Լրահոս
Օրվա լրահոսը

Անեծքների երկու հեղեղ՝ տարբեր ուժգնության

Սեպտեմբեր 29,2022 10:00

Օրերս հեռուստատեսային հարցազրույց տվեց ՀՀ առաջին նախագահը, եւ նրա հիմնական ուղերձն այն էր, որ ամեն ինչ կորած է, եւ պետք է հնարավորինս արագ պաշտոնապես արձանագրել Արցախի վերջնական կորուստը, թե չէ հետո ավելի վատ կլինի: Հնարավո՞ր է արդյոք, այնպես անել, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները գաղթական չդառնան եւ ցամաքային կապը Հայաստանի հետ պահպանվի: Դա, բացի Փաշինյանից, ոչ ոք չգիտի: Չգիտի նաեւ Տեր-Պետրոսյանը:

Որքան կարող եմ հասկանալ՝ իշխանության դիրքորոշումը մոտավորապես հետեւյալն է. տարբեր երկրներում, նաեւ՝ Ադրբեջանում (երբ Արցախը վերջնականապես կհանձնեն Ադրբեջանին) ապրող հայերի անվտանգության խնդիրն ուղղակիորեն չի առնչվում Հայաստանին, թող այդ հայերը բանակցեն տվյալ պետության իշխանությունների հետ ու ստանան անվտանգության երաշխիքներ: Թե որքանով է Ադրբեջանը հակված բանակցել արցախցիների հետ՝ կարող եմ միայն պատկերացնել: Եվ խիստ կասկածում եմ նաեւ, որ որեւէ մեկը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները, հնարավորություն ունեն պարտադրելու Ալիեւին՝ նստել նման բանակցությունների:

Երեկ ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահը, որի մոտեցումը Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ համեմատած, ավելի լավատեսական էր: Ըստ նրա՝ մենք դեռ հնարավորություն ունենք Արցախը կամ Արցախի մնացած մասը պահել որպես հայկական հող: Բայց այդ մոտեցումը հասարակությանը լավատեսությամբ չվարակեց, եւ խնդիրը ոչ այնքան Քոչարյանի փաստարկներն են, որքան նրա անձը եւ հավակնությունները:

Պարզ է, որ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, իսկ այնուհետեւ՝ Քոչարյանի ասուլիսը, անեծքների եւ հայհոյանքների հեղեղներ են առաջացրել սոցցանցերում: Բայց դրանք իրենց ուժգնությամբ չես համեմատի: Երկրորդ դեպքում հեղեղը շատ ավելի առատ էր: Պատճառը նույնպես հասկանալի է՝ Քոչարյանն, ըստ էության, ղեկավարում է գործող խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը, եւ չի հրաժարվել իշխանության վերադառնալու հավակնություններից: Դրա հետեւանքով «անկեղծ անիծողների» զանգվածին ավելանում է իշխանության քարոզիչների մի հսկայական բանակ՝ ֆեյքերի եւ իրական մարդկանց տեսքով: Այդ բանակն, իհարկե, հայհոյելու է ցանկացած գործչի, որի մտքի ծայրով անգամ կանցնի այսօր կամ ապագայում մրցակցել Փաշինյանի հետ: Բայց Ռոբերտ Քոչարյանն այդ առումով առանձնակի հարմար թիրախ է՝ գործել է բազմաթիվ մեղքեր եւ առաջացրել է քաղաքացիների արդար ցասումը:

Եթե Քոչարյանը ցանկանում է, որ իր այսօրվա գործունեությունն արդյունավետ լինի, նա պետք է հայտարարի, որ այլեւս երբեք իշխանության չի հավակնելու: Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա իրատեսական մոտեցում չէ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Առավոտ, 28 սեպտեմբերի.
    «Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին միշտ հետաքրքիր է լսել՝ նրա խոսքը գրագետ է, գեղեցիկ, պատմական եւ այլ զուգահեռներով համեմված: Վերլուծել եւ մեկնաբանելը նույնպես, պատկերացրեք, հեշտ է, որովհետեւ դա քաղաքական տեքստ է, եւ շեշտադրումները հստակ են արված:»
    Առավոտ, 29 սեպտեմբերի.
    «Օրերս հեռուստատեսային հարցազրույց տվեց ՀՀ առաջին նախագահը, եւ նրա հիմնական ուղերձն այն էր, որ ամեն ինչ կորած է, եւ պետք է հնարավորինս արագ պաշտոնապես արձանագրել Արցախի վերջնական կորուստը, թե չէ հետո ավելի վատ կլինի: Հնարավո՞ր է արդյոք, այնպես անել, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները գաղթական չդառնան եւ ցամաքային կապը Հայաստանի հետ պահպանվի: Դա, բացի Փաշինյանից, ոչ ոք չգիտի: Չգիտի նաեւ Տեր-Պետրոսյանը:»

