Բարձրագույն դատական խորհրդի ժամանակացույցը դատավորների վերաբերյալ գործերով մշտապես գործում է: Դռնբաց ընթացակարգով «դատարան» են կանչվում դատավորները, լսվում են միջնորդություններ՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Իր հարցազրույցներից մեկում վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ կանչված դատավոր Վազգեն Ռշտունին վկայակոչելով միջազգային փաստաթղթերը, նշել էր, որ դատավորն այս «դատարանում» պետք է հայտնվի բացառիկ դեպքերում, մինչդեռ, վերջին ժամանակներում այն սովորական երեւույթ է դարձել: Այս տարվա հունվարի 12-ից մինչ օգոստոսի 18-ը, մեր հաշվարկով՝ ԲԴԽ-ն քառասուն գործ է լսել, որոշում է կայացրել:
Ասում են՝ դատավորների ձեռքի տակ երկու ժամանակացույց կա, մեկն իրենց նշանակած դատական նիստերինը, մեկը՝ ԲԴԽ-ինը, եթե գիտեն, որ արդեն իսկ մոտենում է իրենց «պատասխան» տալու օրը: Եղան դատավորներ էլ, ովքեր չենթարկվեցին կարգապահական պատասխանատվության: Կարճվեց, օրինակ, Արման Հովհաննիսյանի գործը, Վազգեն Ռշտունին, Զարուհի Նախշքարյանը, Վարդուհի Հովնանյանն «արդարացվեցին»… Վազգեն Ռշտունու գործով երկու հատուկ կարծիք կար՝ Դավիթ Խաչատուրյանինն ու Վիգեն Քոչարյանինը: Հիշեցնեմ, որ Վազգեն Ռշտունու կարգապահականը կապված էր դատավորի կողմից երկարատեւ արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն, իսկ նախարարությունն էլ սեփական նախաձեռնությամբ էր կարգապահական վարույթ հարուցել: Նկատելի է, որ երբեմն փոխվում է ժամանակացույցը, քանի որ որոշման հրապարակման փուլում «դատարանը» որոշում է այլ օր նշանակել, դատավորին պահելով լարված դրության մեջ, սա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում, դատավորը՝ դատարանը պետք է հասցնի ծանոթանալ իր վարույթում գտնվող գործերի բովանդակությանը: Հիշեցնենք՝ տարեսկզբին, երբ ԲԴԽ-ն մերժել էր նախարարության միջնորդությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, իսկ մեկ ուրիշով՝ բավարարել: ԲԴԽ-ն քննում էր Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստեփան Սաֆարյանի գործի հետ կապված Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը: Եթե Նախշքարյանին եւս մեկ նկատողություն արվեր, նա կզրկվեր դատավորի լիազորություններից: Սակայն ԲԴԽ-ն Ստեփան Սաֆարյանի գործով էլ հունվարի տասին որոշեց մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ.Հովնանյանի գործով էլ նախարարը հայտնել էր, որ «դատավորը որեւէ փաստի հաստատված հանգամանքը ստուգելիս, այդ թվում վրիպակները, գրասխալները, թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդության քննության շրջանակներում, պարտավոր էր իրականացնել գործում առկա ապացույցների պատշաճ հետազոտություն»: Նախարարի այս միջնորդությունը նույնպես մերժվել էր (2022թ. օգոստոսի 18):
2022 թվականի սեպտեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացել էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Ըստ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ «Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 301-րդ հոդվածի 1-ին մասով, 199-րդ հոդվածի 4-րդ մասով, 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ»: Նախարարը նշել էր երկու քաղաքացիական գործերի մասին, որով իբրեւ 12.07.2021 թ.-ին եւ 22.10.2021 թ.-ին դատավորը կայացրել է «պարզեցված վարույթը դադարեցնելու եւ գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին չհիմնավորված եւ չպատճառաբանված որոշումներ», նշված որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում չի ուղարկել կողմերին, չի ապահովվել կողմերի պատշաճ ծանուցումը, հետեւանքը եղել է՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումը: ԲԴԽ-ն հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, նշանակել հրապարակման օրը: Սեպտեմբերի 26-ին ԲԴԽ-ն հրապարակեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը եւ որոշեց՝ արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 22-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը: Խորհուրդը որոշել էր՝ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարել: Դատավորին հայտարարվել է նախազգուշացում: Ըստ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դատավարական ժամկետների խախտում, եւ դատավորի վարքագծի կանոնների՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց զերծ մնալու եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում եւ նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու եւ լուծելու պահանջների խախտում, այն է՝ Լիազոր մարմնի միջնորդությամբ հիշատակվող թվով 35 քաղաքացիական գործերով դատավորը չի պահպանել հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու կապակցությամբ ընդունված համապատասխան որոշումները հայցվորին ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները, ինչի հետեւանքով խախտվել է հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը»:
Սեպտեմբերի 22-ին մեկ այլ գործ էլ մեկնարկեց՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Ըստ արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ իքս-քրեական գործով դատավորի կողմից թույլ էին տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի, 102-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 303-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 310-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումներ: Դատավորի ներկայացուցչի կողմից միջնորդություն է ներկայացվել գործի վարույթը կարճելու վերաբերյալ. խորհուրդը հեռացել է որոշում կայացնելու:
Դատավորների վերաբերյալ գործերով՝ կարգապահական վարույթների ժամանակացույցը երեկվա դրությամբ ավարտվում է հոկտեմբերին:
Հոկտեմբերի 10-ին, մասնավորապես, նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ նիստը: Հոկտեմբերի 17-ին էլ՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած միջնորդությունն է ներկայացվելու: ԲԴԽ-ում առկա գործերով միայն վերջին գործով է, որ ներկայացրել է ոչ թե ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը, այլ՝ Հանձնաժողովի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Մի դիտարկում եւս. երբ լրագրողը փորձի դատավորից կոնկրետ գործով մեկնաբանություն ստանալ, դատավորը հղում կանի տարատեսակ օրենքներին, ասելով, որ իր «մեկնաբանությունը» դատական ակտն է, մինչդեռ ԲԴԽ նիստերին նշվում է նրանց քննած կոնկրետ գործերի մասին: Էլ չենք խոսում, երբ կարգապահականի առիթ կարող է դառնալ նաեւ դատավորի՝ լրատվամիջոցին տրված մեկնաբանությունը:
«Առավոտ» օրաթերթ
28.09.2022