Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվ այսօր Ալիևը մեր նկատմամբ անում է այն, ինչը Դուք պետք է անեիք այդ ժամանակ՝ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու փոխարեն. Ռուբեն Հակոբյանի 2-րդ բաց նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին

Սեպտեմբեր 29,2022 12:34

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

    Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին – 2

Նախորդ բաց նամակն՝ այստեղ:

Շարունակելով խոսքս միանգամից նշեմ, որ այն բոլոր սխալներն ու ողբերգությունները, որոնց ականատեսն ու մասնակիցն ենք այսօր, դրանք հիմնականում հետևանք են Ձեր ղեկավարության տարիներին թույլ տված մի շարք կոպիտ ու ճակատագրական սխալների։

Ձեր ղեկավարման առաջին տարիներին Հայաստանը տարածաշրջանում իրապես դիտվում էր որպես ժողովրդավարության կղզյակ։ Ժողովրդի ազատ կամաարտահայտությամբ տեղի էին ունեցել Անկախության հանրաքվեն ու նախագահական առաջին ընտրությունները։ Ազգի միասնական ոգին և բազուկը ազատագրել էր Արցախը։ Թվում էր, թե այլևս ոչինչ չի խանգարելու մեզ՝ կառուցելու և հզորացնելու հայկական երկու պետությունները։ Բայց այդ հաջողությունների ընթացը շատ կարճ տևեց. պարզվեց՝ Արցախը բեռ է մեզ համար և «Սերգո ջանը» երբեք լավ չի ապրի, քանի դեռ լուծված չի Արցախի հարցը։ Եվ այդ բեռից ձեր իշխանությունը կարճ ժամանակ հետո կարողացավ ազատվել՝ 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում ստորագրելով հրադադարի մասին հայտնի համաձայնագիրը, ինչն ուղղակի թիկունքից հարված էր ազատամարտին։ Պրոֆեսիոնալ զինվորական, պաշտպանության ոլորտներում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-գնդապետ Գ.Դալիբալթայանն այդ փաստաթուղթը կոչեց հաղթանակած պետության կողմից սեփական կապիտուլյացիայի փաստաթուղթ, իսկ ոլորտի գիտակներից մեկ ուրիշ էլ՝ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն այդ համաձայնագիրն անվանեց ապուշություն և դավաճանություն Արցախի նկատմամբ։ Երկու զինվորականներն էլ, որպես բողոքի նշան, հեռացան Հայաստանից, չնայած որոշ ժամանակ հետո Ձեր խնդրանքով նորից վերադարձան։

Զրուցել եմ այս համաձայնագիրը նախապատրաստող և ստորագրմանը ներկա գտնվող շատերի հետ։ Թե այդ պահին ինչով էր պայմանավորված նման փաստաթուղթ ստորագրելը՝ համոզիչ որեւէ փաստարկ, հակափաստարկ կամ բացատրություն չեմ լսել մեր պատվիրակության որևէ  ներկայացուցչից։ Իսկ երբ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում տարբեր առիթներով հանդիպելուց զրուցեցի բանակցությունները վարող անձի՝ այդ տարիներին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչյովի, ինչպես նաև այդ խոհանոցին տիրապետող որոշ անհատների հետ, ինձ համար ամբողջացավ այս համաձայնագրի ի հայտ գալու և ստորագրվելու ողջ պատկերը։

Պարզվում է, որ՝

– համաձայնագրի նախաձեռնության հեղինակը եղել է բրիտանական Բրիթիշ Փետրոլիում նավթագազային հայտնի ընկերությունը, որն ինչ-ինչ միջոցներ օգտագործելով, այդ թվում նաև ՌԴ նախագահ Բ. Ելցինի բավականին ջերմ հարաբերությունները Ձեզ հետ, կարողացել է հասնել այդ փաստաթղթի լույս աշխարհ բերելուն,

– համաձայնագիրը ստորագրելուց կարճ ժամանակ անց Բաքվում ստորագրվում է Բրիթիշ Փետրոլիումի հետ համագործակցության պայմանագիր, ինչը դառնում է Ադրբեջանի բյուջեն սնուցող կարևոր երակներից մեկը,

– հայկական պատվիրակությունը, լինելով պատերազմում հաղթանակած կողմ, բանակցությունների սեղանին երբեք չի դնում Արցախի անկախության ճանաչման հարցը,

– հրադադարի համաձայնագրին զուգահեռ նախապատրաստված է եղել  մեկ այլ համաձայնագիր ևս, որով նախատեսվում էր հրադադարի հետ միաժամանակ բանակների միջև բուֆերային գոտու ստեղծում և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչն ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվում է ստորագրել։

Այսինքն՝ պարտված կողմը կարողանում է հասնել իր նպատակին՝ Ձեզնից կորզելով իրեն օդ ու ջրի նման անհրաժեշտ հրադադարի հաստատման մասին փաստաթուղթը՝ մերժելով իրեն ոչ ձեռնտու մյուս համաձայնագիրը։

Պարզվում է նաև, որ Ձեր գործուղած պատվիրակությունն ասես մոռացել էր, որ Ղարաբաղյան շարժման ողջ նպատակն Արցախի անկախացումն էր, Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Իսկ Շարժման ղեկավարներից մեկն էլ, հիշեցնեմ, Դուք էիք։ Էլ ե՞րբ պետք է հարցը դրվեր սեղանին, եթե ոչ այդ պահին՝ հաղթանակած պետության դիրքերից։ Եվ այսօր Ալիևը, որպես վերջին պատերազմում հաղթանակած կողմ, մեր նկատմամբ անում է այն, ինչը Դուք պետք է անեիք այդ ժամանակ՝ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու փոխարեն։

