Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու քարի արանքում

Սեպտեմբեր 29,2022 12:00

Արցախի համար անորոշ ապագա, իսկ Հայաստանի տարածքում Ռուսաստանի ներկայության լրացուցիչ ամրապնդում

«Քարնեգի» հիմնադրամի Կովկասյան հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը օրեր առաջ հոդված էր հրապարակել՝ «Նոր փոթորկաբեր ամպեր են կուտակվում Հայաստանի եւ Ադրբեջանի գլխին» վերտառությամբ, որտեղ անդրադառնում է սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի տարածքում ադրբեջանական ներխուժմանը՝ նկատելով, որ մարտերը սկսվեցին Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ բարձր մակարդակով բանակցությունների չորրորդ փուլից ընդամենը երկու շաբաթ անց:

Հեղինակի բնորոշմամբ՝ 2020թ. պատերազմում հաղթանակ տանելուց հետո Ալիեւն օգտագործեց այն, ինչ բարձրաստիճան ադրբեջանցի մի պաշտոնյա Թոմաս դե Վաալին նկարագրել է որպես՝ «հարկադրական դիվանագիտության» ռազմավարություն Հայաստանի դեմ. բանակցությունների եւ ուժի միջոցով. «Առաջին, Հայաստանին պարտադրել ստորագրել «խաղաղության պայմանագիր», որով նա կհրաժարվի մեծամասամբ հայաբնակ Ղարաբաղ շրջանից: Երկրորդ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, որը հարմար է Ադրբեջանին: Երրորդ, նվազագույն ստուգումներով եւ հսկողությամբ նոր ճանապարհային երկաթուղի եւ կապ Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւանի էքսկլավ, որը կոչվում է «Զանգեզուրի միջանցք»:

Անդրադառնալով Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններին, հեղինակը նկատում է, որ կողմերը՝ «ամռան սկզբին համաձայնության են եկել տրանսպորտային երթուղիների վերաբերյալ գործարքի էության շուրջ, նախքան ռուսները կբարձրաձայնեին որոշ բարդությունների մասին, որոնք դադարեցրին ամեն ինչ»: Ըստ հոդվածագրի՝ ամառվա ընթացքում նրանք ինտենսիվ աշխատել են տեքստերի վրա, որոնք սահմանում են միջպետական պայմանագիրը (Ադրբեջանի պահանջը)՝ Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության դրույթներով (Հայաստանի պահանջը):

Նա նկատում է, որ առաջնորդները կարծում են, որ կարող են հրապարակավ հրաժարվել այն ամենից, ինչի մասին պայմանավորվել են փակ հանդիպումներում, օգտագործել ժամանակը կամ ուժ գործադրել, ապա հավելում է. «Ռուսաստանը դեռեւս հզոր շահեր ունեցող միջնորդ է, նույնիսկ եթե նրան չեն վստահում որպես ազնիվ միջնորդի։ Կան տեղեկություններ, որ Մոսկվան նաեւ հանդես է եկել խաղաղության պայմանագրի այնպիսի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մի բանաձեւ, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը: Միաժամանակ, Միացյալ Նահանգները, չնայած վճռականորեն աջակցում էր ԵՄ-ին, որոշակի հույսեր արթնացրեց Հայաստանում՝ Կովկասում նոր բանագնաց նշանակելով Ֆիլիպ Ռիքերին, ով նշվում է որպես համանախագահ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ նախկին միջնորդական մեխանիզմը, որը ձեռնտու է Երեւանին: ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի կայծակնային համերաշխության այցը Հայաստան ավելի հակասական մտքերի տեղիք է տալիս»:

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցում, Թոմաս դե Վաալը կարեւորել էր Շառլ Միշելի գործընթացը, որը, ըստ նրա. «Ներկայում միակ կենսունակն է, շատ ավելի ուժեղ աջակցության կարիք ունի Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների եւ Միացյալ Նահանգների կողմից: Եթե այն դադարեցվի կամ ձախողվի, ապա երկու տխուր այլընտրանքներն այն են, որ միջնորդությունը կրկին կանցնի Մոսկվային, կամ, ավելի վատ՝ երկու կողմերը կպատրաստվեն հաջորդ պատերազմին»:

Թոմաս դե Վաալը ղարաբաղյան առաջին պատերազմից ակտիվ հետեւում է տարածաշրջանի գործընթացներին, եւ ըստ ամենայնի, նրան որոշակի վստահելի աղբյուրներ տրամադրել են տեղեկատվության որոշակի չափաբաժին:

