Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, Արցախյան 44-օրյա պատերազմից երկու տարի անց պետականության կորստի վտանգ կա, իսկ իշխանությունները ժողովրդին փորձում են շեղել իրական օրակարգերից:
«Պատերազմից երկու տարի անց բանակցություններ, մեծ հաշվով, չկան: Այն, ինչ կատարվում է, պարզապես բանակցությունների իմիտացիա է: Այդպես ժողովրդի ուշադրությունը փորձում են շեղել, ցույց տալ, թե իբր բանակցում են, ասել, թե՝ «տեսեք, ամեն ինչ անում ենք, որ ժողովրդի կյանքը օրեցօր լավանա»: Այդուհանդերձ, տեսբայց ոչ իր իշխանությաննում ենք, որ ճիշտ հակառակն է կատարվում: Ու այս ամենի հետևանքով պատերազմից երկու տարի անց մեր զոհերն ավելանում են, բացի այդ, ցավոք սրտի, ոչ մի խնդիր լուծված չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Գալստյանը:
Անդրադառնալով իշխանությունների՝ հարմարվողական դիրք որդեգրելու կեցվածքին, նաև ժողովրդին համոզելու այն փորձերին, թե՝ «այլ ելք չկա», «մեզանից ոչինչ կախված չէ», Դավիթ Գալստյանը նկատեց. «Բոլոր այն հայտարարությունները, ուր ասվում է՝ «այլ ելք չկա», «մենք պարտադրված ենք զիջումների գնում», «մենք ի վիճակի չենք», ևս մեկ նպատակ ունեն: Ժողովրդին համակերպում են այն մտքին, որ ով ուզում է լինի, իրենք լինեն, թե մեկ ուրիշը, այդ փաստաթուղթը պետք է ստորագրվի կամ այդ որոշումները պետք է կայացվեն: Սա ևս մանիպուլյացիա է: Այսօր Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելու համար մեղադրում է ժողովրդին, նախկին իշխանություններին, բայց ոչ իր իշխանությանը. նա երբևիցե չի ընդունել իր իշխանության սխալները: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հակահայ քաղաքական գործիչ է, այլ նաև սուտասան, և, ինչու չէ, նաև հայ ազգի նկատմամբ հանցագործություններ գործած քաղաքական գործիչ: Նրա ասածները բանականության ու տրամաբանության մեջ չեն տեղավորվում»:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Արցախում առկա տրամադրություններին, հնարավոր ելքերին, որոնք տեսնում են, մեր զրուցակիցը նշեց. «Հայ ազգը պետք է միահամուռ կերպով երկու պարտված իշխանություններին օր առաջ հեռացնի, որոշումներ կայացնելու լիազորությունը նրանց ձեռքից վերցնի, որպեսզի հետագայում հնարավոր լինի հայանպաստ որոշումներ կայացնել: Մինչդեռ հիմա Հայաստանում որոշումը կայացվում է, իջեցվում է Արցախին, իսկ Արցախի կամակատար իշխանություններն այն լռելյայն կատարում են»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։