Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թատրոնի գետնահարկի նորաբաց սրահից մինչեւ գլխավոր կոնցերտմայստերի հոբելյաններ

Սեպտեմբեր 29,2022 12:30

Վստահ կարելի է ասել, որ աշխարհում չի գտնվի գոնե մեկ մարդ, որը հաճույքով չի լսել Աստոր Պիացոլայի տանգոները։ Օրերս Երեւանի օպերային թատրոնում դարձյալ հնչեց Պիացոլա՝ մասնակցությամբ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի եւ մենակատարների, այս անգամ՝ հատվածներ կոմպոզիտորի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո- օպերայից։ Սա, իհարկե, համերգային կատարում էր, բայց ի տարբերություն մեզ մոտ հնչած տանգոների, երկրորդ անգամ է այս ստեղծագործությունը ներկայացվում։ Առաջին անգամ հիշյալ երկին դարձյալ անդրադարձել է օպերային թատրոնը, 2016թ., Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով։ Իհարկե, բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացվեց ստեղծագործությունը, բայց մի ուշագրավ հանգամանք. հանդիսատեսը հրավիրված էր թատրոնի գետնահարկ եւ ըստ էության նախորդ թատերաշրջանում «Առավոտի» հետ զրույցում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի հավաստիացումն էր, թե տարբեր նախագծեր իրականացնելու համար, այդ թվում՝ ժամանակակից ներկայացումներ բեմադրելու նպատակով, բացի հիմնական բեմից, կարելի է օգտագործել թատրոնի որոշ տարածքներ եւս։ Գետնահարկում կայացած երեկոյից հետո զրույցի հրավիրեցինք օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանին։

Նա հաստատեց քանիցս հնչեցրած մեր այն միտքը, թե միայն հաճույք է ստեղծագործել կամերային կազմերում, նշելով՝ «Առանց չափազանցության՝ իսկապես հաճելի է, երբ կամերային տարբեր կազմերով փորձերին եւ թե դրանից հետո չես շտապում հրաժեշտ տալ, մնում ես եւ սկսվում է տվյալ ստեղծագործության քննարկումը, որը, ինչու ոչ՝ հաճախ վերածվում է բանավեճի… Ամենակարեւորը՝ մեզ՝ օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս համար, հանդիսատեսին հանդիպում ենք երես առ երես, ինչը հասկանալի պատճառով չի լինում ներկայացումների ժամանակ։

Իսկ այս բեմելից հետո, որը կայացավ գետնահարկում, մի քանի տասնյակ տարիներ աշխատելով թատրոնում, դարձյալ հիացա թամանյանական այս նախագծով։ Եվ գիտե՞ք ինչու. առաջին փորձին, առաջին անգամ գտնվելով գետնահարկում, ես պարզապես հիացա՝ տեսնելով այդչափ բարձր առաստաղ, մոդեռն աքսեսուարներով ձեւավորված սրահ։

Օպերային թատրոնի նորաբաց սրահը

Իհարկե, հետո արդեն լուսային ժամանակակից էֆեկտներ, որոնք օգտագործվեցին տանգո-օպերայի մատուցման ժամանակ։ Կարճ ասած՝ հիասքանչ էր ամեն ինչ։ Ես այս որակումը բարձրաձայնում եմ ոչ միայն անձնական, այլեւ կամերային կազմով հանդիսատեսի գնահատականից ելնելով։ (Նկատի ունի տեւական ծափահարություններն ու օվացիաները Ս. Դ.)։ Ինձ մոտեցան նաեւ հանդիսատեսներից ոմանք, որոնք հիացական բառեր շռայլեցին նաեւ սրահի հասցեին։ Շատերն էլ կարծիք էին հայտնում, թե հենց այստեղ կարելի է, ի թիվս այլ նախագծերի, ներկայացնել մոնոօպերաներ, մեկ գործողությամբ բալետներ՝ ներգրավելով երիտասարդ արվեստագետների, երգիչների, բալետի արտիստների, ռեժիսորների եւ այլն»։