Սակայն, եթե անգամ նման արտահոսք կազմակերպված չլիներ՝ միայն ՌԴ իշխանությունների վերջին շրջանի ջղաձիգ հայտարարություններից կարելի էր եզրակացնել, որ Մոսկվային դուր չեն գալիս Բրյուսելի հովանու ներքո եռակողմ բանակցությունները, ինչը, բնականաբար, ենթադրում էր, որ գոյություն ունի խաղաղության հասնելու փաստաթղթի եվրոպական տարբերակ, որը Մոսկվան չի ընդունում եւ առաջ է տանելու Պուտինի ստորագրությամբ ընդունված փաստաթղթերով նախատեսված գրավոր եւ բանավոր համաձայնությունները:
Արդեն իսկ տելեգրամյան տիրույթում սկսել են ավելի ինտենսիվ քննարկվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման վերաբերյալ՝ Մոսկվայի եւ Բրյուսելի տարբերակները: Դրանց համաձայն՝ Մոսկվայի տարբերակը ենթադրում է, որ ներառելու է հետեւյալ հիմնական կետերը՝ տրանսպորտային միջանցքի բացում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն, սակայն մի կարեւոր հանգամանք հաշվի առնելով՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապի հսկողությունն իրականացնելու է բացառապես Ռուսաստանի Դաշնությունը, ոչ թե՝ ՀՀ սահմանապահները:

Բնականաբար, նախատեսվում է Երեւանի եւ Բաքվի միջեւ սահմանների սահմանազատում եւ սահմանագծում, եւ սահմանների ճանաչում Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբում տեղակայված որոշակի քարտեզների հիման վրա: Իսկ ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին, ապա այո՛, ըստ շրջանառվող տեղեկությունների, այն թողնվում է ապագային, այսպես ասած՝ հույսով, որ այն կորոշվի «տեւական խաղաղության» հաստատումից հետո:

Այսինքն` Մոսկվան առաջարկում է համաձայնագիր՝ Արցախի համար անորոշ պայմաններով, իսկ Հայաստանի տարածքում Ռուսաստանի ներկայության լրացուցիչ ամրապնդում: Այլ կերպ ասած, մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության անորոշության պայմաններում՝ նոր ազդեցության լծակների ձեռքբերում՝ ընդդեմ նախեւառաջ Հայաստանի, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի, Ալիեւի հետ սակարկությունների եւ առեւտրի մեջ մտնելու տեսանկյունից:

Ինչ վերաբերում է եվրոպական տարբերակին, ապա համացանցում տեղեկատվական տարբեր արտահոսքերը հիմք ընդունելով, կարելի է եզրակացնել, որ խաղաղության պայմանագրի այդ տարբերակը ենթադրում է հետեւյալ հիմնական կետերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր հաղորդակցության ուղիների բացում, որոնք վերահսկվելու են բացառապես այն հանրապետությունների կողմից, որոնց տարածքով են դրանք անցնելու։ Այսինքն՝ երրորդ երկրի ներկայության բացառում: Այս տարբերակով էլ, բնականաբար՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման իրականացում է տեղի ունենալու, թեեւ պարզ չէ, թե որոնք են լինելու հիմքերը, ինչպես նաեւ՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում եւ տարածքային պահանջների բացառում:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա այս կետով առայժմ տեղեկություններ չկան, կամ էլ եվրոպական տարբերակում Արցախին անդրադարձ չկա, ինչն էլ նշանակում է, որ Հայաստանն այլեւս որեւէ ազդեցություն չի ունենալու Արցախի ճակատագրի որոշման հարցում: Այս տարբերակն էլ, իր հերթին կնշանակի, որ թեեւ հիմա Արցախի ճակատագիրը ժամանակավորապես Մոսկվայի ձեռքում է, սակայն մնալու է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան դաշտում՝ որպես մշտական սակարկությունների առարկա։

Ո՞ր տարբերակն է ավելի հոգեհարազատ Հայաստանի իշխանությունների համար, եւ առհասարակ, երկու տարբերակների գոյությունը Հայաստանի համար մանեւրելու հնարավորություններն ավելացնելով՝ չի՞ բարդացնում, արդյոք, Հայաստանի վիճակը…
Հաշվի առնելով ամերիկյան կողմի հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնն աջակցում է Բրյուսելի տարբերակը: Եթե հայկական կողմի սեղանին կան Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման տարբերակներ՝ վաղ թե ուշ դրանցից որեւէ մեկը ընտրելու հարցում ՀՀ իշխանությանը կտրվի հստակ ժամանակ: Այդ ժամանակը սպառվելուց հետո՝ մանեւրելու տարբերակ այլեւս չի լինելու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930