդիրների անվան տակ նպատակ ուներ ավելի ընդարձակելու Ռուսաստանի ազդեցությունը անդամ երկրների վրա։ Շատերը Հայաստանի անդամակցությունը բացատրում էին նրանով, որ մենք էժան գնով զենք ենք ձեռք բերում, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, այդ զենքը, որը մեզ տրվում էր իբրև թե էժան գնով, մի կողմից պարզապես նպատակ ուներ Ադրբեջանի վրա ռուսական զենքը թանկ գնով վաճառելու, և մյուս կողմից կախման մեջ պահելու մեզ ռուսական զենքից, և զենքի հոսքը կառավարելով կառավարել մեր դիմադրողականությունը Ադրբեջանի հետ հակամարտության մեջ։

Ես գտնում եմ, որ մենք ՀԱՊԿ-ում անելիք չունենք, և մենք Ռուսաստանի հետ միևնույն անվտանգային համակարգում անելիք չունենք, մեր և Ռուսաստանի շահերը հակադրության մեջ են ամբողջովին, իսկ ՌԴ-ի և Ադրբեջանի շահերը համընկնում են այնքան, որ իրավիճակը մեզ համար դարձել է օրհասական։

ՀԱՊԿ-ից դուրս գալը համարում եմ իրատեսական և տրամաբանական, և հակառակը համարում եմ անտրամաբանական և վտանգավոր մեզ համար։ Ռիսկեր կան ՀԱՊԿ-ում գտնվելու պարագայում էլ, մի տարբերությամբ, որ դուրս գալու դեպքում շանսեր կունենանք, դուրս չգալու դեպքում կզրկվենք այդ շանսերից։

Միքայել Հայրապետյան

Միքայէլ Հայրապետեան, քաղաքական գործիչ

-44-օրյա պատերազմը չի ավարտվել եռակողմ հայտարարությամբ, քանի որ ռազմական ոտնձգությունները թե՛ Արցախում, թե՛ ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական ռազմական պարբերական ներխուժումներ են եղել, որոնց ընթացքում հարյուրավոր զինվորներ են զոհվել և քաղաքացիական բնակչության տեղահանություն է եղել։

ՀՀ տարածքից, ըստ վարչապետ Փաշինյանի զիջվել է 40+10 քառակուսի կիլոմետր։ Այս հանգամանքը միանգամայն բավարար էր, որպեսզի կատարվածը չհամարվեր սահմանային վեճ, այլ պատերազմ, երբ ՀԱՊԿ-ը պարտավոր էր ռազմական միջամտություն ցույց տալ․ ավելին՝ հայ-ռուսական միջպետական մեծ պայմանագիրը ևս դա է պահանջում։ Այսինքն` ՌԴ-ն, ինչպես նաև նրա գլխավորած ՀԱՊԿ-ը չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները։ Այս հանգամանքը Հայաստանին ստիպում է անվտանգության ապահովման, զինվելու, բանակը վերականգնելու, ռազմաարդյունաբերական կոմպլեքսը գործարկելու համար որոնել այլ դաշնակիցներ։ Այդպիսի կայացած կառույցներ են ՆԱՏՕ-ն և Իրանը։ Սակայն Հայաստանը կաշկանդված է նույն ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ պայմանագրերով։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանն այժմ չափազանց ծանր վիճակում է, Հայաստանը պարտավոր է առավել զգուշավոր լինել, քանի որ, ճիշտ է, ՌԴ-ն այնքան ուժ չունի, որպեսզի տարածաշրջանում դրական գործողություններ կատարի (խաղաղության հաստատում, միջպետական ճանապարհների ապաշրջափակում և այլն), սակայն Արևմուտքի մուտքը տարածաշրջան արգելելու համար դեռևս ունի բավարար ներուժ՝ մասնավորապես Հայաստանի հանդեպ բացասական գործողություններ իրականացնելու (նույնիսկ վճարի դիմաց զենք չտալ, արգելել այլ աղբյուրներից զենք հայթայթել, քաղաքացիական ընդհարումներ հրահրել, թուրքերի հետ պայմանավորվածությամբ՝ հարձակումներ իրականացնել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, էներգետիկ և կապուղային ոլորտը կաթվածահար անել ու կանգնեցնել հայկական տնտեսությունը, վտանգավոր գործունեություն սկսել իրեն կոնցեսիոն կառավարման հանձնված հայկական ատոմակայանում և աղետի բերել Հայաստանի ամբողջ գենոֆոնդը և այլն): Դրանք ինքնուրույնաբար կասեցնելու ներուժ չունեցող Հայաստանը ստիպված է դիմել արևմուտքին, սակայն որևէ երաշխիք չկա, թե Արևմուտքը կհասցնի խոչընդոտել ռուս-թուրքական դավադիր գործողությունները։

Ըստ այսմ՝ ներկայումս ստեղծված է փակուղային իրավիճակ, երբ ՀԱՊԿ-ում մնալը ոչ միայն անիմաստ է, այլև վտանգավոր, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը և դեպի արևմտյան համակարգ կտրուկ քայլեր կատարելը պարունակում է շատ մեծ ռիսկեր։ Իսկ այդպիսի ռիսկերը կառավարել նույնիսկ միասնական արևմուտքն է դժվարանում։

Ինչպես տեսնում ենք, մտահոգությունը մեկն է՝ Հայաստանի հանրապետության անվտանգությունը, սակայն կարծիքները տարբեր են։

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930