Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան․ «Այսօրվա գործող իշխանություններն իրենք էին հանրությանը ժամանակին համոզում, թե ելք ամեն տեղ կա: Բայց հիմա, կարծես, մոռացել են, թե ինչ էին ասում»․ «Փաստ»

Սեպտեմբեր 29,2022 09:00

«Աշխարհաքաղաքական՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ինչ-որ գործընթացներ են գնում, և ես վստահ չեմ, թե մենք բոլորս ճիշտ տեղեկություններ, ճիշտ հաշվարկներ ունենք այն մասին, թե, մասնավորապես, մեր երկրի համար հետևանքներն ինչպիսին կարող են լինել: Ու այստեղ է մեծագույն վտանգը: Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեին ազգային միասնության ձևավորմամբ, որի առաջին քայլն ինքնակամ, գիտակցված հեռանալը պետք է լիներ: Կամ գոնե պետք է զբաղվեին անվտանգության խնդիրներով, զենք-զինամթերք գնելով, բանակը վերազինելով, այն ոտքի կանգնեցնելով, ինչը կոգեշնչեր հանրությանը: Փոխարենը կապիտուլյացիայի քարոզ են տանում, որը, բնականաբար, մարդուն թողնում է անորոշության մեջ, իսկ անորոշությունը՝ դեպրեսիայի, և ստացվում է ոչ թե պետություն, այլ ամորֆ հասարակություն»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է ելքերին, Պողոսյանը նկատեց. «Ես մի բան գիտեմ՝ աշխարհում անհնարին բան չկա, ինչը նշանակում է, որ ելքեր միշտ էլ կարելի է գտնել: Այսօրվա գործող իշխանություններն իրենք էին հանրությանը ժամանակին համոզում, թե ելք ամեն տեղ կա: Բայց հիմա, կարծես, մոռացել են, թե ինչ էին ասում: Փոխարենն ասում են՝ «եկեք կապիտուլացվենք», «մենք ունակ չենք ելք գտնել»: Բայց անգամ իրենց այս ասածից հետո հասարակությունը չի կարողանում ընկալել, որ այս մարդիկ չեն պատրաստվում ելքեր փնտրել, և իրենք պետք է այլ խնդիրների հետևից գնան: Բայց այնպես չէ, որ ելքեր չկան: Օրինակ է բանակը վերազինելը, որն օրուգիշեր, քրտնաջան աշխատանք է պահանջում: Հիմա եթե ունենանք այդ տեսակը, որը պատրաստ է ոչինչ չասելով օրուգիշեր աշխատել, չասել՝ «ինչն էլ կա, տանք, պրծնենք», այլ իրավիճակ կունենանք: Իսկ ասելով՝ «ինչն էլ կա, տանք, պրծնենք», այդպես ամեն ինչն ենք տալու, Երևանն էլ հետը: Ելքը կա, որի դեպքում առաջին պայմանը այդ ելքին հավատալն է, հետո խոսքին հավատալը, հետո սկսում ես պայքարել, մարզվել, չարչարվել, աշխատել ու դրանով իսկ ելք ապահովում»,- ընդգծեց զրուցակիցը:

Թևան Պողոսյանը կարծում է, որ կապիտուլյացիայի քարոզի տրամաբանության մեջ է նաև այն վարքագիծը, որը իշխանությունները դրսևորում են անգամ հերթական պատերազմական գործողություններից հետո՝ շարունակելով խոսել «խաղաղության պայմանագիր», «խաղաղության օրակարգի» մասին: «Պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու: Բոլոր այն մոտեցումները, թե «մենք ոչինչ չունենք», «ոչ մի բան այլևս չենք կարող անել», ավելի վատ հետևանքների են բերելու: Նման անորոշությունների, անկարողությունների մասին մտքերը պարզապես ավելի խոր դեպրեսիոն իրավիճակ են ստեղծում: Ամենաառաջնային՝ բարոյահոգեբանական ճգնաժամը, որը կա թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետություններում, նշվածի հետևանքով չի հաղթահարվելու: Իսկ եթե այն չի հաղթահարվելու, ապա ոչ մի բան էլ տեղից չենք կարողանալու շարժել»,-ընդգծեց Թ. Պողոսյանը:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում արտաքին դաշտից եկող ազդակներին, մասնավորապես՝ Արևմուտքի ակտիվությանը, Ադրբեջանին ուղղված հասցեական գնահատականներին, Թ. Պողոսյանը շեշտեց, որ հիմքում բացառապես սեփական շահն է, ինչը կապված է Ռուսաստանի վիճակի հետ: «Վերոնշյալ պատճառով են տարածաշրջանում ակտիվացել ու որոշել են, որ սա Ռուսաստանին տարածաշրջանից հանելու լավագույն շանսն է: Նրանց ազդակները, հայտարարությունները, ակտիվությունը ոչ թե մեր գեղեցիկ աչքերի, հայ ազգի համար է, այլ իրենց սեփական շահերի: Իսկ թե նույն հավաքական Արևմուտքը ինչպես է վերաբերվում հայ ազգին, ինձ թվում է, դա ոչ թե հիմա պետք է տեսնեինք, այլ թե՛ 1918-ին, թե՛ դրանից հետո և անգամ 1988-ի շարժմանը: Այդ ժամանակ ոգևորություն կար, և մեզ թվում էր, թե մարդիկ նույն արժեքներով են ապրում, բայց իրականությունը վերջում հակառակն ապացուցեց: Իրենց այն ժամանակ իրավիճակը որպես հնարավորություն էր հետաքրքրում, որը կարող էին օգտագործել Խորհրդային Միության դեմ՝ փլուզման պայքարի համատեքստում»,-ընդգծեց Թ. Պողոսյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930