«Տեղյակ եք, որ երեկ ՀՀ-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է»,- ՀՀ կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա արձանագրեց, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարվածել են, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում:
Նիկոլ Փաշինյանն ահազանգեց՝ ՀՀ տարածքը օկուպացված է ու ասաց. «Մեր դիրքորոշումը միանշանակ և աներկբա է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից: Ուզում եմ մի նրբության մասին ընդգծել: Տեղյակ եք, որ մենք զինված ուժերի բարեփոխումների լայն գործընթաց ենք սկսել: Ադրբեջանը նման սադրանքներով պարզ փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել զինված ուժերի բարեփոխումներ: Բոլոր այն ուղղություններով, այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն: Ինչպես հնարավոր է՝ փորձում են այնպես անել, որ ՀՀ-ին զենք, ռազմամթերք չմատակարարեն: Դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա ցավալի իրողություն է, և խորապես այս իրադրությունը պետք է վերլուծենք»:
Ըստ ՀՀ վարչապետի՝ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մեր ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: Նա վստահեցրեց. «Ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության գործում, և փառք բոլոր այն հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դիրքերում»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ ակտիվ աշխատանքներ ենք իրականացվում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Նա կարծում է, որ որպես խնդրի լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե այլ միջազգային կազմակերպության: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նպատակն է ՀՀ-ին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելը:
Միևնույն ժամանակ հորդորեց՝ դառնությամբ ու կսկիծով, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, դա չափազանց կարևոր է: Մեր պաշտպանունակության համար տնտեսության, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է. «Հանրությունը պիտի իմանա, որ մեր ռազմավարական մոտեցումն է՝ մենք մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը հետևողականորեն պետք է պաշտպանենք»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մեր բոլորի աչքի առաջ աշխարհը փլուզվում է, և «Մենք պետք է լինենք կրկնակի ճկուն, ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որպեսզի կարողանանք մեր երկիրն այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով՝ հասցնենք խաղաղ նավահանգիստ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