    Հիանալ կարելի է, թե որքան «գրագետ, գեղեցիկ, պատմական եւ այլ զուգահեռներով համեմված» կարող է կառուցել «Առաջին նախագահն» ամեն ինչ կորած լինելու և Արցախը րոպե առաջ հանձնելու մասին իր խոսքն՝ ուղղված հուսալքված, բարոյալքված, արտագաղթելու մասին մտածող հանրությանը…
    Որքան հստակ և քաղաքականապես կուռ կարող են լինել Նախագահի շեշտադրումները, ով անվերապահորեն արձանագրում է Արցախի վերջնական կորուստը, սակայն չգիտի, թե կարո՞ղ ենք արդյոք այնպես անել, որ «Արցախում ապրող մեր հայրենակիցները գաղթական չդառնան և ցամաքային կապը Հայաստանի հետ պահպանվի»:
    Հիրավի, կարոտ ենք մնացել այսպիսի խոսքի: Իր նախորդ ելույթներից ու դրանց անթաքույց շեշտադրումից, սակայն, կարելի է գուշակել, թե մյուս անգամ երբ այն կհնչի: Վկա՝ Պետրոսի թութուշիկ պահվածքը, որից լավ ցուցիչ՝ տվյալ օրվա իշխանություններին զրուցակցի լոյալությունը գնահատելու համար, չկա:

  2. Հայկ համբարձումեան says:

    Ինծի յայտնի չէ թէ ինչպէս էք Քոչարյանի ասուլիսը լաւատէս գնահատել, իսկապէս. բնաւ ալ լաւատէս չէր.
    Իրատէս էր, բայց պայքարելու վճռականութեամբ.

    Իսկ առաջին նախագահը պարզապէս պարտուողական է, կարծես թէ իր մեծամիտ սուպրխելացութեամբ դեռ չէ հասկցեր որ ինչ ալ ստորագրէ՝ թրքական նորանոր պահանջները վերջ պիտի չի գտնեն մինչեւ հայկական պետականութեան ամբողջական անիմաստաւորումը։

    Ուրեմն դուք եւ ես, որոնք անէծքներով եւ ֆէյքեր պատրաստելով չենք զբաղված, կրնանք պարզ դատել՝ հայութեան հիմա պայքա՞ր է պէտք, թէ յանձնել ձեռք լուալ եւ հաւանաբար մէկ հատ ալ ոտքի չկանգնիլ։

    Իմ կեցուածքս կարծեմ բոլոր գրութիւններէս յստակ է. Կը խնդրեմ յաջորդ յօդուած մը գրէք՝ «պայքարի՞լ թէ յանձնուիլ», որ ձերն ալ իմանանք։

    • gohar says:

      “Ինծի յայտնի չէ թէ ինչպէս էք Քոչարյանի ասուլիսը”, հավաբար Լեւոն Տեր-Պետրոսյանին Ի նԿատի ունէք

      • Հայկ համբարձումեան says:

        Չէ, Քոչարյանի ասուլիսը նկատի ունիմ. ԼՏՊէն աւելի լաւատէս չէ, նույնիսկ ԼՏՊի վեց ամսուայ պայմանական ժամկէտը երկրորդ նախագահին համար շատ է, ուրեմն ի՞նչ լաւատեսութիւն։

        Առաջին եւ երկրորդ նախագահներու մօտեցումներու տարբերութիւնը իրենց լաւատեսութեան կամ հոռետեսութեան չափին մէջ չէ, այլ իրենց հակազդութիւններուն՝ առաջինը անել թուացող կացութեան առջեւ յանձնուող, երկրորդը՝ պայքարելով ելք գտնել փորձող։

        Կրնայ ըլլալ ասուլիսները կը տարբերէին այն բանով թէ ինչքան լաւատեսութիւն կը ներշնչեն որոշ մարդոց մօտ, այո.