Այժմ հարց. ամբողջությամբ երկրորդում եմ Ձեր այն մոտեցումը, ինչի մասին քանիցս արտահայտվել եք, որ ժամանակի գործոնը կարևորագույն նշանակություն ունի քաղաքականության մեջ, և եթե անհրաժեշտության պահին ճիշտ չես օգտագործում, այն կարող է անդառնալի եւ ողբերգական հետեւանքներ ունենալ։ Տարբեր առիթներով նաև մեղադրել եք 2-րդ և 3-րդ նախագահներին՝ ժամանակի գործոնը անտեսելու մեջ։

Արդ, չե՞ք գտնում, որ մեզ համար, թերևս, ամենաբարենպաստ իրավիճակում Բիշքեկյան համաձայնագրի ստորագրումը հենց ժամանակի  գործոնի բացահայտ անտեսում էր, ինչը ճակատագրական եղավ մեզ համար։

Չէի՞ք գիտակցում, որ այդ պահից ժամանակը աշխատելու է թուրք-ադրբեջանական ալյանսի օգտին… Մեղադրում եք հաջորդ նախագահներին Արցախը բանակցային գործընթացից դուրս թողելու մեջ, չէ՞իք գիտակցում, որ այդ փաստաթուղթը ստորագրելու պահից ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին եք զրկում բանակցային ձևաչափին մասնակցելու հնարավորությունից։ Ահավասիկ՝ Ձեր հոգեզավակին Ալիևը արգելել է ոչ միայն մասնակցել, այլև ընդհանրապես օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, և նա դաժան ծեծ կերած սինլքորի նման խոնարհաբար կատարում է իրեն նվաստացրած թշնամու հրահանգը։ Ձեր նախկին թիմակցի այսօրվա պահվածքում չե՞ք տեսնում Ձեր ձեռագրի ստվերը…

Կարևորագույն մեկ հարցի մասին ևս. ինչու՞ ընդամենը մի քանի ամիս առաջ նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդի բարձր վստահությունը ստացած Ռոբերտ Քոչարյանին նշանակեցիք Հայաստանի վարչապետ։ Չեմ կարծում, թե Հայաստանում չէր գտնվի մեկ ուրիշը, որին կարելի էր նշանակել այդ պաշտոնում։ Իհարկե, Քոչարյանը, ինչպես հետագայում նշեց Ձեր անունից Քոչարյանի հետ բանակցած Վազգեն Սարգսյանը, կարճ ժամանակահատվածում կարողացավ տնտեսությունը դուրս բերել ծանր վիճակից, մարդիկ սկսեցին աշխատավարձեր ստանալ, Արցախում նույնպես սոցիայ-տնտեսական վիճակը փոխվեց։ Բայց այս նշանակումը թուրք-ադրբեջանական տանդեմի համար նոր հնարավորություն էր միջազգային հարթակներում Արցախի խնդիրը Հայաստանի կողմից որպես հողային պահանջ մատուցելու համար։

Այդ օրերին թուրքական «Հուրիեթ» թերթը մի հոդված հրապարակեց, որում միջազգային կառույցների ուշադրությունն էր հրավիրում այս նշանակման վրա, բավականին համոզիչ ներկայացնելով, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղը դիտել ինքնորոշված անկախ պետություն, երբ նրա նախագահին մեկ այլ պետություն նախագահ իր մոտ վարչապետ է նշանակում։

Թե Քոչարյանին Ստեփանակերտից Երևան բերելը քաղաքական ի՛նչ նպատակ էր հետապնդում՝ մեկ ուրիշով առիթով։ Այս պահին կարճ կասեմ՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո այս նշանակումով իշխանությունը պահելու խնդիր էր դրված, ինչը, կարծում եմ, նպատակին չծառայեց…

Եվ, վերջապես, 95-96թթ. Սահմանադրական հանրաքվեն, ԱԺ և նախագահական ընտրությունները աննախադեպ կեղծելու և դրա հետևանքների մասին։

Այո, մինչ այդ Հայաստանն, իսկապես, դիտարկվում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ։ Բայց պարզվեց, որ ճաշակելով իշխանության քաղցրությունը, հենց առաջին ընտրություններին ձեր իշխանությունը ժողովրդին ներկայացավ լիցքավորված ինքնաձիգը ձեռքին՝ հայտարարելով, որ եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքի, միևնույն է՝ նրան իշխանություն տվող չկա։ Եւ ձեր այդ հայտարարությունը ավանդույթի ուժ ձեռք բերեց և հետայդու ընտրությունների միջոցով մեզանում իշխանություն այդպես էլ չփոխվեց։ Իսկ մի քանի պատգամավորներիս, ովքեր պայքարում էին պետության ողնաշարը սղոցող այդ ստորության դեմ, զրկեցիք անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորեցիք…

Հարցազրույցի ժամանակ, երբ փորձում էիք հեռուստադիտողին ներկայանալ որպես ամպոտ ոտքերով երկնքից իջած խաղաղաբեր սպիտակ աղավնի, հիշողությունս ինձ տանում էր այս և մյուս դեպքերի հետևից։ Եւ հենց դա ստիպեց բաց նամակով Ձեզ փոխանցել այդ պահի իմ զգացումները…

Այսքանը։

Ողջ լերուք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930