Հետաքրքրությանը՝ վերեւում նշեցիք, որ մի քանի տասնամյակ թատրոնում եք, հիշո՞ւմ եք ձեր մասնակցությամբ առաջին ներկայացումը, ջութակահարուհին պատասխանեց. «Իհարկե, դա 1987թ. նոյեմբերի 1-ն էր, Պալիաշվիլիի «Դաիսի» օպերան, դիրիժոր Մորիս Մկրտչյանի ղեկավարությամբ…»։ Ռեպլիկին՝ փաստորեն ընթացիկ տարին հոբելյանական է ձեզ համար՝ 35 տարի թատրոնում եք, իսկ որպես գլխավոր կոնցերտմայստե՞ր, մեր զրուցակիցը անակնկալի գալով պատասխանեց. «Աստված իմ, արդեն 35 տարի է, այո։ Եվ ստացվում է, որ իբրեւ կոնցերտմայստեր էլ հոբելյանական տարեթիվ է՝ 25 տարի»։ Կատակեցինք՝ միայն չասեք, թե երազել եք օպերային թատրոնում աշխատել։

Գայանե Աբրահամյանը այսպես արձագանքեց. «Իհարկե, չեմ երազել, բայց բախտավոր մարդ եմ։ Այս մասնագիտությունը, որին նվիրվել եմ ավելի քան երեք տասնամյակ, ինձ համար ընտրել է քույրս՝ երգչուհի Անժելա Աբրահամյանը։ Հիմա վստահորեն կարող եմ ասել, որ բարձրակարգ նվագախմբի արտիստ դառնալը Աստծո շնորհ է, այնպես՝ ինչպես մանկավարժի մասնագիտությունը»։ Երգչուհին տեղեկացրեց, որ կոնսերվատորիան՝ անվանի պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի դասարանն ավարտելուց հետո, որի վերջին ուսանողն է եղել, ընդամենը մեկուկես ամիս որպես դասատու աշխատել է Աշտարակի երաժշտական դպրոցում եւ տեղեկանալով օպերային թատրոնի հայտարարած մրցույթի մասին, մասնակցել է եւ համալրել նվագախումբը։ Իր խոսքով՝ «Այնքա՜ն կապվեցի նվագախմբի եւ թատրոնի հետ ընդհանրապես։

Տարիների ընթացքում շփվել եմ մեր շատ անվանի դիրիժորների հետ՝ Արամ Քաթանյանից մինչեւ Հակոբ Ոսկանյան, Յուրի Դավթյան, Օհան Դուրյան… մինչեւ մեր օրեր՝ Կարեն Դուրգարյան, նաեւ հյուրախաղորդ դիրիժորների հետ։ Ես սա ասում եմ իբրեւ նվագախմբի արտիստ եւ կոնցերտմայստեր, գումարենք նաեւ մեծանուն երգիչներին ու բալետի արտիստներին, կարճ ասած՝ երախտավորների անունները… Ասածիս հավելեմ նաեւ շրջագայությունները աշխարհով մեկ՝ Ռուսաստանից մինչեւ ԱՄՆ եւ այլն։ Չէ, ես իսկապես բախտավոր մարդ եմ»։

Զրույցի ընթացքում ջութակահարուհին հիշեցրեց թատրոնի խաղացանկային ներկայացումներից բացի, «Համերգ ճեմասրահում» նախագծի եւ հատուկ հանդիսությունների սրահում կամերային համերգների մասին, հատուկ շեշտելով, որ վերջիններս մեծ պահանջարկ են վայելում դասական երաժշտարվեստը գնահատողների շրջանում։

Հավանաբար դեռ թարմ էր Պիացոլայի տանգո-օպերայի տպավորությունը, որովհետեւ ջութակահարուհին ժամանակ առ ժամանակ անդրադառնում էր դրան, հիշեցնելով, որ 300 տանգո ստեղծած կոմպոզիտորը այն հեղինակներից է, որ այդ ժանրի գործերում երաժշտության դինամիկ եւ ռիթմիկ կտրուկ փոփոխությանն ավելացրել է ջազային ու դասական երաժշտության էլեմենտներ։ Մենք էլ ցանկություն հայտնեցինք, թե հանդիսատեսը միանշանակ կողջունի, եթե թատրոնը վերականգնի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո-օպերան՝ Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով։ Գայանե Աբրահամյանը համամիտ էր մեզ հետ, ավելացրեց նաեւ. «Տանգոյի ռիթմերը, կրակոտ երաժշտությունը մոտ է մեզ ու շատ հոգեհարազատ»։ Առանց փակագծեր բացելու էլ տեղեկացրեց, որ օպերային թատրոնի գետնահարկում առաջիկայում հանդիսատեսին սպասում են բազում անակնկալներ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930