  3. Լավատես says:

    Ընտրություններն ինչքան էլ ժողովրդավարական, արդար եւ այլն լինեն, նրանք չեն բերում իշխանության ամենաժողովրդասեր, ժողովրդին ծառայող մարդկանց, որովհետեւ ժողովուրդը քաղաքականապես անգրագետ է, չգիտի իր իրավունքներն ու պարտականությունները, իսկ նման զանգվածին շատ հեշտ է մանիպուլացնել եւ ուղղորդել դեպի թակարդները: Այսօր էլ, մեր քաղաքագետների գերակշիռ մեծամասնությունը քննարկում է, թե այսինչ պետության ղեկավարներն ինչ են ասում կամ անում, ընդհանրապես մոռանալով ժողովրդին քաղաքականապես դաստիարակելու եւ կրթելու անհրաժեշտությունը, որ հաջորդ ամենաժողովրդավարական ամենաարդար ընտրություններում էլի չենթարկվեն մանուպուլյացիաների: Միայն պատասխանատվություն սերմանելով ընտրողի մեջ իր ընտրության համար՝ դա է քաղաքացու քաղաքական ռազմաճակատում իր ծառայությունը ներկա եւ ապագա սերունդների առջեւ: Երբ ժողովուրդը ընտրություն կկատարի լավի ու լավի միջեւ, դա արդեն իսկական դաստիարակված եւ կրլված ազգին է վայել, իսկ քանի դեռ վատերի մեջ է ընտրություն կատարում, ուրեմն դեռ քաղաքականապես անգրագետ է: Բայց մենք շատ աշխատեր եւ ընդունակ ժողովուրդ ենք, մնում է Ուսուցչին հարգենք ու լսենք:

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Պարտվողականության եւ քիրվայականության հիմնադիր նախագահին, կապիտուլիացիայով հրճվող մեծարգո պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանին ես չեմ անիծում: Ընդակառակը՝ թախանձագին խնդրում եմ՝ հաճախակի հարցազրույցի գնալ Պետրոսի մոտ, որպեսզի ամենավերջին Պողոսի համար անգամ պարզ լինի, որ ԼՏՊ-ի եւ Նիկոլի միջեւ ոչ մի տարբերություն չկա: Ես հենց սա նկատի ունեի, երբ ասում էի, որ պետք է նախ եւ առաջ պահանջել ԼՏՊ-ի հրաժարականը, այլ ոչ թե իր փնթի հոգեզավակի: Մարդը գերազանց է կատարում իր առջեւ դրված խնդիրը՝ ամեն կերպ պաշտպանել ու փայփայել իր սիրասուն ազգակործան պատուհասին: Նիկոլը Ալիեւի խոսնակն է Էրմենիստանում, ԼՏՊ-ն էլ՝ Նիկոլի խոսնակը Իրեւանում… 🙂

  5. Ջորդանո Գալիլյան says:

    “Բայց այդ մոտեցումը հասարակությանը լավատեսությամբ չվարակեց, եւ խնդիրը ոչ այնքան Քոչարյանի փաստարկներն են, որքան նրա անձը եւ հավակնությունները:”

    «Հասարակությունը» որ մի քիչ խելք ունենար, նախ լեւոնանիկոլիզմով չէր վարակվի, փողոցային խուժանին իշխանության չէր բերի, Արցախի հանձնումով չէր հրճվի, հետո էլ իզուր ժամանակ չէր կորցնի ու անցյալ տարվա ընտրություններում միանգամից կընտրեր Քոչարյանին, այլ ոչ թե խաղաղության ջերմուկյան օրակարգը: Ապշել միայն կարելի է, թե ինչպիսի եռանդով են լեւոնական աբիժնիկները ու քաղաքացիական գրանտակերները ցեխ լցնում Քոչարյանի վրա: Բայց էլ ավելի ապշելի է լինելու այն պահը, երբ նույն այդ ուսապարկերը միաձայն քվեարկելու են, որպեսզի վարչապետ դառնա հենց նա եւ ուրիշ ոչ ոք, հենց այժմ եւ անհապաղ, քանի որ կիրթ ու կառուցողական բայրաքթարները ճախրում են արդեն իրենց տների վրա…

  6. Ruben says:

    Տարածքը վերածվեց կոլխոզի։
    Առաջին հիմնադիր-նախագահը հիմնեց կոլխոզը:
    Երկրորդ նախագահը սկսեց կողոպտել կոլխոզը:
    Երրորդն էլ շարունակեց և ավարտեց կողոպուտը:
    Իսկ ներկայիս № առաջին (premier) ծառան (minister), որը կոլխոզի նախագահների «BBC»-ն էր, այժմ գլխավորում է կոլխոզի կոոպտորգը։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930